Բաքուն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ողողել է Հայաստանից ու Ղարաբաղից փախստական ադրբեջանցիների հայցերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի, Իսրայելի եւ Ուկրաինայի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսի դատարանը արտահանձնեց Ադրբեջանին: Բանն այն է, որ բլոգերի նկատմամբ Ադրբեջանում քրեական գործ էր հարուցվել ու միջազգային հեռախուզում հայտարարվել այն բանից հետո, երբ նա այցելել էր Լեռնային Ղարաբաղ, իսկ հետո իր բլոգում քննադատել Իլհամ Ալիեւին. հիմա նա մեղադրվում է ԼՂ այցելելով Ադրբեջանի սահմանն իբր ապօրինի հատելու եւ տարածքային ամբողջականությանը սպառնալու համար:

Ո՛չ Բատկային

ՀՀ իշխանությունների երեկվա պահվածքը հասկանալի է. Լապշինի նկատմամբ ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանում հարուցված քրեական գործի շրջանակներում նրան Բաքվին արտահանձնելու որոշումը կայացրել է Բելառուսը՝ մի երկիր, որի հետ Հայաստանը գտնվում է նույն ռազմաքաղաքական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում, եւ տնտեսական ընդհանուր միության մեջ՝ ԵՏՄ-ում:

Իսկ դա նշանակում է՝ Բելառուսը նման դեպքերում իր որոշումներում պետք է հաշվի նստեր նախ եւ առաջ ՀՀ-ի ու ՌԴ-ի շահերի հետ, համենայն դեպս, այդպես են կարծում Հայաստանում ու Բելառուսի որոշումը համարում դավաճանություն ե՛ւ իրենց, ե՛ւ ՀԱՊԿ-ին, ե՛ւ ԵՏՄ-ին:

Եւ հետո, մի վտանգ էլ կա. սա կարող է դառնալ վատ նախադեպ. Ադրբեջանը կարող է իբր իր սահմանն ապօրինի հատելու համար քրեական գործ հարուցել ԼՂՀ այցելած ցանկացած մեկի դեմ՝ լինի նա ՀՀ, թե այլ երկրի քաղաքացի, հետախուզում հայտարարի ու պահանջի արտահանձնել: Թե ինչի կարող է հանգեցնել դա, դժվար չէ հասկանալ:

Անկարող ենք

Մյուս կողմից, սակայն, նկատենք՝ Հայաստանն է աղմուկ բարձրացնում այն դեպքում, երբ Լապշինը ոչ թե ՀՀ քաղաքացի է, այլ միաժամանակ ՌԴ-ի ու Իսրայելի, իսկ սա նշանակում է, որ այս հարցով ամենամեծ աղմուկն առաջին հերթին հենց այդ երկրները պետք է բարձրացնեին: Առավել եւս, երբ ՀՀ իշխանություններն իրենց քաղաքացիների իրավունքներին չեն կարող տեր կանգնել. ասվածի վառ ապացույցը ՌԴ-ում վթարի պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքն է, երբ երեք տարի է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը չի կարողանում կազմակերպել նրան ՀՀ արտահանձնելու գործընթացը:

Եւ ամենակարեւորը. եթե ՀՀ իշխանությունները որոշել են պայքարել Լապշինի իրավունքների պաշտպանության համար, ապա պետք է անեին շատ ավելի վաղ, քանի դեռ նա Բելառուսում էր, այլ ոչ թե աղմուկ բարձրացնեին բլոգերին արտահանձնելուց հետո: Սա պետք է լիներ դիվանագիտական կորպուսի ամենաառաջնային խնդիրներից մեկը. ՀՀ ԱԳՆ-ն, Բելառուսում, ՌԴ-ում ՀՀ դեսպանություններն այս օրերին պետք է գործի դնեին բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդները՝ կանխելու համար արտահանձնումը, իսկ այդ դեպքից հետո էլ գոնե պետք է փորձեն հասնել Լապշինի իրավունքների վերականգնմանը: Բայց քանի որ իշխանությունները չեն կարողացել կանխել արտահանձնումը, կատարվածը կարելի է որակել ՀՀ իշխանությունների դիվանագիտության հերթական «փառահեղ ձախողումը»: Չնայած՝ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը երեկ հայտարարել է, թե ինքը ոչինչ չէր կարող անել՝ բացի Երեւանի պաշտոնական արձագանքը փոխանցելուց:

