ՖՈՏՈ. Դիմումների հետքերով. դատապարտյալներին սպառնում են պատժախցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող ցմահ դատապարտյալներից Արսեն Գասպարյանի խնդրին: Նրա խցում ջուր չկա, սակայն խնդրին լուծում չի տրվում: Ու երբ բողոքել է, ՔԿՀ մասնաշենքերից մեկի պատասխանատու Հակոբյանի հետ վիճաբանություն է սկսվել` հասնելով հարվածների: Հիմա դատապարտյալ Գասպարյանը պատժախցում է:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկ այլ ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանից ահազանգ ստացավ: Ընդամենը երեք ամիս է, ինչ նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի 601 խուց: Ըստ նրա՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է, որ խցի խողովակները վնասված են, եւ ջուրը լցվում է խուց. «Անձամբ պետին դիմեցի, եկան, ինչ-որ ներկեր քսեցին, համարեցին, թե լուծել են, բայց ներկը չէր օգնի, քանի որ խողովակներն են վնասված, եւ հիմա կրկին ջուրը լցվում է խուց:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկան, արձանագրեցին, տեսան, թե ինչ վիճակ է, բայց միեւնույն է՝ պատկերը չի փոխվել: Եթե անգամ դատապարտյալը կամ կալանավորը բարձրաձայնում է խնդրի մասին, նրան լռեցնում են՝ պատժախուց տեղափոխելով: Ավելին ասեմ՝ հեռախոսը այստեղի չի աշխատում, եւ արդեն պարզ է, թե ինչու, որպեսզի կալանավորները որեւէ միջոց չունենան՝ բողոքը տեղ հասցնելու: Մի՞թե որեւէ մեկը չկա՝ այս անմարդկային պայմաններին վերջ դնի»:

Լուսանկարներում երեւում է, թե ինչ իրավիճակ է խցում:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ քրեակատարողական հիմնարկի վարչությունը օրերս որոշ փոփոխություններ է իրականացրել «Արմավիր» ՔԿՀ-ում, որը պայմանավորված է եղել հենց դատապարտյալների դիմումները տեղ չհասնելու բողոքներով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալին` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Քնար Մանուկյան




Լրահոս