Նախօրեին ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարչապետին հորդորեց լրագրողների հետ շփումից չխուսափել: Կարապետյանն էլ ի պատասխան՝ նշեց, որ պատնեշներն ինքը չի դրել եւ չի խուսափում լրագրողների հետ շփումից, բայց նաեւ խոստովանեց. «Ոչ միշտ եմ հաճույք ստանում լրագրողների հետ շփվելիս»:
Պատահականությու՞ն է արդյոք, որ գործադիր մարմնի ղեկավարի այս հայտարարության հաջորդ օրն իսկ կառավարության այն անդամները, որոնք մշտապես նիստից հետո դուրս էին գալիս գլխավոր մուտքից եւ շփվում լրագրողների հետ, երեկ գերադասում էին հեռանալ հետնամուտքով, օրինակ՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, դաշնակցական նախարարները՝ զերծ մնալով իրենց կատարածի մասին լրագրողների միջոցով հասարակությանը «հաշվետվություն» ներկայացնելուց: Ըստ երեւույթին, իրենց ղեկավարի խոսքը թեւեր է տվել նախարարներին: