«Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից, «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker.am» ֆիլմերից հայտնի դերասանուհի Անի Պետրոսյանի հետ:
-Անի՛, կա՞ն նոր ներկայացումներ, նոր գեղարվեստական ֆիլմեր, որոնցում ընդգրկված եք: Ձեզ նոր դերերում կտեսնե՞նք:
-Այո՛, հիմա Մայր թատրոնում բեմադրվում է «Հարսնացուն հյուսիսից»-ը (սցենարի հեղինակ` Ժորա Հարությունյան), ռեժիսորը Արմեն Էլբակյանն է: Բոլորին հայտնի պատմությունը հարմարեցվել է թատրոնի ձեւաչափին: Ինձ բաժին է ընկել ռուս աղջկա դեր: Ներկայացման պրեմիերան, հավանաբար, կկայանա մայիսին: Բացի այդ` մեր թատրոնում վերականգնվել են ընթացիկ ներկայացումները` «Ռիչարդ Երրորդը», «Եղեգնուհին» եւ այլն: Ինչ վերաբերում է ֆիլմերին, ամռանը նկարահանվել եմ Արշալույս Հարությունյանի «Մեղրամիս» կինոնկարում, որի պրեմիերան կկայանա գարնանը: Այն ամուսնական զույգի մասին է, որը նախքան մեղրամսի մեկնելը ցանկանում է անպայման մասնակցել ընտրական գործընթացին` քվեարկությանը: Եվ երբ հերոսները մտնում են ընտրատարածք, բախվում են շատ հետաքրքիր պատմությունների: Ես մարմնավորել եմ ընտրական հանձնաժողովի նախագահի:
-Մայր թատրոնում բեմադրվող ներկայացումներից դուրս այլ ֆորմատում հանդես գալու ցանկություն կա՞:
-Կցանկանայի խաղալ ներկայացումներում, որտեղ շարժում կա, եւ որոնք ֆիզիկական պատրաստվածություն են պահանջում: Բայց ունենք այն, ինչ ունենք: Եվ ես դրա համար էլ գոհ եմ Աստծուց: Համենայն դեպս, եթե, օրինակ, «Փսիխոզ 4:48»-ի (Ս. Քեյն) պես մոդեռն ներկայացում բեմադրվեր, մեծ հաճույքով իմ մասնակցությունը կունենայի: Բայց այդպիսի գործեր մեր դաշտում չեն ներկայացվում, շատ քիչ են: Իսկ, առհասարակ, ինձ բազմիցս հրավիրել են` խաղալու անտերպրիզային ներկայացումներում, սակայն այն, ինչ առաջարկվել է, ինձ դուր չի եկել: Եթե դերասանը տվյալ աշխատանքից ո՛չ հոգեւոր սնունդ պետք է ստանա, ո՛չ էլ նորմալ գումար, իմաստ չեմ տեսնում ընդունել առաջարկը:
-Անի՛, Դուք ակտիվորեն մասնակցում եք «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությանը: Մշակույթի գործիչներից շատերը պնդում են, որ կինոստուդիան չպետք է մասնավորեցնել (շուրջ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել էր, որ «Հայֆիլմ»-ը մասնավորեցման ծրագրում է-հեղ.): Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Ինձ համար ամենակարեւորն այն է, որ «Հայֆիլմ»-ը գործի, բայց եթե այն մասնավորեցվի եւ այնտեղ անորակ պրոդուկտ ստեղծվի, դրան դեմ եմ: Ամեն դեպքում, առաջնայինը շենքի վերականգնումն է: Ես սովորել եմ Հ. Բեկնազարյանի անվան թատերական ստուդիայում, եւ «Հայֆիլմ»-ի հետ կապված ամեն բան ինձ շատ հոգեհարազատ է: Ղազախները իրենց «Ղազախֆիլմ»-ը վերականգնեցին, ամոթ է, որ մենք մերին տեր չկանգնենք: Չէ՞ որ «Հայֆիլմ»-ը բրենդ է: Եվ եթե այն վերագործարկվի, ստիպված չենք լինի տներում, չորս պատի մեջ նկարահանումներ իրականացնել, փոխարենը կունենանք համապատասխան տաղավարներ եւ որակյալ աշխատանքի արդյունք:
-Որպես երիտասարդ սերնդի դերասանուհի` այսօր Ձեր ասպարեզում ամենաշատը ինչի՞ պակաս եք տեսնում:
-Մենք չունենք դերասանների գիլդիա, որի ներսում կսահմանվեին կիրթ, փորձառու դերասանների գործունեության սկզբունքները: Օրինակ` ներքին պայմանավորվածություն կլիներ առ այն, որ այսինչ նկարահանմանը մասնակցելու համար այսքան գումարից պակաս առաջարկելու դեպքում չենք ընդունելու հրավերը: Այդ միավորումը, ֆինանսական հարցերից զատ, կարող էր սահմանել դերասանների շահերը պաշտպանող մի շարք այլ սկզբունքներ եւս: Եվ այդ դեպքում գործատուն կսկսեր հարգել դերասանի մասնագիտությունը: Օրինակ` Ռուսաստանում կա նման միավորում, եւ գործատուները ոչ թե վազում են էժան աշխատուժի ետեւից, այլ ընտրություն են կատարում փորձառուների շրջանակից եւ հաշվի են նստում նրանց պահանջների հետ:
-Գուցե հնարավոր չի լինում միավորվել նման նախաձեռնությունների շուրջ, որովհետեւ դերասանները նախեւառաջ իրար հետ լեզու չեն գտնում:
-Կարող է, չգիտեմ: Ուժեղ մեկն է պետք, որը կկարողանա այդ ամենը կազմակերպել: Դա պետք է ավագ սերնդի ներկայացուցիչներն արած լինեին, մեզ էլ իրենց հետեւից տանեին: Բայց քանի որ չեն արել, հուսով եմ` մեզ կհաջողվի դա իրականացնել:
ՄԵՆԱՀԱՄԵՐԳ` 10 ՏԱՐԻ ԱՆՑ
Հայ ազգային, ժողովրդական երգերի կատարող Ռուբեն Սասունցին (Ռուբեն Հակոբյան) պատրաստվում է մայիսին Երեւանում հանդես գալ մենահամերգով. նրա` այդ ֆորմատով վերջին համերգը հայրենիքում կայացել է ավելի քան տասը տարի առաջ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը` երգիչը:
Համերգը տեղի կունենա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում. «Ավելի վաղ անընդհատ հանդես եմ եկել գործընկերներիս հետ, ելույթներ եմ ունեցել արտերկրում, մասնավորապես` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում եւ այլն: Այս տարի որոշեցի միայնակ ներկայանալ: Իհարկե, համերգի ընթացքում կհնչեն նաեւ զուգերգեր ավագ ընկերներիս հետ: Բացի այդ` սպասվում է մեկ այլ անակնկալ. նույն օրը կթողարկվի իմ` թվով չորրորդ ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված կլինեն ազգային, հայրենասիրական, ֆիդայական երգեր: Փորձել ենք այնպես անել, որ հին երգերը նոր շունչ առնեն` ժամանակակից գործիքավորման շնորհիվ»,-մանրամասնեց Ռուբենը:
Ռուբեն Մաթեւոսյանի աշակերտը նաեւ նշեց, որ ալբոմի երգերից մեկի հիման վրա պատրաստվում է նկարահանել տեսահոլովակ, որտեղ հանդես կգա նաեւ «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը. «Փորձում ենք անել ամեն բան, որպեսզի հետաքրքրենք երիտասարդ սերնդին: Թեեւ վերջինս այսպես թե այնպես ցուցաբերում է այդ հետաքրքրությունը, ինչը շատ ուրախալի է: Մեր կենդանի համերգների ընթացքում ակնհայտ է դառնում, թե երիտասարդները, որոնք սովորաբար կազմում են հանդիսատեսի 80 տոկոսը, որքան լավ են տիրապետում ազգային երգ ու պարին»,-ասաց Ռուբենը:
Մենք հետաքրքրվեցինք` արդյո՞ք այսօր ստեղծվում են ազգագրական երգեր, ունենք արդյո՞ք նոր հեղինակներ. «Այո՛, միանշանակ, իմ երգացանկում էլ կան երգեր, որոնք ստեղծվել են այսօրվա հեղինակների կողմից: Օրինակ` երիտասարդ երգահան կա` Հակոբ Ալիխանյանը, որը ստեղծագործում է այս ժանրում: Հիմա, քանի որ մեզ մոտ արդեն մի քանի տարի է` կա ժողովրդական, ազգային երգի պահանջարկը, ի հայտ են գալիս նաեւ ստեղծագործողներ տվյալ ժանրում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆՔ
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին` առաջին կիսաեզրափակչի ընթացքում: Նույն կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը եւ Լեհաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 11-ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքից: Մասնակիցների ելույթների հստակ համարները հայտնի կդառնան մարտին, երբ բոլոր երկրները կներկայացնեն իրենց երգերը: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ¬2017»¬ին կմասնակցի 43 պետություն: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9¬ին, 11¬ին եւ 13¬ին Կիեւում: Այն կրում է «Տոնենք բազմազանությունը» խորագիրը, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա:
ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱՀ Է
Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կդառնա այս տարվա Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը: Այդ մասին հայտնել են միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները: «Ինձ համար դա մեծ պատիվ է, ես շնորհակալ եմ եւ փոքր-ինչ շփոթված»,-Ալմոդովարի խոսքը մեջբերել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Նշենք, որ Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա Ֆրանսիայի Լազուրե ափին` Կանն առողջարանային քաղաքում, մայիսի 17-ից մինչեւ 28¬ը: Ժյուրիի ամբողջական կազմը եւ գլխավոր մրցութային ծրագրի ֆիլմերը հայտարարվելու են ապրիլի կեսին:
Հիշեցնենք, որ Ալմոդովարը երկու «Օսկար» մրցանակի դափնեկիր է «Ամեն ինչ իմ մոր մասին» եւ «Խոսիր նրա հետ» կինոնկարների համար:
ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ
Փետրվարի 12-ին տեղի կունենա ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխություններից մեկը` «Գրեմմին»: Այս իրադարձությանը, սակայն, մի քանի հայտնի աստղեր որոշել են չմասնակցել: TMZ-ի աղբյուրները հայտնում են, որ երգիչներ Քանյե Ուեսթը, Ջասթին Բիբերն ու Դրեյքը դրա համար ունեն իրենց պատճառները: Բիբերն, օրինակ, համարում է, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները սկսնակ արտիստներին անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում։ Այդ նույն պատճառով «Գրեմմիին» չի ներկայանա նաեւ Դրեյքը: Իսկ Ուեսթն էլ վստահ է, որ կազմակերպիչները ուշադրություն չեն դարձնում ոչ միայն երիտասարդ եւ տաղանդավոր երաժիշտներին, այլեւ սեւամորթ արտիստներին։