 

Ադրբեջանը «մարդասերի» դիմակով

Նկատենք, որ Ադրբեջանը վերջին շրջանում փորձ է անում փոխել ԼՂ խնդրում իր պայքարի մեթոդները՝ փորձելով այն տեղափոխել մարդու իրավունքների հարթություն: Այսպես՝ թերեւս, հեշտ է միջազգային հանրության զգացումների վրա ազդելն ու նրանց մոտ խղճահարություն առաջացնելը` հիմնավորելով ռազմական գործողությունների անհրաժեշտություն: Ինչպե՞ս, բացատրենք:

Բաքուն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ողողել է Հայաստանից ու Ղարաբաղից փախստական ադրբեջանցիների հայցերով՝ մարդասիրական պահանջներով. նրանք ցանկանում են վերադառնալ ու բնակվել ՀՀ կամ ԼՂՀ տարածքում գտնվող իրենց նախկին տներում: Մոտավոր հաշվարկներով՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ տարեկան 300-500 նման հայց է ներկայացնում ՄԻԵԴ. ամենահայտնին Չիգարովն ընդդեմ Հայաստանի հայցն էր, որը ՄԻԵԴ-ը բավարարել էր 2015 թ հունիսին՝ նույն օրը միաժամանակ բավարարելով նաեւ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի նույնաբովանդակ հայցը /Հայաստանն էլ իր հերթին է նման հայցեր ներկայացնում Ադրբեջանի դեմ/:

Ընդգծենք, որ ՄԻԵԴ որոշումները ենթակա են պարտադիր կատարման. չնայած այս դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպես է այն իրագործվելու: Միաժամանակ, հենց մարդասիրական դաշտ են փորձում տեղափոխել նաեւ զինված միջադեպերը, երբ իրենց դիվերսիոն գործողությունների հետեւանքով հայկական զինուժը հակահարվածներ է հասցնում, պաշտոնական Բաքուն սկսում է խոսել նաեւ սահմանամերձ շրջանների խաղաղ բնակիչներին գնդակոծելու, նրանց տներն ավերելու մասին: Պատահական չէ, որ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը եւս փորձել էին նույն մարդասիրական ձեւակերպումների ներքո ներկայացնել:

Անջատում` հանուն փրկության

Մի ուշագրավ փաստ էլ. Ադրբեջանը վերջերս սկսել է «մեծ սիրով ու մեծարանքով» ընդունել Հայաստանից իր երկիր փախած Հայաստանի քաղաքացիներին՝ այդպես ցույց տալով հայերի նկատմամբ իր «մարդասիրությունը»: Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում Բաքու մեկնեցին Վահան Մարտիրոսյանը, Վահե Ավետյանը, Սյուզան Ջաղինյանը, նրանց միացած ծեր տատիկը եւ այլն: Նրանց ընդունելով՝ Ադրբեջանը փորձում է մարդասերի դիմակ հագնել` ապացուցելով, թե ինքը խնդիր չունի հայերի հետ, Հայաստանն է ագրեսոր:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Ոչինչ կամ առնվազն տեսանելի ոչինչ: Այստեղ թերեւս տեղին է հիշեցնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1996թ. ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում հնչեցրած խոսքերը` Հայաստանը ԼՂ խնդրում կշահի, եթե միջազգային ասպարեզում այն ներկայացնի «անջատում հանուն փրկության» դոկտրինի շրջանակներում:

Տեր-Պետրոսյանը ապրիլյան պատերազմից հետո էլ պնդեց այդ թեզը. «Էությունը հետեւյալն է. երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից»։ Ադրբեջանը ԼՂ բնակչության նկատմամբ հենց այդպես էլ վարվում է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս