Արդեն հայտնել ենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանը`«Հաց բերող» Արթուրը ձերբակալվածի կարգավիճակով գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում:
Վերջինիս հարազատները պնդում են, որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը պարզաբանում էր խնդրել ՀՔԾ-ից, ինչին ի պատախան ՀՔԾ-ի լրատվական բաժնից հայտնեցին. «ՊՊԾ գնդի զինված զավթման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին ձերբակալելու մասին որոշում է կայացրել գործով քննիչը` հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգքի 131-րդ հոդվածը, ըստ որի` եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները, ապա քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի որոշում ընդունել տվյալ անձին ձերբակալելու մասին, իսկ Ա. Սարգսյանը բազմիցս խախտել է այդ պայմանները:
Միաժամանակ քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»: