ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում բազմաթիվ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Հայաստանում ներդրումներ անելու պատրաստակամությամբ հանդես եկան: Ինչպիսի՞ զարգացումներ կան այդ խոստումների իրագործման ուղղությամբ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:
-Պարո՛ն Արամյան, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականին կազմել է 0.5 տոկոս: Սա այն դեպքում, երբ իշխանությունները խոստանում էին 2.4 տոկոս տնտեսական աճ ապահովել: Վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ ՀՀ-ն տարին ամփոփում է անգամ առանց մեկ տոկոս տնտեսական աճի: Ինչո՞վ եք Դուք դա պայմանավորում եւ ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
-Երբ մենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացնում էինք 2017 թվականի տարեկան բյուջեի ծրագիրը, կանխատեսում էինք 2-2.4 տոկոս տնտեսական աճ: Իրականում ինչ տեղի ունեցավ. գյուղատնտեսության ոլորտում անցած տարվա օգոստոսից այս կողմ էական անկումներ գրանցվեցին: Որոշ մասնագետներ դա համարեցին վիճակագրության թերություն: Մինչդեռ վիճակագրությունը որոշակի մեթոդիկայի հիման վրա ուղղակի հաշվարկում է ցուցանիշները:
Դա կարող է լինել հաշվառման խնդիր սկզբնաղբյուրների մոտ, հաշվառումները չճշգրտելու արդյունքում: Հնարավոր է, որ այդ հաշվառումները ճշգրտվել են: Եթե միտումը շարունակվեր նույն ձեւով, եւ, ընդ որում, մենք գյուղատնտեսության ոլորտում էական շոկեր չէինք տեսել, ապա մենք կունենայինք մոտավորապես 2 տոկոս տնտեսական աճ:
Քանի որ գյուղատնտեսության ոլորտում մենք կանխատեսում էինք շուրջ 3-4 տոկոս իրական աճ: Եթե թողարկման ծավալներով նայենք, ապա կտեսնենք, որ շուրջ 5 տոկոս անկում կա, բայց այդ 5 տոկոսը որտեղից է եկել: Քանի որ 2016 թվականի օգոստոսին 2015-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ 9.6 տոկոս աճից սեպտեմբերին արձանագրվեց 20 տոկոսանոց, իսկ հոկտեմբերին՝ 30 տոկոսանոց անկում: Եթե տնտեսագիտական միտք կառուցենք սրա համար, ապա պետք է ինչ-որ շոկ տեղի ունեցած լիներ՝ աղետ, որը տեղի չի ունեցել: Ավելին՝ եթե իրականում տնտեսական շոկ է տեղի ունենում, գները պետք է արձագանքեին դրան:
-Իսկ այս տարվա համար ի՞նչ կանխատեսումներ կան:
-Մենք ակնկալում ենք, որ այս տարվա փետրվարի վերջին տնտեսական աճը 0-0.5 տոկոսի միջակայքում կլինի: Եթե մենք գյուղատնտեսության ոլորտի շոկային ճշգրտումը հանենք, ապա կարծում եմ, որ կկանգնենք այն թվի վրա, որը հրապարակել էինք: Այստեղ ուղղակի հաշվառման խնդիրն է եղել, նորից եմ ասում՝ ոչ թե հաշվարկման, այլ հաշվառման:
-Դժվար չէ արդյո՞ք հարկեր հավաքել մի երկրում, որտեղ տնտեսությունը չի զարգանում:
-Երբ երկրում կա տնտեսական պասիվություն, միշտ էլ հարկահավաքումը բարդանում է: Դրա համար էլ մենք 2016 թվականը ամփոփեցինք հարկերի թերակատարումով: Բայց դա էլ է նորմալ, երբ տնտեսական աճը կամ տնտեսական ակտիվությունը ոչ այնպիսին էր, ինչպիսին դու նախատեսել էիր: Իսկ մենք 2016 թվականի արդյունքում շուրջ 96 մլրդ դրամի թերակատարում ունեցանք: Բայց հարկեր-ՀՆԱ-ի դեպքում 2016 թվականի ընթացքում կանխատեսել էինք 20.6 տոկոս, մինչդեռ իրականում մենք տարին փակեցինք 21.6 տոկոսով: Ու սա է ճիշտ ցուցանիշը:
-Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա:
-Իմ սպասումները դրական են: Շատ բան կախված է նրանից, թե ով կստանձնի կառավարման համակարգի պատասխանատվությունը: Բայց որպես ընդունված կանոն՝ միշտ նման իրավիճակներում, եթե նախաշեմին կան ընտրություններ, ապա այս դեպքում կարեւոր է, թե ով կգա եւ կստանձնի երկրի կառավարման ղեկը, միեւնույն ժամանակ ադեկվատ պետք է լինի նաեւ ներկայացված տնտեսական ծրագիրը:
-Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ հայազգի գործարարների համար արդյո՞ք շահավետ կլինի մեր երկրում ներդրում անելը եւ կոնկրետ ո՞ր ոլորտներում:
-Մեր խնդիրն այն է, որ ներդրումային միջավայրը դարձնենք նպաստավոր տնտեսվարողների համար: Մենք մի քանի ոլորտներ թիրախավորել ենք. օրինակ՝ նորագույն տեխնոլոգիաներով գյուղատնտեսության իրականացումը, IT կամ ինժիներիայի, վերամշկման ոլորտները եւ այլն:
-Այս ընթացքում ՌԴ գործարարների կողմից կա՞ հետաքրքրվածություն:
-Այո՛, վարչապետի վերջին այցից հետո արդեն արձագանքներ կան:
-Պարո՛ն Արամյան, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, ըստ որի՝ հանրային ծառայողները այս ընթացքում ներգրավված են ընտրական գործընթացներում եւ մասնակցում են ընտրական հանձնաժողովների դասընթացներին, քննություններին: Արդյո՞ք սա չի խանգարի իրենց պետական աշխատանքին:
-Օրինակ՝ ֆինանսների նախարարության աշխատակիցների աշխատանքի օրվա տեւողությունը սկսվում է ժամը 09.00-ից եւ ավարտվում 18.00-ին: Նշեմ, որ սովորական աշխատողների աշխատանքի ժամանակահատվածը ֆիքսվում է, եւ եթե իրենք ընդհանրապես աշխատանքի չեն գա, ապա, բնականաբար, կանոնակարգված մոտեցումներ կան, որոնք կկիրառվեն: Իսկ աշխատանքային ժամից հետո դա մարդու սահմանադրական իրավունքն է, եւ մենք չենք կարող սահմանափակել իրեն ինչ-որ բանում մասնակցել կամ չմասնակցելու առումով: Այնուամենայնիվ, արգելվում է մարդու քաղաքական հայացքներին սահմանափակում դնել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