ՋՕԸ-ին հասանելիք սուբսիդիան չի տրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության աշխատողները չեն ստացել 4-5 ամսվա աշխատավարձերը: Կազակերպության նախագահ Գագիկ Վերանյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց ընկերության աշխատավարձերը գոյանում են երկու աղբյուրից՝ մատակարարված ոռոգման ջրի դիմաց գյուղացիական տնտեսություններից հավաքագրված վարձավճարներից եւ պետական բյուջեից հատկացվող սուբսիդիաներից: Նոյեմբերյանի ՋՕԸ-ի աշխատողները մատակարարած ոռոգման ջրի վարձավճարներն ամբողջությամբ հավաքագրել են: Սակայն պետական բյուջեից ակնկալվող սուբսիդիան չի հատկացվել:

Գ. Վերանյանն ասաց, որ իրենց ընկերությունը ստացել է 2016 թվականի առաջին 4 ամիսների համար նախատեսված սուբսիդիայի գումարները, դրանից հետո բյուջեից ֆինանսական հատկացում այլեւս չի արվել: Ընկերության տասնյակ աշխատողներ սպասում են պետական բյուջեից գումարների փոխանցմանը, որպեսզի աշխատավարձ ստանան: Նոյեմբերյանի ՋՕԸ-ն ոռոգման սեզոնում ունենում է շուրջ 130 աշխատող:

Հիմա՝ ձմռան ընթացքում, երբ ջրբաշխները, ոռոգման պոմպավարները չեն աշխատում, ընկերության աշխատողների թիվը մոտ 50 է: Գ. Վերանյանը հայտնեց, որ կազմակերպությունում կառուցվածքային փոփոխություն է ընթանում. Նոյեմբերյանի, Իջեւանի, Բերդի ՋՕԸ-երը միավորվում են, ստեղծվում է «Տավուշ ՋՕԸ», որի գրասենյակը լինելու է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում:




Լրահոս