ԹՐԱՄՓԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՐԳԱՎՈՐԻ ԿԻՍԱՔԱՅԼԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի նոր նախագահ: Դոնալդ Թրամփը իր նախագահության առաջին իսկ օրերին հասցրել է կատարել գրեթե իր բոլոր աղմկահարույց խոստումները` ստորագրելով նախագահական հրամաններ, որոնք նախատեսում են ժամանակավորապես արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ, սկիզբ դնել Մեքսիկայի հետ մեծ պատի կառուցման գործին, դուրս բերել ԱՄՆ-ն Տրանսխաղաղօվկիանոսյան պայմանագրից, սկսել Օբամայի ապահովագրական համակարգի վերանայման գործընթացը եւ այլն: Եվ ահա հերթը կարծես մոտենում է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը:

Հարկ է նախ նկատել, որ ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրություններին, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցների, Ռուսաստանը անմիջական մասնակցություն է ունեցել: Մասնավորապես, ռուս հաքերները կոտրել էին Դեմոկրատական կուսակցության տվյալների գաղտնի բազան եւ կազմակերպել տեղեկատվական արտահոսքեր, որոնք ծանր ազդեցություն ունեցան Հիլարի Քլինթոնի նկատմամբ ամերիկացիների վերաբերմունքի վրա: Հատկանշական է, որ դեմոկրատները, ինչպես նաեւ նախկին վարչակազմը Քլինթոնի պարտության մեղքը համառորեն բարդում էին ռուսների եւ մասնավորապես Պուտինի վրա: Ի դեպ, նույնիսկ նախագահական լիազորությունները ստանալուց առաջ էր Դոնալդ Թրամփը հարկադրված եղել խոստովանել, որ ռուսները հաքերային հարձակումներով միջամտել են ընտրությունների ընթացքին: Սակայն չպետք է մոռանալ, որ Քլինթոնի նախագահական մարաթոնի ձախողման համար առաջին հերթին մեղավոր է անձամբ թեկնածուն եւ ապա ԱՄՆ ՀԴԲ (FBI) ղեկավար Ջեյմս Քոմեյը, որն ընտրություններից ընդամենը օրեր առաջ հայտարարեց, որ վերաբացում է Քլինթոնի նամակների հետ կապված քրեական գործը: Այդ հայտարարությունը չափազանց մեծ նշանակություն ունեցավ Քլինթոնի պարտության համար, եւ զարմանալի չէ, որ Թրամփը որոշեց Քոմեյին թողնել իր պաշտոնում: Հետեւաբար պնդելի է, որ ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը չափազանցված էր դեմոկրատների վարչակամզի կողմից եւ նպատակ ուներ սոսկ սրել հարաբերությունները` Թրամփի ջերմացման քաղաքականությունը դժվարացնելու միտումով: Կարելի է ասել, որ Օբամային եւ ամերիկյան քաղաքական ընտրախավին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, ինչ-որ չափով հաջողվել է ազդել գործընթացի վրա: Ի հեճուկս դրա` խոսուն է ԱՄՆ Սենատի կողմից պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլլերսոնի թեկնածության հաստատման փաստը, որը, ինչպես հայտնի է, Պուտինի հետ մտերիմ հարաբերություններ ունի: Ավելին` Թիլլերսոնը ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գաղափարակիրներից է, եւ Թրամփի կողմից նրա նշանակումը հետապնդել է առաջնահերթորեն այդ նպատակը: Կարելի է կարծել, որ Թրամփը առժամանակ պայմանավորվել է ՌԴ-ի հետ առճակատման կողմնակից վերնախավի հետ հարաբերությունների կարգավորման հարցում չշտապել:
ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ արտահայտվել են նաեւ ռուսական կառավարող շրջանակները` դա մեկ օրվա գործ չհամարելով: Այսպես՝ ՌԴ նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը նախագահական հանդիպում կազմակերպելու համար ամիսներ է պահանջել: Ակնհայտորեն նման վերապահում արել են ամերիկացիները, քանզի Թրամփի ընտրությունից հետո ՌԴ վերնախավը չէր բացառել առաջին իսկ առիթի դեպքում հանդիպելու հնարավորությունը:
Անցած չորեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնիսկ հայտարարեց, որ Մոսկվան պատրանքներ չունի հարաբերությունների արագ կարգավորման հարցում` շեշտելով, որ իրենք պատրաստ են ամեն ինչ անել դրա համար: ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ հսկայական աշխատանք պետք է տարվի՝ վերականգնելու համար այն վնասը, որ Բարաք Օբաման տվել է ԱՄՆ-ՌԴ հարաբերություններին: Նա նկատեց, որ ՌԴ իշխանությունը զերծ է միամիտ ակնկալիքներից:
Թրամփը երբեւէ չի էլ թաքցրել իր ընկալումը, ըստ որի` ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացումը առաջին հերթին իր երկրի շահերից է բխում: ԱՄՆ նախագահը քանիցս հայտարարել է, որ Պուտինը խելացի մարդ է, ում հետ հնարավոր է պայմանավորվել: Նախորդ վարչակազմի խնդիրը, սակայն, ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավումը չէր, այլ Ռուսաստանի դիրքերի աստիճանական թուլացումը: Եթե ամերիկյան վերնախավին հաջողվի նույն հարցը դարձնել նաեւ Թրամփի արտաքին քաղաքականության օրակարգի մաս, ապա հարաբերությունների նորմալացում խոշոր հաշվով տեղի չի ունենա: Առայժմ այնպիսի տպավորություն է, որ Թրամփը կենտրոնացել է ԱՄՆ-ի ներքին խնդիրների եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա: Առաջին հերթին նկատելի է Մեքսիկայի հետ հակասությունների նոր թափով բորբոքումը` պայմանավորված սահմանի երկայնքով պատի կառուցման հրամանագրի ստորագրմամբ: Եվ ահա նման իրավիճակում հավանական է, որ Թրամփը կփորձի կիսաքայլերով հասնել իր գերնպատակին` նորմալ հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ ընդդեմ Չինաստանի: Ի դեպ, ԱՄՆ-ն 1970-ականներին նման մի փորձ կատարեց, երբ Նիքսոնի վարչակազմը սկսեց գործակցել կոմունիստական Չինաստանի հետ` ընդդեմ ԽՍՀՄ-ի: Այժմ Թրամփը, որի վարչակազմը կարծես գաղափարակից է Նիքսոնի ռեալիստների ադմինիստրացիային, նմանատիպ սխեմայով փորձում է աշխարհակարգ ձեւավորել այս անգամ արդեն ընդդեմ Չինաստանի: 1970-ականներին ռեալիստների համար առաջնահերթ խնդիրը ԽՍՀՄ-ն էր, այսօր` Չինաստանը: Սակայն պետք չէ նաեւ թերագնահատել ժողովրդավարական իդեալիստական գաղափարախոսության ազդեցությունն ԱՄՆ կառավարող շրջանակներում, որի թիվ մեկ թշնամին Պուտինն է:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 
ԿՑՈՐԴԻՆ՝ 41.8 ՄԼՆ ԴՐԱՄ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վաղը ՀՀ կառավարության նիստին կներկայացնի մի նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ-ի առեւտրական կցորդի հաստիք` կցորդի տեղակայումն ապահովելով մայրաքաղաք Պեկինում: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով Չինաստանում Հայաստանի առեւտրական կցորդի պահպանման ծախսերը կազմելու են 41.8 մլն դրամ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ 2015 թվականի մարտի 24-28-ը Չինաստան կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել ընդլայնել եւ ամրապնդել հայ-չինական փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցությունը եւ բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների եւ կապիտալի ներմուծման համար:

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ առաջիկայում կիրացվեն պետական պահուստում հաշվեգրված մարգարիտները: Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը կիրացնի պետական պահուստում հաշվեգրված 102 հազար 793 գրամ աճեցված (կուլտիվացված) մարգարիտը: Բանն այն է, որ պետական պահուստներում գտնվող աճեցված (կուլտիվացված) մարգարիտի պահպանումը ոչ արդյունավետ է եւ նպատակահարմար չէ, քանի որ այն տարիների ընթացքում կորցնում է իր արդիականությունը եւ ենթարկվում է քայքայման` կորցնելով ապրանքային տեսքն ու արժեքը: Ի դեպ, մարգարիտները իրացնելու վերաբերյալ թույլտվություն ստանալու մասին նախագիծը ֆինանսների նախարարությունը կներկայացնի ՀՀ կառավարություն: Ըստ ՖՆ-ի՝ այս որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների ավելացում: Նշենք, որ մարգարիտների իրացումը տեղի է ունենալու հրապարակային աճուրդների միջոցով:

Ս. Հ.

 

 
ԱՆՎԱԴՈՂԵՐԸ ԾԱԿԾԿԵԼ Է
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի 72-ամյա բնակիչը, ով նախկինում 9 անգամ դատվել է, հունվարի լույս 26-ի գիշերը դանակով բազմաթիվ տեղերում ծակծկել է Կողբի 3 բնակիչների ավտոմեքենաների անվադողերը: Նշենք, որ ավտոմեքենաները կայանած են եղել դրանց տերերի բակերում: Տարեց կողբեցու կատարած չարագործությունը բացահայտվել է, քանզի Կողբի բնակիչներից մեկի տան բակում տեղադրված տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է տղամարդը բազում տեղերում խոցում «Ց» դասի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 4 անվադողերը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տարեց տղամարդը սկզբում կատեգորիկ ձեւով ժխտել է, որ ինքն է ծակծկել ավտոմեքենաների անվադողերը, երբ նրան ցույց են տվել տեսախցիկի նկարահանածը, ասել է, թե մոնտաժ են արել, տեսանյութում ինքը չէ: Սակայն անհերքելի ապացույցների ճնշման տակ նա ընդունել է իր մեղքը: Որպես իր կատարած հանցանքի շարժառիթ տուժած տարբեր անձանց դեպքում տարբեր պատճառներ է նշել՝ ի վերջո ասելով, որ ինքը «խելքը ետ է տվել»: Դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում քննություն է կատարվում, նշանակված են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստանալուց հետո կհարուցվի քրեական գործ: Բազմակի դատվածություն ունեցող կողբեցու նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԱՆՎՏԱՆԳ ՉԷ
Տարոն Մարգարյանի խոստացած ավելի բարեկարգ Երեւանն այդպես էլ իրականություն չի դառնում: Առաջին ձյան գալուց ի վեր բազմիցս բարձրաձայնում ենք մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տիրող անմխիթար վիճակի մասին՝ մասնավորապես քաղաքապետի աթոռը զբաղեցնող Տարոն Մարգարյանի ուշադրությունը հրավիրելով այն ակնհայտ իրականության վրա, որը նա եւ նրա ենթակաները, չգիտես ինչպես, չեն կարողանում կամ չեն ցանկանում նկատել: Երեւանի փողոցներով քայլելն այս օրերին, բառի ամենաուղիղ իմաստով, անվտանգ չէ. տանիքներից կախված «հաստաբուն» սառույց, սահադաշտ հիշեցնող մայթեր, ձնակույտերով լի բակեր:
Եվ նույնաբովանդակ խորհրդակցություններ հրավիրելուց եւ անպտուղ հանձնարարականներ տալուց, նախընտրական աշխատանքներ տանելուց եւ դիրքերն ընտրություններից առաջ ամրապնդելուց բացի՝ ավելի արդյունավետ կլիներ, եթե Տարոն Մարգարյանը խոսքից գործի անցներ եւ իր գործով զբաղվեր: Գուցե այդկերպ կարողանար խուսափել Երեւանի փողոցներով անցնող իրենց կյանքի համար դողացող քաղաքացիների «հայհոյանքներից»:




Լրահոս