ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների զինգրքույկներում արված, այնուհետեւ անվավեր ճանաչված «մասնակցել է պատերազմական գործողությունների» նշումները մեկնաբանել է պաշտոնական անփութությամբ: «2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի՝ զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետեւ անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա»,- ասված է հայտարարության մեջ: Ուշադրություն դարձրեք` տեղի է ունեցել պաշտոնական անփութություն, եւ իշխանություններն այդ ամենին իրավական ընթացք տալու փոխարեն լրագրողներին խորհուրդ են տալիս չշահարկել թեման: Մինչդեռ, հիշեցնենք, պաշտոնական անփութությունը համարվում է հանցանք` ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի հատկանիշներով: Եւս մեկ կարեւոր փաստ. իսկ ինչի հետեւանքով է տեղի ունեցել այդ անփութությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրականում բանակի հրամկազմը չգիտի, թե ինչ չափորոշիչներով պատերազմական գործողության մասնակիցներին տարբերակի 2-րդ գծում կանգնածներից: Դրա համար շիլա-շփոթ է դարձել:
Չի բացառվում, որ իշխանություններն այս հարցը արհեստականորեն են սարքել, որպեսզի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մեծ շուքով լուծեն ու զինվորների հաշվին իրենց քարոզարշավը կազմակերպեն: Ի վերջո, պատերազմական գործողություններին մասնակցած զինվորականների համար այնքան էլ մեծ արտոնություններ նախատեսված չեն:

 

 

 
Իշխանություններն այդպես էլ չեն կարող կողմնորոշվել` փոխե՞լ խորհրդարանական ընտրությունների օրը, թե՞ ոչ: ՀՀԿ խորհրդի հունվարի 26-ին կայացած նիստում Սերժ Սարգսյանն ասել էր. «Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին եւ հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը… երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, եւ մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»: «ժողովուրդ»-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, սակայն, պնդեց, թե ընտրությունների օրը չի փոխվի: «Ասված էր, որ կարող է հետաձգվել այն դեպքում, եթե գործընթացին մասնակից կուսակցություններով որոշվեր: Այս պահի դրությամբ բնական է՝ մեզ մոտ առաջադրումների ժամկետ չի սկսվել… Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների օրվան, ապա այն նշանակված է ապրիլի 2-ին: Այս պահին սա է»,- ասել է նա:

 

 

 
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ խոսել է ԼՂ խնդրի մասին` հայտարարելով, որ այդ հակամարտության կարգավորված չլինելը դարձել է ՀՀ զարգացման գլխավոր խոչընդոտը: «Ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ համար պարզ դարձավ, թե ԼՂ խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ… չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին եւ այն գերակա ուղղություններին, որ ես եւ դեսպանատունը սահմանել ենք մեզ համար,- ասել է նա` հավելելով,- ԼՂ կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների եւ մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»: Նկատենք, որ նախկինում դիվանագետները նման պնդում չէին արել, ու եթե նկատի ունենանք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո արագացնել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը, ԱՄՆ դեսպանի խոսքերն ուշագրավ են:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը հանվել է վաճառքի: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոցի ֆինանսական խնդիրներն են: Ընդ որում, ֆինանսական խնդիրների պատճառով տեւական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն աշխատավարձերը ստանում է բավական ուշացումով: Լուրը ճշտելու համար զանգահարեցինք հիվանդանոցի փոխտնօրեն Մնացական Ղարագյոզյանին, որը, սակայն, հերքեց լուրը: «Ո՛չ, նման բան չկա: Ես նման տեղեկություններ չունեմ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ վիրաբուժական հիվանդանոցը պատկանում էր ԱԺ նախկին պատգամավոր, երջանկահիշատակ Համլետ Թամազյանին, որի մահից 6 տարի անց այս հաստատությունը կանգնել է խնդիրների առաջ:

 

 

 
ԱԼԻԵՎԻՑ ՏԱՐԲԵՐԸ
Ինչպես հայտնի է՝ պանամական օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը պատրաստվում է մուտք գործել քաղաքականություն: Նրա այդ մտադրությունը հայտնի դարձավ դեռեւս անցած նոյեմբերի 26-ին, երբ ՀՀԿ համագումարին մասնակցող Քեթրինի Միհրանը սիրահոժար կերպով սկսեց հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին: Եվ արդեն այն ժամանակ վերջինիս ինքնավստահ կեցվածքից ակնհայտ էր, որ մինչ ընտրությունները ՀՔԾ-ն նրա հետ կապված քրեական գործը որեւէ ձեւով կփակի: Ինչն էլ տեղի ունեցավ 2017թ. հունվարի 23-ին, երբ հայտնի դարձավ, որ քրեական գործով վարույթը կարճվել է՝ Պողոսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Իրականում «Ժողովուրդը» այս սցենարը կանխատեսել էր դեռ անցած մայիսին: Գրել էինք, որ հարուցվող քրեական այս ողջ գործընթացը մեկ նպատակ ունի՝ «մաքրել» Պողոսյանի անունն օֆշորային այս սկանդալից: Բնականաբար խորքային առումով ԴԱՀԿ նախկին ղեկավարի անունը մաքրված համարել չի կարելի. դժվար թե որեւէ մեկը կասկածում է «Հետք» պարբերականի հրապարակած տեղեկատվությանը՝ պանամական օֆշորներում Պողոսյանին պատկանող ընկերությունների գործունեության մասին: Առավել եւս, որ ինչպես արդեն գործը կարճվելուց հետո հայտարարել է «Հետք»-ի գլխավոր խմբագիրը՝ ՀՔԾ-ն չի էլ փորձել բացահայտել Պողոսյանին առնչվող գործը. «ՀՔԾ-ն բացարձակ քննություն չի իրականացրել, որովհետեւ Պանամայի փաստաթղթերն իրենց մոտ չկան: Թե ի՞նչ են արել այս ամիսների ընթացքում, անհասկանալի է»,- նշել է Էդիկ Բաղդասարյանը: Արդեն հայտնի է, որ ՀՔԾ-ի միջնորդությունները Պանամայի եւ Շվեյցարիայի իշխանություններին անպատասխան են մնացել, քանի որ մասնավորապես վերջինի դեպքում փաստաթղթերն ուղղակի սխալ էին լրացվել: Միտումնավոր, թե անփութորեն՝ դա էլ արդեն հարցի մյուս կողմն է:
Ինչեւէ: Մ. Պողոսյանի հետ կապված քրգործի կարճմանը երեկ անդրադարձել է նաեւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որի տարածած հայտարարությունում ասված է. «Անթույլատրելի ենք համարում այս գործի կոծկումը եւ հետամուտ չլինելը, ինչպես նաեւ ցանկացած կուսակցության ցուցակում Մ. Պողոսյանի ընդգրկումը, ով պաշտոնավարման ընթացքում զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ներգրավված է կոռուպցիոն եւ այլ սկանդալներում՝ հաճախ հայտնվելով ԶԼՄ-ների հրապարակումներում»: Այս հայտարարությանն ի պատասխան՝ բնականաբար իշխանությունները կխոսեն կանխակալ վերաբերմունքի եւ ՀՀ իրավապահ համակարգի գործողությունների նկատմամբ վստահության անհրաժեշտության մասին: Մինչդեռ Մ. Պողոսյանի գործը հենց այդ վստահության ամրապնդման լավագույն հնարավորությունն էր, որը, սակայն, դարձավ հերթական «կորսված» հնարավորությունը: Եվ այս իրավիճակում երեկ ուղղակի տխուր էր լսել ՀՀ-ում ԵՄ պատվիրակութան ղեկավար Պ. Սվիտալսկիի գովաբանական հայտարարությունները՝ «կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների քննադատական կեցվածքի» վերաբերյալ:




Լրահոս