ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՆՓՈՓՈԽ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու որոշումը մինչ օրս տարբեր քննարկումների տեղիք է տալիս: Քաղաքական որոշ ուժեր նշում են, որ դա հակասահմանադրական է, բացի այդ՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու փոխարեն քաղաքական գործընթացի իրականացումը հենց այդ օրը նաեւ բարոյական առումով է խնդրահարույց: Ի վերջո, ի՞նչ որոշվեց՝ փոխվելո՞ւ է ընտրությունների օրը, թե՞, այնուամենայնիվ, այն կմնա անփոփոխ: Եթե մի քանի օր անց իշխանությունները մտքափոխվեն, եւ հետաձգվի ընտրությունների օրը, արդյո՞ք կհետաձգվի նաեւ խորհրդարանական ընտրություններին հաջորդող Երեւանի ավագանու ընտրությունների օրը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

-Պարո՛ն Մուկուչյան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու են ընտրությունները նշանակվել ապրիլի 2-ին, բայց այդպես էլ վերջնականապես չհստակեցվեց՝ արդյո՞ք Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո կփոխվի ընտրությունների օրը:
-Ո՛չ, օրը ոնց կա, նույնն է մնացել: Օրը նշանակված է, եւ այդ օրվան համապատասխան հաստատվել է ժամանակացույց, իրականացվում են գործառույթներ: Այս պահին հրամանագրով նշանակված է ապրիլի 2-ին:
-Բայց հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքն անձամբ դեմ չի լինի, եթե մի քանի օրով հետաձգվի ընտրության օրը: Ենթադրվում էր, որ այս հարցը կվերանայվի եւ նոր օր կնշանակվի …
-Ո՛չ, այնտեղ նշված էր, որ կարող է հետաձգվել այն դեպքում, եթե գործընթացին մասնակից կուսակցություններով որոշվեր: Այս պահի դրությամբ բնական է՝ մեզ մոտ առաջադրումների ժամկետ չի սկսվել, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող ասել, թե որ քաղաքական ուժերն են ներկայացվել՝ մասնակցելու ընտրություններին: Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների օրվան, ապա այն նշանակված է ապրիլի 2-ին: Այս պահին սա է:
-Որոշ կուսակցություններ վստահեցնում են, որ այդ որոշումը հակասահմանադրական է: Ի՞նչ կասեք այս պնդմանն ի պատասխան:
-Որպես կենտրոնական ընտրական հանձնաժողով, մենք հիմք ենք ընդունում սահմանված օրը եւ դրան համապատասխան էլ մշակել ենք մեր ժամանակացույցը: Մնացածն արդեն մեր տիրույթի խնդիր չի հանդիսանում:
-Իսկ եթե որոշվի տեղափոխել օրը, ապա խորհրդարանական ընտրությունների հետաձգումը չի՞ խանգարի Երեւանի ավագանու ընտրություններին: Հնարավո՞ր է՝ այդ պարագայում դա էլ փոխվի:
-Ո՛չ, ըստ էության այդ օրն արդեն ֆիսքված է: Այդ օրվա փոփոխության առումով այս պահի դրությամբ չենք կարող ասել: Նշեմ, որ դրա որոշման մեխանիզմն օրենսգրքով ամրագրված է:
-Սակայն եթե տեղափոխվի խորհրդարանական ընտրությունների օրը, ապա Երեւանի ավագանու ընտրություններին նախապատրաստվելու համար շատ քիչ ժամանակահատված կմնա: Առանց այդ էլ ի սկզբանե ժամանակը քիչ էր:
-Միանշանակ ակնհայտ է, որ եթե երկու ընտրությունների քվեարկության օրերը մոտենում են, ապա, իհարկե, տարբեր գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն մինչեւ քվեարկության օրը, կարող են ունենալ ժամկետային համընկնումներ:
-Վերջերս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նոր անդամներ նշանակվեցին, որոշները դուրս եկան: Պարո՛ն Մուկուչյան, քանի՞ հոգու փոփոխություն եղավ:
-Նրանց լիազորություններն ընդհանուր դադարեցվել են, հայտարարվել է մրցույթ, ներկայացրել են փաստաթղթեր: Մի մասը ներկայացվել է նոր քաղաքացիների կողմից, մի մասը` նրանց կողմից, ովքեր նախկինում ընդգրկված եղել են: Եվ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան իրականացվել են նշանակումները: Ասել, թե քանիսը փոխվեցին, քանիսը` ոչ, դժվար է, առավել եւս քննություն` որպես այդպիսին, չի եղել եւ չի էլ նախատեսված, հետեւաբար հաշվարկ չի արվել:
-Տեսակետներ կային, որ շատերը մարզերում իրենց վստահելի մարդկանց օժանդակել են, որ հայտնվեն ընտրական հանձնաժողովներում, որպեսզի ընտրությունների ժամանակ կարողանան աջակցել:
-Որոշումը հրապարակված է, եւ ինքներդ կտեսնեք, որ բազմաթիվ տեղեր, բազմաթիվ ընտրատարածքներում մենք ունեցել ենք առաջադրված ճիշտ այնքան քաղաքացիներ, ինչքան ընտրատարածքային հանձնաժողովի անդամների թվաքանակն է: Բազմաթիվ տեղեր նույնիսկ չեն եղել ավելորդ դիմումներ, որոնք հնարավորություն կտային ավելի մեծ ընտրանքից ընտրություն իրականացնել:

 

 
ՈՐ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԱՀ ԿԳԱՆՁԻ

Ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներից բաղկացած տեխնիկական հանձնաժողովի՝ հունվարի 25-ի նիստում միաձայն որոշում կայացվեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մասին: Ըստ այդմ, տեսախցիկները կտեղադրեն ոչ բոլոր տեղամասերում, քանի որ այդ ծրագրի իրագործման համար ԵՄ-ի տրամադրած գումարն ավելի քիչ է, քան տեսախցիկների տեղադրման ծառայությունը մատուցող EIC ընկերության պահանջածը:

Ճիշտ է՝ հստակեցվեց կարեւորն ու տրվեց հարցի վերջնական պատասխանը, բայց այնուամենայնիվ, մեկ հարց դեռեւս մնում է օդում կախված. արդյո՞ք ՀՀ կառավարությունը հաղթող ընկերությանը կազատի ԱԱՀ-ից:
Չնայած Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահություն հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը լավ է տրամադրված տեսախցիկների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկ չգանձելու հարցում, այնուամենայնիվ, հայրենի կառավարության կողմից դեռեւս որեւէ հստակեցում եւ պարզաբանում այդ հարցով չի տրվել: «ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում հաղթող ընկերությանը տալ հարկային արտոնություններ՝ ազատելով ԱԱՀ-ից:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությունից փորձեց պարզել՝ արդյո՞ք վերջինս պատրաստվում է տեսախցիկների համար հատկացված գումարից ավելացված արժեքի հարկ գանձել, այն դեպքում, երբ որեւէ լումա չի ներդնում այդ ծրագիրն իրականացնելու համար:
Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին նախ տեղեկացրին, որ ավելացված արժեքի հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ավելացված արժեքի հարկով հարկվում են հետեւյալ գործարքները կամ գործառնությունները՝ ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը, անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը եւ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծումը:
«Հաշվի առնելով օրենքով սահմանված կարգավորումները՝ հայտնում ենք, որ եթե խոսքը վերաբերում է տեսանկարահանող սարքերի՝ ՀՀ տարածք ներմուծման դեպքին, ապա, ինչպես ապրանքների ներմուծման նմանատիպ այլ գործառնությունների դեպքում, հաշվարկվում է ԱԱՀ՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, եթե խոսքը վերաբերում է ՀՀ տարածքում ապրանքների մատակարարմանը կամ դրանց տեղադրման ծառայության մատուցմանը, ապա նշված գործարքները ենթակա կլինեն ավելացված արժեքի հարկով հարկման, եթե նշված ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող հարկ վճարողներն օրենքի համաձայն հանդիսանան ԱԱՀ վճարողներ»,- հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ միաժամանակ նշելով, որ կառավարությունը նախատեսում է համաֆինանսավորել տեսախցիկների տեղադրումը ԱԱՀ չափով:
Իհարկե, լավ է, որ գոնե ԱԱՀ-ի չափով համաֆինանսավորում է լինելու, սակայն, այդուհանդերձ, կառավարության այս մոտեցումն անհասկանալի է: Հաճախ գործադիր մարմինը հարկային արտոնություններ է տալիս այնպիսի ընկերությունների, որոնց գործունեությունն առանձնապես չի խթանում մեր տնտեսության զարգացումը, իսկ այս դեպքում, երբ նախատեսվում է տեսախցիկների տեղադրման միջոցով ապահովել թափանցիկ ընտրություններ, հայրենի կառավարությունը «եթե»-ներ է առաջ բերում:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐԱՐՇԱՎ
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատրաստվում է առաջադրվել Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, արդեն բացահայտ ընտրարշավ է սկսել: Ընդ որում, դա անում է բարեգործության անվան տակ: Մ. Պողոսյանն իրեն պատկանող «Քեթրին» բարեգործական կազմակերպությունը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների դպրոցականների եւ ուսուցչական կոլեկտիվների համար էքսկուրսիաներ է կազմակերպում իրեն պատկանող «Ձմեռային այգում»: Ի դեպ, լուրեր կան, որ Մ. Պողոսյանը պատգամավոր դառնալու համար պատրաստ է մեծ գումարներ ծախսել, եւ Քանաքեռ-Զեյթունում արդեն խոսում են, որ մեկ ձայնը կարող է հասնել ընդհուպ 100 ԱՄՆ դոլարի: Մեկնաբանությունների համար դիմեցինք պարոն Պողոսյանին, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր զանգերին:

 

 

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ
Դեռեւս հունվարի 10-ին «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղազարյանը տեղեկացրեց, որ վարչական դատարանը գործը վարույթ չի ընդունել, հայցադիմումի ընդունումը մերժել է պատճառաբանությամբ, որ իրենց ընդատյա չէ: «Դեկտեմբերի 17-ին էր, երբ ես հայցադիմումը ներկայացրել էի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, բավականին ուշ՝ հունվարի 13-ին, ես նոր ստացել եմ որոշումը, որ դա ընդատյա է վարչական դատարանին,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Ղազարյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով,- տեսեք՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ասում է՝ ընդատյա է, վարչական դատարանին հայցադիմումը վարույթ ընդունելը մերժում է, ես դիմում եմ վարչական դատարան, դատավոր Աղասի Դարբինյանը մերժում է հայցադիմումի ընդունումը՝ նշելով, որ ընդատյա չէ վարչական դատարանին»:

 

 

 

ՀԱՃԱԽՈՐԴ ԵՆ ԽԼՈՒՄ
Տեւական ժամանակ է՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունները հաճախորդներ են «խլում» իրարից: Այս մասին «Ժողովուրդ»-ը հեռախոսազանգեր է ստանում վարորդներից: Բանն այն է, որ ապահովագրական ընկերություններն իրենց բազային տվյալներում փնտրում եւ գտնում են այն վարորդներին, որոնց ավտոմեքենաների ապահովագրության ժամկետները ավարտին են մոտենում, եւ հեռախոսազանգով առաջարկում են իրենց ընկերությունում ապահովագրել ավտոմեքենան: Բայց ԱՊՊԱ գործակալները չեն բավարարվում պաշտոնական առաջարկով, այլեւ ժամանակ խլելով վարորդներից՝ փորձում են համոզել: Բնականաբար գործակալները շահագրգռված են, քանի որ յուրաքանչյուր գործարքից ունեն բավականաչափ տոկոսային վճարներ:




Լրահոս