ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն այս անգամ տեղի կունենա շաբաթ օրը՝ ավանդական հինգշաբթի օրվա փոխարեն: Թեև մշտապես նշվում է, որ ԳՄ-ի օրակարգը ձևավորվում է տեղում, սակայն պարզ է, որ այդ օրը կկատարվեն բոլոր անհրաժեշտ հստակեցումները՝ կապված ընտրություններին վերաբերող հարցերի հետ:
Հավելենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ ընտրություններին վերաբերվող բոլոր հարցերը պարզ կդառնան շաբաթ օրը` Գործադիր մարմնի նիստի ժամանակ:
Նշենք, որ փետրվարի 6-ից ԿԸՀ-ում սկսվել է կուսկացությունների կամ կուսակցությունների դաշինքների՝ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը, սակայն մինչ այժմ որևէ կուսակցություն դա չի արել: Այսօր գրել էինք, որ մինչ այդ ՀՀԿ-ում լուրջ հրմշտոց է սկսվել՝ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում հայտնվելու համար: Իրավիճակի թեժացմանն ավելի նպաստում է այն հանգամանքը, որ մի կողմից հաջորդ խորհրդարանը բաղկացած է լինելու ավելի քիչ թվով պատգամավորներից (առնվազն 101 պատգամավոր է լինելու), եւ բացի այդ՝ ՀՀԿ-ում շատ շատերը չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը՝ ցուցակի ո՞ր համարում են լինելու կամ, ընդհանրապես, լինելու են, թե ոչ:
Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին, որ ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանի որոշումից, իսկ նա էլ աշխատում է նախապես ոչ մեկին ոչինչ չասել: «Ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ նախնական տեղեկություններով՝ ցուցակի առաջին եռյակում լինելու են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը: