ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին Եռաբլուր այցելած ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, հայտարարել է. «Կոչ կանեի բոլորին, դա վերաբերում է նաեւ ցանկացած երեկվա պետական պաշտոնյայի, հանգիստ, համեստ գնան ընտրության, որեւէ ինտրիգներ չստեղծեն: Նրանք, ովքեր ներքաղաքական լարվածություն կստեղծեն, ես անձամբ` որպես ԼՂՀ, որպես ՀՀ քաղաքացի, պատրաստ եմ նրանց դեմ պայքարելու»:

Նկատենք, որ նախ՝ Վիտալի Բալասանյանը ԼՂՀ քաղաքացի է: Ավելին՝ նա ոչ թե ԼՂՀ շարքային քաղաքացի է, այլ կարեւոր պետական կառույցի՝ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հետեւաբար, լինելով ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյա՝ նա, թերեւս, նման հայտարարություններ անելուց առաջ պետք է գիտակցեր, որ իր կողմից Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու մասին հայտարարությունն առնվազն քաղաքականապես կոռեկտ չէ: Էլ չասած այն մասին, որ ժամանակին՝ 2012 թվականին, ինքն էր Արցախի ներքաղաքական կյանքում լարվածություն մտցնում՝ ԼՂՀ նախագահական ընտրություններում հանդես գալով որպես ընդդիմադիր թեկնածու:
Ի դեպ, Վիտալի Բալասանյանի կողմից Սերժ Սարգսյանի իշխանության երաշխավորի ու պահապանի դերակատարության ստանձնումը նորություն չէ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը, Բալասանյանը միջնորդի դեր ստանձնեց` զինված խմբին փոխանցելով Սերժ Սարգսյանի խոսքերն ու որոշումները: Այսօր հստակ է, որ Բալասանյանի խնդիրն այդժամ մեկն էր. ամեն ինչ անել, որպեսզի խմբավորման անդամները վայր դնեն զենքերը եւ հանձնվեն: Նրա ծառայությունները կարճ ժամանակ անց գնահատվեցին, եւ Բալասանյանը նշանակվեց ԼՂՀ ԱԽՔ պաշտոնում, իսկ ահա «Սասնա ծռեր» խմբի անդամներին տրված խոստումները՝ մեղմ պատժի եւ արժանապատիվ բանտարկության մասին, կարծես թե, մոռացության մատնվեցին:
Ինչպե՞ս են Արցախում վերաբերում Բալասանյանի հայտարարությանը. այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցի հետ:
-Պարո՛ն Հյուսնունց, հունվարի 28-ին Եռաբլուրում ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը հայտարարեց, թե ովքեր Հայաստանում ներքաղաքական լարվածություն կստեղծեն, ինքն անձամբ՝ որպես ԼՂՀ, որպես ՀՀ քաղաքացի, պատրաստ է նրանց դեմ պայքարելու: Չե՞ք կարծում, որ այս հայտարարությամբ Բալասանյանը Հայաստանի ներքաղաքական խնդիրներին է միջամտում:
-Ուրեմն, ես Վիտալի Բալասանյանին ընդունում եմ որպես Արցախի հերոս, բայց քաղաքական դաշտում այդպիսի հայտարարություններն անընդունելի են: Մենք իրավունք չունենք Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու, եւ նմանատիպ հայտարարությունները, կարծում եմ, քաղաքական գործչին հարիր չեն: Երեւի, չգիտեմ, ուրիշ բան է նկատի ունեցել: Մենք իրավունք չունենք որեւէ կերպ խառնվել Հայաստանի քաղաքական իրողություններին: Մենք կարող ենք ընդամենը մեր խորհուրդներով, մեր ելույթներով, համախմբման կոչերով, չգիտեմ, ավելի դրական միտումներով առաջնորդել կամ առաջնորդվել:
-Քանի որ Բալասանյանն այժմ զբաղեցնում ԼՂՀ ԱԽՔ-ի պաշտոնը, կարելի՞ է այս հայտարարությունից եզրակացնել, որ դա Արցախի պաշտոնական դիրքորոշումն է:
-Ո՛չ, դա չի կարող ԼՂՀ-ի պաշտոնական դիրքորոշումը լինել: ԼՂՀ անունից արտաքին քաղաքականության վերաբերյալ միայն իրավունք ունի հայտարարություն անելու ԼՂՀ ընտրված նախագահը: Ես գտնում եմ, որ դա վրիպում է եղել, մեր ընկերոջ վրիպումը, ես այդպես եմ գտնում, բայց իր սուբյեկտիվ կարծիքը մնում է իրեն: Ես գտնում եմ, որ իրավունք չունենք խառնվելու ՀՀ քաղաքական որեւէ գործընթացի, դրանում որեւէ դերակատարություն ստանձնել:
-Երբ «Սասնա ծռեր» խումբը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը, Բալասանյանը, օգտագործելով իր բարի համբավը, միջնորդի դեր ստանձնեց՝ փորձելով թոթափել լարվածությունը: Տղաները հանձնվեցին, բայց, ըստ երեւույթին, Բալասանյանը մոռացավ նրանց տված մեղմ պատժի ու արժանապատիվ բանտարկության խոստումները…
-Անկեղծ ասած, ես, ճանաչելով Վիտալի Բալասանյանին որպես Արցախի հերոս, եւ ինքն ինձ համար Արցախի հերոս է, «Սասնա ծռեր»-ի պարագայում մենք ժամերով խոսել ենք, անընդհատ կապի մեջ ենք եղել, իր նպատակը եղել է կայունացնողի, ստաբիլիզացնողի դերը: Եւ կարծում եմ ՝ այն միսիան, որ այսօր «Սասնա ծռեր»-ի տղաները ողջ են, ինքն իր լուման ունի: Բայց այս վերջին հարցը ընդհանրապես աղերս չունի «Սասնա ծռերի» գործունեության հետ: Կարծում եմ՝ լուրջ դերակատարություն է այն ժամանակ կատարել, բայց դա չի նշանակում, որ իրավունք պետք է վերապահվի, որպեսզի ԼՂՀ-ի անունից Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու հայտ ներկայացնի, որեւէ մեկը իրավունք չունի:
-Փաստորեն այդ հայտարարությամբ Բալասանյանն իրեն հռչակում է Սերժ Սարգսյանի իշխանության երաշխավոր ու պահապան, մինչդեռ 2012 թվականին ինքն էր Արցախի ներքաղաքական կյանքում լարվածություն մտցնում՝ ԼՂՀ նախագահական ընտրություններում հանդես գալով որպես ընդդիմադիր թեկնածու…
-Հիմա նախկինում ինչ եղել է, այսօր գեներալ Բալասանյանը հանդիսանում է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը եւ ունի գործունեության շրջանակները, որոնք իրականացնում է: Ես կարծում եմ, որ ՀՀ ներքաղաքական իրավիճակը կարող է մեզ մտահոգել, բայց մենք իրավունք չունենք Հայաստանի ներքաղաքական կյանքին մեր մասնակցությունն ունենալ:

 

 

 
«ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ, ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ՍՊԱՍՈՒՄ ԷԻ»

Չնայած ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին հայտարարեց հունվարի 25-ին, բայց միայն երեկ է նախկին վարչապետը վերջապես կուսակցությունից դուրս գալու դիմումը ներկայացրել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում երեկ հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք Աբրահամյանի հեռանալը սպասելի էր:
-Ի՞նչ է նշանակում՝ սպասելի էր:
-Այսինքն՝ անակնկա՞լ չէր, որ երկար ժամանակ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող, մի քանի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբի ղեկավար նշանակված եւ, առհասարակ, ՀՀԿ-ին մեծ աջակցություն ցուցաբերած մարդը մի օր հանկարծակի որոշում է հեռանալ կուսակցությունից:
-Անակնկալ լինում է ձյունը:
-Այսինքն՝ անկնկալ չէ՞ր, սպասո՞ւմ էիք Աբրահամյանի նման որոշմանը:
-Երկու տարի առաջ չէի սպասում, երկու օր առաջ սպասում էի:
-Շատերն են միաբերան պնդում, որ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից հեռանալու որոշման հիմնական պատճառը եղել է իշխանություններից նեղացվածությունը:
-Դա հարցրեք պարոն Աբրահամյանին:
-Մտահոգվա՞ծ չեք, որ կուսակցության համար նման կարեւոր անձը որոշեց «ճակատագրական» ընտրությունների նախաշեմին մենակ թողնել կուսակցությանը, բայց եւ մնալ քաղաքականության մեջ:
-Մտահոգությունն ի՞նչ է: Ի՞նչ է դա նշանակում:
-Համենայն դեպս, Հովիկ Աբրահամյանը ամեն ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության համար ապահովել է հազարավոր քվեներ: Եւ այն, որ ընտրությունները մշտապես արդյունավետ են եղել իշխող կուսակցության համար, դա նաեւ Աբրահամյանի շնորհիվ է:
-Ես նման բան չգիտեմ:
-Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կգտնի՞ ուրիշ մեկին, ով կկարողանա փոխարինել Հովիկ Աբրահամյանին: Ընտրություններին էլ գրեթե երկու ամիս է մնացել:
-Անփոխարինելի մարդիկ չկան:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՀՀԿ-ՈՎ՝ ՀՅԴ ԾԻՐԻՆ ՄԵՋ
ԱԺ անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կառաջադրվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակով: Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: «Հանրապետականով ես ռեյտինգայինով առաջադրվելու եմ»: Ուշագրավն այն է, որ Ա. Գրիգորյանը լինելով անկուսակցական՝ մշտապես համարվել է պրոդաշնակցական պատգամավոր: Խորհրդարանական նախորդ ընտրություններում ՀՅԴ-ն սատարում էր Ա. Գրիգորյանին, եւ բացի այդ՝ նրա եղբայրը` Արամայիս Գրիգորյանը, ժամանակին հենց ՀՅԴ քվոտայով զբաղեցրեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Թեեւ նախատեսված էր, որ այս ընտրություններում եւս Գրիգորյանը կառաջադրվի ՀՅԴ ռեյտինգային ցուցակով, բայց օրեր առաջ Բաղրամյան 26-ում փոխել են որոշումը՝ Ա. Գրիգորյանին ընդգրկելով ՀՀԿ ցուցակ: Սա էլ, թերեւս, այն պատճառով, որ ՀՀԿ-ի գործերն Արարատի մարզում, մեղմ ասած, վատ են, ու հիմա նրանք փորձում են «ձայն բերող» թեկնածուներին ՀՀԿ-ում պահել` մեկ քվե անգամ չզիջելով կոալիցիոն գործընկերներ դաշնակներին: Դե, իսկ թեկնածուների քաղաքական սկզբունքների մասին անգամ անիմաստ է խոսել. նրանց համար կարեւորը մանդատն է՝ անգամ արժանապատվության գնով:

 

 

ՀՈՎԻԿԸ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանը նախորդ հինգշաբթի՝ հունվարի 26-ին, այցելել է ՀՀ կառավարություն: Հետաքրքիր է, թե ի՞նչ էր կառավարությունում կորցրել եւ փնտրում Հովսեփյանը: Իհարկե, «Ժողովուրդ»-ը փորձեց հենց Հովսեփյանից ճշտել այդ մասին, սակայն վերջինս կա՛մ չէր պատասխանում մեր զանգերին, կա՛մ էլ՝ «բաժանորդը անհասանելի էր»: Թերեւս կարելի ենթադրել, որ ՊԵԿ նախկին նախագահը նախընտրական այս շրջանում փորձում է իր ձեւով եւ իր միջոցներով օգտակար լինել ՀՀԿ-ին: Ավելին՝ մամուլում անգամ լուրեր շրջանառվեցին, որ ՀՀԿ շտաբում ակտիվ դերակատարում է ունենալու նաեւ Հ. Հովսեփյանը. նրա վրա դրված են վերահսկողական որոշակի ֆունկցիաներ:

 

 

ԲՀԿ-ԻՑ՝ ՀՀԿ
Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց հետո ենթադրվում էր, որ նրա շուրջ կհամախմբվեն նաեւ ԲՀԿ-ից հեռացածները, որոնք հավաստիացնում էին, թե այդ կուսակցություն են մտել Ծառուկյանի համար: Բայց պատկերն այլ է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Ռուստամ Գասպարյանը ոչ միայն չի պատրաստվում միանալ Գ. Ծառուկյանին, այլեւ որոշել է առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով: Ասել է, թե նախկին ընդդիմադիր դիրքերից խոսող պատգամավորը այսօր որոշել է ծառայել իշխանություններին, որոնց դեմ կոշտ պայքար էր պատրաստվում մղել: Մեր այս տեղեկությունը չկարողացանք պարզել Ռ. Գասպարյանից. նա օրեր շարունակ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը: Երբ փորձեցինք Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանից պարզել լուրի իսկությունը, նա ասաց, թե ՀՀԿ ցուցակը դեռ չեն կազմել:




Լրահոս