Տաքսու վարորդները չե՞ն ծանուցվում. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ տաքսի-ծառայությունները դեռեւս 2014 թվականից անցնել են պարտադիր լիցենզավորման գործընթաց: Այս կարգի համաձայն՝ տաքսու վարորդները պետք է վճարեն ամսական 12 հազար դրամ լիցենզավորման վճար:
Ի դեպ, մարզային քաղաքներում այդ վճարը կազմում է 8000 դրամ, իսկ գյուղերում՝ 5000 դրամ: Սակայն տաքսի-ծառայությամբ զբաղվող որոշ վարորդներ «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրին, որ իրենք ամսական վճարը չվճարելու դեպքում օրական տուգանվում են 8 դրամով (մեզ դիմած վարորդները մարզային քաղաքներում գրանցված են, իսկ Երեւանում գրանցված վարորդների տուգանքը կազմում է օրական 18 դրամ), սակայն այդ մասին ծանուցում չեն ստանում:

«Ամսական վճարը չմուծելուց երկու ամիս անց եմ պարզել, որ օրական 8 դրամով տուգանվել եմ, բայց այդ մասին ինձ չի ծանուցվել»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց վարորդ Կարեն Բարսեղյանը:

Այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանի հետ: Նա փոխանցեց, որ լիցենզիան ստանալու ժամանակ նախարարության համապատասխան հարցերով աշխատակիցները վարորդներին մանրամասն բացատրում են, որ պետական տուրքը (խոսքը լիցենզավորման ամսական վճարի մասին է) մուծելու ամսվան հաջորդող ամիսներին լիցենզիայի տրման օրերին պետք է վարորդները կատարեն ամսական վճարումները, քանի որ ուշացման դեպքում կտուգանվեն:

«Եթե վարորդը պետական տուրքը չի մուծում, ապա լիցենզիան օրենքի ուժով կասեցված է համարվում: Օրինակ՝ եթե դեկտեմբերի 1-ին մուծել է ամսական վճարը, ապա պետք է հաջորդ ամսվա 1-ին կամ մինչեւ 1-ը կրկին վճարի պետական տուրքը: Մենք իրենց նույնիսկ իրավական ակտերի ցանկն էլ ենք տրամադրում, ամեն բան բացատրում ենք: Չմուծելու դեպքում յուրաքանչյուր ուշացած օրվա համար «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքով 0.15 տույժ է հաշվարկվում»,- տեղեկացրեց Ստեփանյանը:

Զրույցի ընթացքում Ստեփանյանը պնդեց, որ իրենց կողմից համապատասխան ծանուցումներն արվում են: Ապա խնդրեց փոխանցել դժգոհող քաղաքացիներին իրենց հուզող հարցերով մոտենալ նախարարություն: «Մենք նույնիսկ հեռախոսով ենք մեր վարորդներին զգուշացնում պետական տուրքը վճարելու մասին: Ավելին՝ հիմա հեշտացել է ամեն բան, քանի որ քաղաքացիները պետական տուրքը կարող են մուծել վճարային ցանկացած համակարգով՝ առանց որեւէ խնդրի»,- լրացրեց լիցենզավորման գործակալության պետի տեղակալը: Մինչ պաշտոնյան հայտարարում է, որ իրենք ծանուցում են վարորդներին տուգանքների եւ ամսական վճարը մուծելու մասին, վարորդները հակառակն են պնդում:

Նա նաեւ նշեց, որ տաքսի-ծառայությունների այն վարորդը, ով որոշել է դադարեցնել տաքսի վարել, ապա ինքը կարող է ստացած լիցենզիան հետ վերադարձնել նախարարություն եւ դիմում գրել այն ուժը կորցրած ճանաչելու վերաբեյալ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս