ԶՈՀԱԲԵՐՈՒՄ Է ՈՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՉՆԵՂԱՆԱԼ ԻՐԵՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության ներսում հետաքրքիր վերադասավորումներ են սկսվել: Սերժ Սարգսյանի կողքից հերթով հեռանում են այն գործիչները, որոնք այս տարիներին համարվել են իշխանության հենասյուները, որոնք գործուն աջակցություն են ցուցաբերել Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցում 2008թ. ընտրություններում ընտրակեղծիքների իրականացման ժամանակ, մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ընթացքում, երբ արդյունքում եղավ 10 զոհ:

Այդ անձինք Սերժ Սարգսյանին աջակցել են նաեւ հետո՝ նրա իշխանության վերարտադրությանը հաջորդող բոլոր ընտրություններում: Սակայն Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության պահպանման ու վերարտադրման, ճանապարհին զոհաբերել է թիմակիցներին: Ճիշտ է՝ ՀՀԿ խորհրդի վերջին նիստում Ս. Սարգսյանն իր կուսակիցներին դիմելով` ասել էր. «Նեղացածներ չպետք է լինեն»: Սակայն նրա գործելաոճին հետեւելով՝ դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս կարող է նեղացածներ չլինեն:
Նշենք, որ զարմանալի «զուգադիպությամբ» միջադեպերը, որ Ս. Սարգսյանի թիմի նեղացվածության պատճառ են դարձել հիմնականում առնչվել են Սերժ Սարգսյանի հայտնի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ: Նա այս ընթացքում փորձել է աննկատ կերպով իշխանությունից հեռացնել «հներին» իբր վարկաբեկված անձանցից ազատվելու պատրվակով՝ փոխարենը տեղ բացելով իր ընկերների, թիմակիցների համար: Արտաքուստ, միգուցե, նրա քայլերը ոմանց թվացել են դրական, երբ վարկաբեկված մարդկանց փոխարինելու են բերել երիտասարդներին, բայց սա միայն առաջին հայացքից, քանի որ իրենց արժեհամակարգով «ժելեյած մազերով, օսլայած օձիքով» երիտասարդները չեն տարբերվել նախորդներից, պարզապես նրանք տարիքի բերումով դեռ չեն հասցրել անել այն, ինչ արել են մեծերը:
Ինչեւէ: Ս. Սարգսյանից նեղացածների շարքը կարելի է երկար թվարկել: Այս առումով ամենաթարմ օրինակն ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալն է ՀՀԿ-ից: Բավական է միայն թվարկել վերջին 20 տարում Աբրահամյանի զբաղեցրած պետական ու կուսակցական պաշտոնները, պարզ կդառնա, թե ով էր նա ՀՀԿ-ի եւ իշխանության համար, ինչ կշիռ, ինչ դեր ու նշանակություն ուներ այնտեղ. եղել է տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետ, ԱԺ նախագահ, վարչապետ, ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի, սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի նախընտրական շտաբների պետը: Հ. Աբրահամյանը եղել է նաեւ 2008թ. մարտի 1-ին նախագահականում գործող շտաբի անդամներից մեկը. իրադարձություն, որից հետո Սերժ Սարգսյանը հայտնվեց նախագահի պաշտոնին: Ու չնայած այս ամենին՝ Ս. Սարգսյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հասարակական դժգոհությունները մեղմելու նպատակով զոհաբերեց Աբրահամյանին` ստիպելով նրան հրաժարական ներկայացնել:
Ավելի վաղ Աբրահամյանը ստիպողաբար հրաժարական ներկայացրեց ԱԺ նախագահի պաշտոնից` նշանակվելով վարչապետ, եւ նրա առաջ խնդիր էր դրված լեզու գտնել խորհրդարանական ընդդիմադիր քառյակի հետ, որի առանցքային դերակատարներից մեկն էլ խնամին էր` Գ. Ծառուկյանը: Ի դեպ, Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ լարված հարաբերությունները նոր չեն, այլ վերջին մի քանի տարիներին այն ակնհայտ զգացվում էր:
Ս. Սարգսյանի կողքին չէ նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր, իսկ հետո 8 տարի շարունակ եղել է ՀՀ պաշտպանության նախարարը: Այսօր Ս. Օհանյանն այլեւս իշխանության մաս չէ. նախորդ տարվա աշնանը կառավարության փոփոխությունից հետո նա մերժել էր նոր պաշտոններ ստանալու առաջարկները, փոխարենը որոշ ժամանակ անց հայտարարեց քաղաքական գործընթացներին մասնակցելու մասին, ընդ որում, նա պատրաստվում է գլխավորել ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը:
Իշխանությունից վաղուց հեռացել է նաեւ 2008թ. մարտի 1-ի օրերին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո նա նշանակվեց ՊՊԾ պետ, երկու տարի անց՝ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ, իսկ 2014թ. հետո նա գործազուրկ է՝ ի տարբերություն այդ օրերին ՀՀ պաշտպանության նախարար Միխայիլ Հարությունյանի, որը նախագահականում պաշտոն ունի. նա ռազմական տեսուչն է:
Այսօր առաջվա ինքնամոռաց նվիրումով Սերժ Սարգսյանի կողքին չեն տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, Ռուբեն Հայրապետյանը, Մհեր Սեդրակյանը, Սուրիկ Խաչատրյանը, Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովիկը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս տարիներ շարունակ եղել է իշխանության հենասյուներից մեկը. բայց հիշում եք, թե Ս. Սարգսյանն ինչպես ստիպեց նրան փակել քաղաքական էջը, հիշում եք 2015թ. փետրվարին ՀՀԿ խորհրդի նիստում Ծառուկյանի հասցեին Ս. Սարգսյանի հնչեցրած հայտարարություններն ու դրան հաջորդած ռեպրեսիաները: Հիմա Ծառուկյանը վերադարձել է քաղաքականություն:
Սերժ Սարգսյանից նեղացած է նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը թեեւ հիմա ԵՏՄ-ում բարձր պաշտոն ունի, բայց հազիվ թե մոռացած լինի, թե ինչպես Ս. Սարգսյանն իրեն մի քանի անգամ դարձրեց քավության նոխազ` սեփական իշխանությունը փրկելու համար: 2012թ. կոռուպցիայի դեմ պայքարի շոու-ծրագրի շրջանակներում, ի ցույց ամենքի, Ս. Սարգսյանն ամենավերջին խոսքերով քննադատեց վարչապետին ու նրա կառավարության անդամներին: Իսկ արդեն 2014թ. հասարակական կրքերը հանդարտեցնելու եւ գոլորշի բաց թողնելու համար Տ. Սարգսյանին ստիպեց հրաժարականի դիմում ներկայացնել:
Այսօր Ս. Սարգսյանի կողքին չէ նաեւ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, որը դարձել է «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետը: Ժամանակին Ս. Սարգսյանը շատ տգեղ վարվեց Զաքարյանի հետ, երբ նախագահականում խորհրդակցության ժամանակ նախատել էր ՎՊ նախագահին՝ պետական հիմնարկներում ստուգումների արդյունքում բացահայտումների եւ դրանց վերաբերյալ հնչեցրած գնահատականների համար:
Ս. Սարգսյանի կողքին չէ իշխանության առանցքային եւս մեկ դեմք` Գագիկ Խաչատրյանը, որ երկար տարիներ զբաղեցրել է ՊԵԿ նախագահի, հետո նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: Գ. Խաչատրյանը պաշտոնի բերումով տիրապետում է լրջագույն ինֆորմացիայի` իշխանությունների բիզնեսի, մութ գործարքների, տնտեսության ստվերի եւ այլնի մասին: Չնայած հիմա Գ. Խաչատրյանին սահուն ունեզրկելու օպերացիա է սկսվել. նրան պատկանող ընկերությունների մասնաբաժնի մի մասը անցել է Ս. Սարգսյանի փեսա Մ. Մինասյանին:
Ի դեպ, շատ շուտով Ս. Սարգսյանից նեղացածների շարքում կհայտնվի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա համաձայնել էր ստանձնել այդ պաշտոնը երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի ինքը լիներ նաեւ Ս. Սարգսյանի իրավահաջորդը: Այնինչ՝ հիմա պարզվում է, որ Կ. Կարապետյանը հավանաբար չի կարողանա պաշտոնավարել 2018թ. ապրիլից հետո, երբ ամբողջովին ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն ու վարչապետից պահանջվի 4 տարվա մշտական բնակության վայրի ցենզ:
Ինչեւէ, այսքանից հետո կարելի է ենթադրել, որ իշխանություններն ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ լուրջ խնդրի առաջ են կանգնած:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀԿ-ից արտահոսքը նոր թափ է ստանում: ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալու որոշումից հետո այդ կուսակցությունը լքում են նաեւ նրա մերձավորները՝ հիմնականում Արարատի մարզից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել նաեւ Աբրահամյանի եղբայրը` ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը: ՀՀԿ-ին իր անդամակցությունը դադարեցրել է Աբրահամյանի զարմուհին` ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, որը, ի դեպ, նաեւ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավարն է: ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել ՀՀԿ Արարատի կառույցի փոխնախագահը` Սամվել Մինասյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արարատի եւ Արտաշատի մի շարք այլ պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հաստատել է այս տեղեկությունները` հավելելով, որ միայն այսօր թվով 13 ՀՀԿ-ականներ դուրս են եկել կուսակցությունից:

 

 

 

ՀԵՌԱՑՆՈՒՄ Է
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին աշխատանքից ազատելու գործընթացը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ առաջիկայում նորանշանակ մարզպետը աշխատանքից ազատի Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 մանկապարտեզի Սաիդա Ադունցին. պատճառը նրա ղեկավարած հիմնարկում հայտնաբերված չարաշահումներն ու խախտումներն են եղել: Նշենք, որ Սաիդա Ադունցը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի քույրն է եւ համարվում է նախկին մարզպետի մտերիմներից մեկը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պաշտոնանկությունների շարքը միայն այսքանով չի ավարտվելու, եւ առաջիկայում հայտնի կդառնա մի շարք այլ անձանց` աշխատանքից ազատման մասին:

 

 

 

ՊԵՏԸ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վարազդատ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական կեղծիք կատարելու համար: Մասնավորապես 2013թ. օգոստոսին նա Գագիկ Դոլիեւին փոստային առաքումով ուղարկած եւ «չպահանջված» նշումով հետադարձ համարի կտրոնի ծանուցագրի վրա, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է պաշտոնեական կեղծիք: Ավելին՝ տեղեկացանք, որ վերջինիս գործողությունների մասով հարուցված քրեական գործը դեռ նախորդ տարվա դեկտեմբերի վերջերին ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, գործը նախագահող դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը, իսկ դատաքննությունը մեկնարկելու է փետրվարի 8-ից:

 

 
ԲՀԿ-ԻՑ ՀԵՌԱՑԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որ ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին: Վերջինս ԲՀԿ քաղխորհրդի անդամ էր, եւ բավական ակտիվ մասնակցել է կուսակցական-կազմակերպչական աշխատանքներին: «Ես ցավում եմ, որ Գրիգոր Գրիգորյանն այդպիսի որոշում է կայացրել»,- ասել է Զոհրաբյանը` հավելելով, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինքը եւ կուսակցական գործընկերները գրեթե ամեն օր հանդիպել են Գրիգոր Գրիգորյանի հետ, զրուցել են, փորձել համոզել նրան` ետ կանգնել նման որոշումից: Ինչ վերաբերում է պատճառներին, Զոհրաբյանն ասել է, որ թե՛ Գրիգոր Գրիգորյանի, թե՛ Ռուբեն Գեւորգյանի դեպքում ճիշտ կլինի այդ հարցով դիմել հենց նրանց: Հիշեցնենք, որ նախօրեին ԲՀԿ-ն լքեց նաեւ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո):

 

 

ԵՌԱԿՈՂՄ ՖՈՐՄԱՏՈՎ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա ընդգծել է, որ 2016 թվականի ամռանը Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ շարունակվում է ԼՂ հակամարտության կարգավորման աշխատանքը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով: «Վերջերս ղարաբաղյան թեման Սերգեյ Լավրովի կողմից քննարկվել Է Էդուարդ Նալբանդյանի, իսկ այնուհետեւ Էլմար Մամեդյարովի հետ: Անհրաժեշտ պայմանների ստեղծման պարագայում հնարավորություն կլինի նաեւ եռակողմ հանդիպում անցկացնելու համար», – հավելել է նա:




Լրահոս