ԱԺ ՉԽՈՍԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՉԵՆ ՄՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա ԱԺ ընտրություններն այլեւս դարձել են քաղաքական թիվ մեկ թեման: Գալիք խորհրդարանը նույնությամբ չի կրկնելու գործողի պատկերը, սակայն հիմնական դերակատարների առումով հազիվ թե արմատական փոփոխություններ լինեն: Սա առաջին հերթին վերաբերում է ՀՀԿ-ին, որն ամեն գնով փորձելու է մեծամասնություն վերցնել խորհրդարանում: Ուստի ստորեւ անդրադառնանք ՀՀԿ-ի պատգամավորներից Արթուր Ստեփանյանի, Ռոբերտ Սարգսյանի եւ Ռուբեն Սադոյանի օրենսդրական գործունեությանը՝ պարզելով նաեւ, թե արդյոք այս երեւելի օրենսդիրները կհայտնվեն 6-րդ գումարման խորհրդարանում:

Արթուր Ստեփանյանը պատգամավոր է դարձել Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող նախկին ընտրատարածքից: Այս պատգամավորը համարվում է ԴԱՀԿ-ի նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մտերիմը: Ստեփանյանն իր պատգամավորական կարիերայի համար պարտական է հենց Մ. Պողոսյանին, որի ընկերության՝ «Քեթրինի» տնօրենն է եղել: 2012թ. Միհրան Պողոսյանը ամեն ինչ արեց՝ իր ընկերոջը պատգամավոր դարձնելու համար: Բնական է, որ ԴԱՀԿ նախկին պետին ձեռնտու էր իր ներկայացուցիչն ունենալ խորհրդարանում, իսկ այդ պրակտիկան ընդունված է Հայաստանում, երբ քրեաօլիգարխիկ համակարգի բարձրագույն ներկայացուցիչները, եթե իրենք չեն հայտնվում ԱԺ-ում, ապա իրենց փոխարեն որդիներին կամ ընկերներին են բաժին հանում մանդատները: Հետեւաբար զարմանալի չէ, որ Արթուր Ստեփանյանը խորհրդարանում չի փայլել իր օրենսդրական գործունեությամբ: Այսպես՝ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընթացքում ՀՀԿ պատգամավոր Արթուր Ստեփանյանը կողմ է քվեարկել 917 անգամ, դեմ 8 եւ ձեռնպահ ընդամենը մեկ անգամ: Նա բացակայել է 22 անգամ, քվեարկությունից հրաժարվել 17 անգամ: Հատկանշական է, որ այս պատգամավորը որեւէ անգամ ելույթ չի ունեցել ՀՀ ԱԺ ամբիոնից, ինչպես նաեւ հանդես չի եկել հարցերով: Ստեփանյանը պարտաճանաչորեն կողմ է քվեարկել այնպիսի աղմկահարույց օրինագծերի, ինչպիսիք են «Աժ կանոնակարգը», «Բյուջե 2017»-ը, «1000 դրամների նախագիծը» եւ այլն: Ակնհայտ է, որ այս անգամ խորհրդարանը ստիպված կլինի դիմանալ Ստեփանյանի բացակայությանը, քանզի պատգամավորի թեկնածու է առաջադրվելու ինքը՝ ԴԱՀԿ նախկին պետ, Պանամայի օֆշորային սկանդալի պատճառով հարկադրաբար հրաժարական տված Միհրան Պողոսյանը: Վերջինս արդեն իսկ սկսել է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք եւ Ավան թաղամասերն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում նախապատրաստական աշխատանքները: Պողոսյանը, ըստ մամուլի հրապարակումների, արդեն հասցրել է հակասություններ ունենալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի աներորդին պատրաստվում է ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվել նույն ընտրատարածքում:
Առաջիկա ընտրություններում Միհրան Պողոսյանի մրցակիցը՝ Ռոբերտ Սարգսյանը, ՀՀԿ-ի լռակյաց պատգամավորներից է, որի ներկայությունը խորհրդարանում նկատելի է միայն իշխանության օրինագծերի քվեարկությունների ժամանակ: Սարգսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր դարձավ Ավան թաղամասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքից՝ ԱԺ պատգամավորի մանդատից ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարվելուց հետո: Եվ առիթից օգտվելով՝ Տարոն Մարգարյանը իր աներորդուն դարձրեց պատգամավոր՝ սուրբ տեղը դատարկ չթողնելու համոզվածությամբ: Ռոբերտ Սարգսյանը հրաշալի պատգամավոր է եղել ՀՀԿ-ի համար, ինչի մասին խոսում է ԱԺ-ում նրա քվեարկությունների պատկերը: Սարգսյանը կողմ է քվեարկել 631 անգամ, դեմ 6, ձեռնպահ 2: ՀՀԿ պատգամավորը բացակայել է 187 նիստերից, հրաժարվել քվեարկությունից 139 անգամ: Ռոբերտ Սարգսյանը նույնպես չի մոտեցել ՀՀ ԱԺ ամբիոնին, որեւէ անգամ հանդես չի եկել հարցերով: Ըստ ամենայնի, Ռոբերտ Սարգսյանը կրկին կհայտնվի ՀՀԿ խմբակցությունում՝ հաշվի առնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը:
ՀՀ ԱԺ մեծապատիվ պատգամավորներից է Ռուբեն Սադոյանը՝ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի սանիկը, ինչպես վերոնշյալ պատգամավորները, մանդատ է ստացել գերազանցապես բարձրաստիճան պաշտոնյայի հետ մտերմության շնորհիվ: Նկատենք, որ Սադոյանին մամուլում առավել հաճախ հիշատակում են որպես «շուն խփող Ռուբո», քանի որ վերջինիս կազմակերպությունը Երեւանում զբաղվում էր թափառող շների վնասազերծմամբ: Ըստ տարածված լուրերի՝ Սադոյանի եւ նրա կազմակերպության ֆինանսական հաջողությունները անմիջականորեն կապված են Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության շրջանի հետ: Նկատելի է, որ Սադոյանը եւս պատասխանատու պատգամավոր է եղել: Իր մասնակցած նիստերից նա կողմ է քվեարկել 815 անգամ, դեմ եւ ձեռնպահ՝ համապատասխանաբար 7 եւ 1: 17 անգամ հրաժարվել է քվեարկելուց, 70 անգամ բացակայել: Սադոյանը եւս ԱԺ ամբիոնին երբեւէ չի մոտեցել, ոչ մի անգամ հարց չի բարձրացրել: Դատելով քաղաքական կուլիսներում ծավալվող լուրերից՝ Գագիկ Բեգլարյանը ցանկանում է մայիսին կայանալիք ընտրությունների ժամանակ կրկին բազմել Երեւանի քաղաքապետի պաշտոնին: Այդ դեպքում ակնկալելի է, որ Սադոյանը նորից կառաջադրվի եւ կշարունակի իր «փայլուն» պատգամավորական գործունեությունը ՀՀԿ խմբակցությունում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը Բեգլարյանի նման ռեսուրսը ձեռքից բաց չթողնելով՝ Տարոն Մարգարյանին կգործուղի խորհրդարան, իսկ Երեւանը վերստին կհանձնի «թաղի տղերքին», պարզ կդառնա արդեն մոտ առաջիկայում:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՆՓՈՓՈԽ Է

Նախորդ տարի Լռու մարզում երեխաների հետ կապված մի քանի ողբերգական դեպքեր գրանցվեցին: Մի դեպքում 4-ամյա երեխան էր եռման ջուրը վրան լցրել ու ծնողների անուշադրության հետեւանքով 4 օր անց մահացել, մյուս դեպքում՝ մայրն էր երեխային օրեր շարունակ անխնամ թողել ու տանից հեռացել: Փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերել էր թաղամասային բուժքույրը: Իսկ ամենասարսափելի դեպքը, որը ցնցեց ողջ հանրապետությունը, Սպիտակում սեփական երեխաներին խեղդամահ արած ու ինքնասպան եղած կնոջ դեպքն էր:

Դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների ու երեխաների հետ տարվող աշխատանքների մասին նախօրեին հաշվետվությամբ է հանդես եկել Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը: Նրա ներկայացմամբ՝ նախորդ տարի ուսումնասիրվել են թվով 840՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներ, կատարվել է նրանց կարիքների գնահատում, ուսումնասիրման եւ գնահատման արդյունքների հիման վրա մշակվել են կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր եւ ապահովվել դրանց իրականացումը համապատասխան հաստատություններում:
Ըստ այդմ, 2016թ. 23 երեխա տեղափոխվել է մանկատուն, նրանցից առանց ծնողական խնամքի մնացած եւ կյանքի ու առողջության համար անբարենպաստ պայմաններում գտնվող թվով 22 երեխա, 1 երեխայի էլ տրվել է եզրակացություն մասնագիտացված մանկատուն տեղավորելու համար: Ուշագրավ է, որ նույն թվով՝ 23 երեխա էլ դուրս է գրվել մանկատնից: Իսկ ահա 30 երեխայի մուտքը խնամքի հաստատություն եւ մանկատուն կանխվել է:
Հունվարի 1-ի դրությամբ Վանաձորի մանկատանը բնակվում է 64 երեխա:
Անցած տարվա ընթացքում Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն է ընդունվել 24 երեխա: Հունվարի 1-ի դրությամբ կենտրոնում խնամվում է 105 երեխա:
Ոստիկանության համապատասխան ծառայությունների եւ խնամատարության ու հոգաբարձության հանձնաժողովների հետ համատեղ քննարկվել են մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների խնդիրները, անհրաժեշտության դեպքում արվել են ուղղորդումներ համապատասխան հաստատություններ: Կանխարգելման աշխատանքներ են իրականացվել իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսեւորող ծնողների հետ: Ընդհանուր հաշվառման մեջ է գտնվում 22 երեխա:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

 
ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի ոչ միայն դպրոցի շենքն է խախուտ, այլեւ ռմբապաստարանը: Դպրոցի տարածքում գտնվող ռմբապաստարանը նախատեսված է 25 հոգու համար, մինչդեռ դպրոցն ունի 59 աշակերտ: Էլ չասած ուսուցիչների եւ դպրոցի տեխնիկական անձնակազմի քաղաքացիական պաշտպանության անհրաժեշտության մասին: Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանն ասում է, որ ռմբապաստարանի արտաքին ծածկը բարակ է, ռմբակոծության դեպքում այն ոչ միայն չի կարող աշակերտների համար հուսալի թաքստոց դառնալ, այլեւ, ընդհակառակը, մեծ վտանգ կներկայացնի:
Մասնագետները տեսնելով ռմբապաստարանի վիճակը՝ դպրոցի տնօրենին խորհուրդ են տվել վտանգի դեպքում այն չօգտագործել: Փաստորեն ռմբակոծության դեպքում բաց տարածքը աշակերտների համար ավելի ապահով կարող է լինել, քան բարակ ծածկով ապաստարանը: Վ. Բաբինյանի վկայությամբ՝ նախատեսվում է, որ դպրոցի տարածքում, այլ տեղ չափերով ավելի մեծ եւ ավելի ապահով ապաստարան կկառուցվի: Խնդիրն այն է, սակայն, թե արդյոք մինչ նոր ռմբապաստարանի կառուցումը սահմանագոտում խաղաղ կլինի, եւ Ադրբեջանը սահմանամերձ գյուղը չի հրետակոծի:

 

 

ՄԹԵՐՄԱՆ ԿԵՏԵՐ ՉԿԱՆ
Ամեն տարի պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում՝ գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվություններ իրակացնելու համար: Գյուղացուն սովորեցնում են հող հերկել, ցանել, մշակել, անասուն պահել եւ այլն: Թե այդ խորհրդատվությունները որքանով են արդյունավետ, դժվար է ասել: Այնինչ՝ գյուղացիական տնտեսությունները իրական աջակցության կարիք ունեն իրենց արտադրանքն իրացնելու հարցում: Տավուշի մարզի գյուղացիները չեն կարողանում վաճառել իրենց աճեցրած կարտոֆիլը, բանջարեղենը, մրգերը, չկան դրանք մթերող կազմակերպություններ:
Սահմանամերձ մարզում միայն ծխախոտի հումքի եւ խաղողի կազմակերպված մթերում է իրականացվում, մնացած բերքը գյուղացին ինքը պետք է իրացնի: Հայաստանի հիմնական շուկան Երեւանն է, իսկ Տավուշի մարզը մայրաքաղաքից մեծ հեռավորության վրա է գտնվում, ինչը դժվարացնում է բերքը Երեւանի շուկա հասցնելու գործը: Տավուշում չկա անասունների մասնագիտացված սպանդանոց, չկան խոշոր եղջերավոր անասունների կաշվի, ոչխարի բրդի, հավերի, սագերի փետուրների ընդունման կետեր: Գյուղացին իր մորթած կովի կաշին աղով մշակելով՝ սպասում է, որ երբեւէ ինչ-որ մեկն այն կգնի: Հայաստանի անկախացումից քառորդ դար է անցել, սակայն այդ հիմնախնդիրներն այդպես էլ լուծում չեն ստացել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս