ՖՈՏՈ. Մի շարք քաղաքական գործիչներ հայտնվել են անելանելի իրավիճակում. հետդարձի ճանապարհին ում ինչպես սպառնացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մի շարք քաղաքական գործիչները հայտնվել են անելանելի իրավիճակում: Մեզ հասած տեղեկություններով՝ մասնավորապես իշխանություններին դեմ դուրս եկած պատգամավորների ու գործիչների «դեմ են դրվել» «թաքստոցներում» պահված մի շարք քրեական գործեր, որոնց ընթացքը կարող է անկանխատեսելի վատ լինել:

Եվ այսպես՝ դեռեւս 2015 թվականի փետրվարի 12-ին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, ԲՀԿ-ում վայրիվերումներ սկսվեցին: Եւ դոմինոյի էֆեկտով ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ տարբեր պատճառաբանություններով լքեցին կուսակցությունը: Սակայն չանցած երկու տարի՝ Գագիկ Ծառուկյանը բացեց քաղաքականություն մտնելու՝ իր կողմից փակված էջը, ինչը մի շարք նախկին ԲՀԿ-ականների կանգնեցրեց խնդրի առաջ: Գնա՞լ Ծառուկյանի հետ էլի նույն ճանապարհով եւ վտանգել ապագան, թե՞ ՀՀԿ-ացման ուղին բռնել:

Հանուն պարտքերի

Ինչպես հայտնի է՝ առաջին պատգամավորը, որը լքեց ԲՀԿ խմբակցությունը, Արագած Ախոյանն էր: Պատգամավորը ստիպված էր դուրս գալ խմբակցությունից, քանի որ երկար ժամանակ էր, ինչ տարբեր պատճառներով հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նա խնդիրներ ունի ամերիկահայ գործարար Հրաչ-Ներսես Կապրիելյանի հետ, եւ բանը հասել էր դատական քաշքշուկներին: Բացի այդ՝ նա նաեւ ֆինանսական լուրջ խնդիրների առաջ էր կանգնել, մասնավորապես մի շարք շինարարական ընկերությունների ահռելի թվով գումար է պարտք, որը հանգեցրեց Ախոյանի սնանկացմանը:

2014 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները: Սակայն այս գործն այդպես էլ չբացահայտվեց, ու այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ թշնամիներ ունեին Ախոյանները, կամ, առհասարակ, ինչ պատմության մեջ էր հայտնվել պատգամավորի որդին, որից փորձել էին այս կերպ վրեժխնդիր լինել:
Եվ ահա այս բոլոր իրողությունները գեղեցիկ փաթեթով ինչ-ինչ շրջանակների կողմից մատուցվել է պատգամավոր Ախոյանին՝ զգուշացնելով, որ ցանկացած անզգույշ քայլ կբերի անցանկալի հետեւանքներ:

Հանուն որդու

2014 թվականին մարդ առեւանգելու համար իրավապահները քննում էին մի գործ, որում ներգրավված էր ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին: Մինչ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության խորանալը, պատգամավորի որդին ազատ ման էր գալիս, սակայն կարճ ժամանակ անց նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում, որից հետո կալանավորեցին նրան: Այսքանով, սակայն, «կինոն չավարտվեց». 2015 թվականի փետրվարի 17-ին ոստիկանների մի խումբ ներխուժեց պատգամավորի տուն: Այս ամենից հետո Ռուստամ Գասպարյանը եւս լքեց ԲՀԿ-ն: Ու երբ Գագիկ Ծառուկյանը բացեց փակված էջը, Ռուստամ Գասպարյանը միայն բարձրաձայն ողջունեց նրա քայլը, սակայն հետ չգնաց ԲՀԿ, թերեւս այն պատճառով, որ որդին չհայտնվեր ճաղերի հետեւում:

Զենքերից մինչեւ սպանություն

Այն, որ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կամ նրա մտերիմ շրջապատը մշտապես հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, հայտնի իրողություն է:

Դեռեւս 2013 կրակել էին Գյումրիում հայտնի թաղային հեղինակություններ Քավոր Հարութի եւ Շեկոյի վրա: Քավոր Հարութը եւ Շեկոն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմներն էին եւ թիմակիցները, որոնք էլ խնդիրներ էին ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Կրակոցների արդյունքում Շեկոն սպանվեց, եւ սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտվեց Գյումրի նախկին քաղաքապետի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը: Բացի այդ՝ թիրախավորված էր նաեւ Մարտուն Գրիգորյանի հայրը: Եվ, ահա, այս պատկերը աչքի առաջ ունենալով՝ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը հետ կանգնեց նախկին ճամբարը վերադառնալու փորձերից՝ իր այս քայլը բացատրելով, թե չի ցանկանում ճանապարհ անցնել այն ԲՀԿ-ի հետ, որը Վարդան Ղուկասյանին իր ցուցակում տեղ է հատկացրել:

Բիզնեսի ստուգումն ու քրեական հետապնդումները

2017 հունվարի 17-ին սեփական բիզնեսը փրկելու եւ քրեական հետապնդումներից խուսափելու համար ԲՀԿ-ից դուրս եկավ Ռուբեն Գեւորգյանը: Ինչպես հայտնի է՝ 2015 թվականին ստուգումներ էին իրականացվել պատգամավորին պատկանող հյուրանոցում, եւ հրապարակվել էր, որ մարմնավաճառների մի խումբ էր հայտնաբերվել:

Սա էլ դեռ քիչ էր, քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով իրավապահները խուզարկել էին ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին պատկանող, Զովունիում գտնվող սաունան: Բանն այն է, որ լուրեր էին տարածվել, թե քրեական հեղինակության եղբորը սպանող Մովսես Ներսիսյանը դեպքից առաջ եղել էր ԱԺ պատգամավորին պատկանող սաունայում: Եվ ահա սեփական բիզնեսը, աղջկա անունով ձեւակերպված օբյեկտները հարկային ստուգումներից փրկելու եւ քրեական հետապնդումներից խուսափելու համար Ռուբեն Գեւորգյանը ընկրկեց` նախընտրելով լքել կուսակցությունը եւ գնալ դեպի ՀՀԿ: Այն ՀՀԿ-ն, որտեղից իրեն տարիներ առաջ հեռացրել էին:

Ինչ հիշեցրին Մհեր Սեդրակյանին

Ուշագրավն այն է, որ ոչ միայն ԲՀԿ-ականները հայտնվեցին իշխանության սպառնալիքների տակ, այլ ՀՀԿ-ից նեղացածները եւս անմասն չմնացին քրեական հետապնդումների հեռանկարներից: Ըստ տարածված լուրերի՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը եւս մտադիր էր լքել ՀՀԿ-ն եւ ցանկանում էր իր հետագա քաղաքական ճանապահը անցնել Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքով: Բայց նրան եւս խիստ զգուշացրին չգնալ այդ քայլին` հիշեցնելով նրա շուրջ ստեղծված «ռազբորկաները», կրակոցները եւ դրանց հանգուցալուծումը: Չմոռանանք ամենաաղմկահարույց դեպքի մասին, երբ Մհեր Սեդրակյանի անունը կապեցին Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ, չնայած նա հերքել էր այդ տեղեկությունը:

Ավելին՝ հայտնի է Մհեր Սեդրակյանի որդու` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանի եւ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի միջեւ առկա լարվածությունը: Նախկին ընկերները այժմ թշնամիներ են դարձել, իսկ պատճառը Հովիկ Աբրահամյանի որդին է` Արգամ Աբրահամյանը: Սերժ Սարգսյանի փեսան ասել էր, թե Դավիթ Սեդրակյանը չպետք է շփվի նրան հետ, քանի որ նա կրիմինալ շրջանակներից է: Բայց Դավիթ Սեդրակյանը չի ենթարկվել անձնական կյանքի միջամտությունների պահանջին` հասնելով հարաբերությունների խզման:

Հիշեցնենք նաեւ, որ 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված աղմուկից հետո ՀՀ ոստիկանությունը դիմակներով փորձել էր խուզարկություն իրականացնել Մհեր Սեդրակյանի բնակարանում: Թե ինչու, այդպես էլ որեւէ կողմ չպարզաբանեց:
Ահա այսպես, յուրաքանչյուրի դիմաց դրվեց կոմպրոմատների հսկա տրցակ` ստիպելով մի կողմ քաշվել Ծառուկյանից եւ չխանգարել ՀՀԿ-ի հաղթարշավին:
Հենց այսպես էլ սաղմնավորվում է քաղաքական դաշտի պահմտոցին:

Քնար Մանուկյան




Լրահոս