Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքում օրեր առաջ դպրոցականների մի մասը անհասկանալի պատճառներով լքել են դասասենյակները: Պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, դպրոցի տնօրենի ընտրություններն ու դրանց արդյունքներն են, որոնցով արդեն նախկին տնօրեն Հրանտ Մխիթարյանը չի վերընտրվել:
ArmLur.am-ի հետ զրույցում Վ.Կ. Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը հայտնեց, որ դպրոցի աշխատանքը մի քանի րոպե խաթարված է եղել, աշակերտները դասադուլ են հայտարարել, իսկ պատճառը տնօրենի պաշտոնի մրցույթն է եղել:
Համայնքապետը հայտնեց, որ ընտրությունների արդյունքները եղել են 4, 2 հարաբերակցությամբ, ընտրվել է գործող տնօրենը. «Այս պահին ժամանակավոր պաշտոնակատարը Անուշ Եսայանն է: Դասադուլավորները հայտարարել են, որ եթե Հրանտ Մխիթարյանը կրկին չանցնի իր պարտականություններին, դասադուլը շարունակվելու է: Սակայն հրամանը դեռևս չկա»,- հավելեց գյուղապետը:
Մեզ դեռևս չհաջողվեց կապ հաստատել Տավուշի մարզպետարանի կրթության վարչության հետ՝ հասկանալու համար՝ ինչպես պետք է խնդիրը լուծվի:
ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ ուսուցչական անձնակազմից երկու ուսուցիչ, որոնք անձնական շահագրգռվածության պատճառով դեմ են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Եսայանի` այդ պաշտոնին անցնելուն: Նրանք, ի դեպ, տվյալ դասարաններում երեխաներ ունեն սովորող:
Ու այս մթնոլորտի հետևանքով դպրոցի երկու` 10 և 11-րդ դասարանների աշակերտներին մի մասին այլ իրավիճակներ ներկայացնելով` հանել են դասասենյակներից` արդյունքում ստեղծելով նման վիճակ: Աշակերտները չեն իմացել` ինչ է իրականում տեղի ունեցել: Ավելի ուշ վերադարձել են դասասենյակներ:
Րոպեներ անց ուսուցիչներին հաջողվել է հարթել իրավիճակը և անցնել բնականոն աշխատանքին: Հաջորդ օրվանից ևս դասընթացներն անցել են իրենց բնականոն հունով:
ArmLur.am-ը կփորձի կապ հաստատել նաև Անուշ Եսայանի հետ` հասկանալու համար` ինչ է իրականում տեղի ունեցել դպրոցում: Ի դեպ, մեր տեղեկություններով` դպրոցում միայն Անուշ Եսայանն ունի հավաստագիր, ինչն էլ հանդիսացել է պաշտոնակատարի դերը ստանձնելու երաշխիք: Իսկ ստեղծված իրավիճակի պահին Եսայանը դպրոցում չի եղել: Վերադարձել է ավելի ուշ` իմանալով կատարվածի մասին: