Եվրամիության ծրագրերից մեկով հայաստանյան ոչ առեւտրային մի կազմակերպության հատկացված դրամաշնորհը նպատակային չօգտագործելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով հասարակական կազմակերպություններից մեկի նախագահը դատապարտվել է ազատազրկման:
Պաշտոնական
2016 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից հասարակական կազմակերպության նախագահի կողմից առանձնապես խոշոր չափերի` 134.620 եվրոյին համարժեք դրամի հափշտակության դեպք: Ըստ այդմ, պարզվել էր, որ հասարակական կազմակերպությունը 2008 թվականին մասնակցել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի համար հայտարարված մրցույթին, որի արդյունքում 2008 թվականի դեկտեմբերին ստորագրվել է դրամաշնորհի պայմանագիր` նախատեսված մի քանի տարվա համար: Տեղեկացնենք, որ ԵՄ-ն պայմանագրով նախատեսված գումարները փոխանցել էր, սակայն կազմակերպության նախագահը յուրացրել էր այն, որը կազմել էր 134.620 եվրոյին համարժեք 67 միլիոն 335 հազար 130 դրամ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Հավելենք, որ ՀԿ-ի նախագահը դեռեւս նախաքննության ընթացքում վերականգնել էր հափշտակված գումարը:
Ինչպես են յուրացրել
Նկատենք, որ ՀՀ քննչական կոմիտեն չէր գաղտնազերծել, թե ով է հասարակական կազմակերպության նախագահը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական ոչ առեւտրային կազմակերպության նախագահ Սվետլանա Ասլանյանն է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործը ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սվետլանա Ասլանյանը, տեղեկանալով Եվրոպական Միության պատվիրակության կողմից «Երիտասարդ կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնում» վերնագրով դրամաշնորհային մեկ այլ ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթի մասին, որոշել է մասնակցել նաեւ դրան: Կազմել եւ ներկայացրել է ծրագիր նաեւ այդ պահանջներին համապատասխան, ինչից հետո իր ղեկավարությամբ գործող ՀԿ-ի եւ ԵՄ-ի միջեւ կնքվել է պայմանագիր ու ԵՄ-ն փոխանցել է 277.900 եվրո արժողությամբ դրամաշնորհ:
Գումարը ստանալուց հետո ՀԿ-ի նախագահը պետք է ԵՄ-ին ներկայացներ դրամական շարժը, թե ինչպես է ծախսել տրամադրված գումարը՝ հաշվետվության տեսքով: Ու որպեսզի չարած գործերը մատուցի որպես իրականություն, Սվետլանա Ասլանյանը կազմել է իրականում չանցկացված դասընթացների մասնակիցների կեղծ ցուցակներ: Ավելին՝ գրել է, թե, օրինակ, ծրագրի ընթացքում հրավիրված հյուրերին սուրճ են հյուրասիրել եւ դրա համար ծախսել մոտ 1 միլիոն դրամ: Բայց ո՛չ հյուր է ունեցել, ո՛չ էլ սուրճ է հյուրասիրել:
Ազատազրկումից մինչեւ հետախուզում
Եվ ահա այս փաստերը համադրելով՝ գործը նախագահող դատավոր Ա. Բեկթաշյանը 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացրել է հափշտակության մասով վճիռը, ըստ որի՝ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական ոչ առեւտրային կազմակերպության նախագահ Սվետլանա Ասլանյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Ի դեպ, այս դեպքով ԵՄ-ից հափշտակությունների գործը չի սահմանափակվում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ քննչական կոմիտեում նմանօրինակ հափշտակության մասով եւս մեկ քրեական գործ է քննվում: 8 անձի մեղադրանք է առաջադրվել, եւս երկու անձի՝ «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Գյոնջյանի եւ Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հավելենք, որ վերոնշյալ անձինք էլ խաբելով՝ ԵՄ-ից հափշտակել են մոտ 65 միլիոն դրամ (մոտ 120 հազար եվրո): Այս գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է:
Ահա թե ինչպես են փոշիացվում եվրոպական դրամաշնորհները, երբ դրանք հայտնվում են անբարեխիղճների ձեռքին: Իսկ իրական շատ կազմակերպություններ, որոնք լուրջ աշխատանքներ են կատարում, անհեթեթ պատճառաբանություններով մերժվում են ԵՄ-ի կողմից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ՌԴ-ԻՆ
Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի մասով սայլը դեռեւս տեղից չի շարժվում: Ինչպես հայտնի է՝ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում «Կամազ» մակնիշի բեռնատարը եւ ուղեւորատար ավտոբուսը բախվել էին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ: Դեպքը անհասկանալի ագրեսիա առաջացրեց մեր ռազմավարական գործընկեր երկրում, որի արդյունքում հայ վարորդին դատարան բերեցին ծաղկավոր խալաթով՝՝ պատճառաբանելով, թե այլ հարմար հագուստ չի եղել: Եւ, ահա, 2014 թվականին Ռուսաստանի Դաշնության դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտեց 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Հենց դատավճռի հրապարակումից հետո բարձրաձայնվեց վարորդ Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը, սակայն շուրջ 3,5 տարի է, ինչ չեն կարողանում նրան Հայաստան տեղափոխել:
«Ժողովուրդ» օրաթերթը հերթական անգամ դիմեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ հասկանալու համար, թե ինչ փուլում Է Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դատապարտյալների փոխանցումն իրականացվում է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. Եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով: Նշված կոնվենցիան նախատեսում է ինչպես դատապարտող (Ռուսաստանի Դաշնության), այնպես էլ պատիժը կատարող պետության հնարավորությունը՝ իրականացնելու դատապարտյալի փոխանցումը վերջինիս քաղաքացիության երկրում դատապարտող պետության դատարանի սահմանած պատժի մնացած մասը կրելու նպատակով: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ կոնվենցիան կողմերից եւ ոչ մեկի համար դատապարտյալի փոխանցման պարտավորություն չի նախատեսում»:
Դե, իհարկե, որեւէ պարտավորություն երկու երկրների միջեւ ստորագրած փաստաթղթում նախատեսված չէ, բայց իրականում եթե ՀՀ արդարադատության նախարարությունը ՌԴ իր գործընկերների հետ բանակցելու կարողություն դրսեւորեր, իրականում հեշտությամբ հնարավոր էր լուծել այս պարզագույն խնդիրը: Ի վերջո, տեղի ունեցածը քաղաքական կամ քրեական հողի վրա կատարված հանցանք չէ, այլ փորձանք, որ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Բայց ինչպես երեւում է՝ այս պարզ ճշմարտությունը արդարադատության նախարարությունը չի կարողանում բացատրել իր ռուս գործընկերներին: Իսկ պաշտոնական «չոր» գրագրությունները չեն օգնում:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է ՌԴ տարածքում դատապարտված Հրաչյա Հարությունյանին ՀՀ-ում պատժի մնացած մասը կրելու նպատակով փոխանցելու մասին նրա կնոջ դիմումը, որով դեռեւս 2014թ դեկտեմբերի 24-ին դիմել էր Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանը՝ խնդրելով քննարկել եւ ՀՀ արդարադատությանը ներկայացնել դատապարտյալի փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Սակայն մինչ օրս այդ փաստաթղթերը չեն ուղարկվել: Հավելենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ՌԴ արդարադատության նախարարություն վերջին հիշեցումը ուղարկել է 2017 հունվարի 17-ին: Այդ դիմումից անցել է 14 օր, սակայն էլի պատասխան չկա:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՅՈՒՐԱՑՐԵԼ Է
ՀՀ Շիրակի մարզի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու փաստով 25.11.2016թ. հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հունահռոմեական ըմբշամարտի մարզչի պաշտոնին ձեւականորեն ձեւակերպել է իրեն եւ 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փաստացի չիրականացնելով մարզչի գործառույթներ՝ նույն ժամանակահատվածի համար իր անվամբ ելքագրել ու ստացել է աշխատավարձ՝ ընդհանուր 1.631.566 ՀՀ դրամի չափով, որը յուրացրել է: Բացի այդ, 2013-2016 թվականների ընթացքում կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված ազատ ոճի ըմբշամարտի եւ ֆուտբոլի խմբակի մարզիչների թափուր պաշտոններին ձեւականորեն նշանակել են տարբեր անձանց, ստացել վերջիններիս անվամբ ելքագրված աշխատավարձերը՝ համապատասխանաբար 1.692.610 եւ 2.248.680 ՀՀ դրամի չափով յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 3.941.290 ՀՀ դրամ գումարը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումով վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա 30.01.2017 թվականին Է. Բ.-ն ձերբակալվել է:
ՄԱՍՆԱԿԻ ԱԶԱՏ ԵՆՔ
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2017թ.» զեկույցը, որում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ներկայացված են որպես «մասնակի ազատ» երկրներ: Հայաստանը 46 միավորով համարվում է «մասնակի ազատ» երկիր: Միեւնույն ժամանակ մամուլը համարվում է «ոչ ազատ», իսկ համացանցը՝ «ազատ»: Ազատության ինդեքսում առանձնացվել են նաեւ քաղաքական ու քաղաքացիական ազատությունները վիճելի տարածքներում: Լեռնային Ղարաբաղը այս աղյուսակում 33 միավորով համարվել է «մասնակի ազատ»: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը (64 միավոր), Թուրքիան (53 միավոր) համարվել են «մասնակի ազատ», իսկ Իրանը (6 միավոր) եւ Ադրբեջանը (16 միավոր)՝ «ոչ ազատ» երկրներ: «Ոչ ազատ» երկրների շարքը համալրում են նաեւ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Ամենաազատ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան, որին հաջորդում են Նորվեգիան, Շվեդիան, Կանադան եւ Նիդերլանդները: