«ՉԵՄ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՄՈՆԻԱՅԻ ՄԵՋ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհի, երաժիշտ Էմմա Պետրոսյանի հետ: Մենք անդրադարձել ենք նրա գործունեությանը թատերարվեստում, երաժշտական ներկայիս միջավայրում «չտեղավորվելու» հանգամանքին եւ «վաճառվել-չվաճառվելու» խնդրին:

-Էմմա՛, մոտ երեք տարի առաջ ներկայացաք բոլորովին այլ կարգավիճակով. Ձեր հեղինակած պիեսի հիման վրա բեմադրվեց «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացումը: Ռիսկային չէ՞ր նոր, ինչ-որ առումով անծանոթ ասպարեզում հայտնվելը:
-Սարսափելի մեծ ռիսկ էր: Դա որոշում էլ չէր, Արամի (նկատի ունի ամուսնուն` երգիչ, դերասան Արամոյին, ով ներկայացման հերոսներից մեկն էր-հեղ.) ուզածն էր: Անընդհատ ասում էր. «Պիես եմ ուզում, պիես եմ ուզում»: Ի վերջո, սկսեցի մեջս կուտակված մտքերն արտահայտել: Բայց սկզբնական շրջանում չէի պատկերացնում, որ այն բեմ կբարձրանար, կարծում էի` կկարողանամ ինչ-որ բան ծնել, որը կդառնար նյութ` ինչ-որ մեկի պիեսի համար: Բայց այդ նյութը զարգացում ունեցավ, եւ ես այն կիսեցի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ, ով ինձ շատ մեծ ուժ եւ համարձակություն տվեց: Չունենալով փորձ` կարողացա մտքերս հավաքել եւ տեղավորել պիեսում:
-Տեղյակ եմ, որ մեկ այլ պիեսի վրա եք աշխատում: Այս անգամ ի՞նչ թեմա է ընկած դրա հիմքում: Աշխատանքներն ի՞նչ փուլում են:
-Քանի որ այն դեռեւս պրոցեսի մեջ է, այս փուլում դեռ անավարտ գործեր ունենք, չեմ կարող որեւէ բան ասել: Միայն կասեմ, որ ինձ համար հաճելի է աշխատել Սուրենի հետ: Ինձ շատ հոգեհարազատ է նաեւ Դրամատիկական թատրոնը, կարծում եմ` երկրորդ պիեսի դեպքում էլ կհամագործակցեմ նույն թատրոնի հետ: Թերեւս մինչեւ գարնան ավարտ կկարողանանք ավելի կոնկրետ տեղեկություններ հաղորդել:
-Իսկ էլի ունե՞ք ստեղծագործություններ, որոնք, գուցե, չեք հանրայնացրել:
-Ո՛չ, սա երկրորդն է, իսկ ավելի վաղ գրել եմ էսսեներ:
-Երբ մուտք գործեցիք նոր ոլորտ, ի՞նչ արձագանքներ լսեցիք այդ առթիվ:
-Ի զարմանս ինձ՝ բավական ջերմ, բաց ձեռքերով ընդունեցին: Այնպես ստացվեց, որ կին-տղամարդ հարաբերություններին առնչվող թեման, որն արծարծվում է «Սեւ, դառը շոկոլադ»-ում, մղվեց քննարկումների առաջին պլան, իսկ այն, թե որքանով էր ճիշտ իմ հայտնվելը ոլորտում, կամ որքանով էր իմ գրածը լավը` երկրորդ պլան:
-Թատրոնի հետ կապերն ամրապնդելու հեռահար նպատակներ ունե՞ք:
-Դժվարանում եմ ասել: Ես կարող եմ պլանավորել, բայց ավարտն արդարացված չլինի: Առհասարակ, ապագան պլանավորող մարդ չեմ, պլանով ապրելու ծրագիր իմ առջեւ չեմ դրել: Դա, երեւի, մի քիչ լավ չի, որովհետեւ կարող ես ժամանակ կորցնել, հետո հասկանալ, որ տվյալ ժամանակահատվածում ոչինչ չես արել: Ամեն դեպքում, արարումն ու պլանը իրար հետ չապրող երեւույթներ են:
-Ձեր լսարանի համար նոր երգեր ունե՞ք:
-Այո, այդպիսիք բավական շատ ունեմ, հիմա ամբողջ ցանկությունս այն է, որ այդ երգերը հանրայնացնեմ: Դրանք վերջին տարիներին ստեղծված գործեր են, որոնք հնչել են մեկ-երկու անգամ: Պետք է անպայման այդ երգերը հավաքեմ մեկ ձայնասկավառակի մեջ:
-Էմմա՛, երգարվեստում տիրող ներկայիս իրավիճակի մասին կարծես թե ամեն ինչ ասվել է: Ո՞րն է այս միջավայրում դրսեւորվելու Ձեր տարբերակը:
-Երեւի ինքներդ էլ հասկանում եք, որ այդ միջավայրում ես մեծ մասամբ չեմ ցանկանում լինել, որովհետեւ այդ ընդհանուր հարմոնիայի մեջ չեմ տեղավորվում: Չեմ ուզում` որեւէ մեկի համար վիրավորական հնչի, բայց չեմ տեղավորվում այդ միջավայրի մեջ, կամ ինձ չեն տեղավորում: Համարձակ կերպով նայում եմ ճշմարտության աչքերին եւ բարձրաձայնում եմ այդ մասին: Ամեն բան երկկողմանի է. ե՛ւ դու ես գնում դեպի երեւույթը, ե՛ւ երեւույթն է գալիս դեպի քեզ: Մի բան էլ կա` դու վաճառվում ես, կամ ոչ:
-Այսինքն` այս միջավայրում չեք ուզում եւ չեք կարողանում վաճառվե՞լ:
-Ինձ ճիշտ հասկացեք: Եթե չեմ տեղավորվում ընդհանուրի մեջ, ուրեմն այդտեղ տարաձայնություն կա. ես չեմ գնում, կամ ինձ չեն կանչում: Ամեն դեպքում, որոշ անհատների դեպքում հնարավոր է ընդհանուր եզրեր գտնել, չծայրահեղացնենք իրավիճակը: Պարզապես ավելի հեշտ է, երբ չես պարտադրում քո եղելությունը որեւէ մեկին:
-Համերգների հրավերներ ստանո՞ւմ եք: Ձեր երգի սիրահարները որտե՞ղ կարող են ունկնդրել Ձեզ:
-Հրավերներ, այո, լինում են: Վերջին ժամանակներում, գուցե, դրանք այնքան շատ չեն, որքան տարիներ առաջ: Պարբերաբար ելույթ եմ ունենում «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում, Կամերային երաժշտության տանը, Առնո Բաբաջանյան համերգասրահում եւ այլն, հանդես եմ գալիս մարզերում: Պատրաստ եմ խոսել այն մասին, ինչ իմ ներսում է:
-Դուք դասավանդում եք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: Պետք է որ դժվար լինի աշխատել մի սերունդի ներկայացուցիչների հետ, որոնց վաղվա օրը պարզորոշ չէ:
-Այո, բավական բարդ է: Նրանցից շատերը տարվում են համացանցային աշխարհում մեծ տարածում ունեցող եւ շատ դիտումներ ապահոված պրոդուկտով: Եվ սովորեցնելը, որ հնարավոր է ունենալ ծափերի տեղատարափ, բայց լինել ոչինչ, իսկապես, լուրջ աշխատանք է: Եվ հետո, միշտ չէ, որ երիտասարդը գիտակցում է, որ այն, ինչ իրեն մատուցվում է, հաճախ կապ չունի իր ներաշխարհի հետ: Աջ ձեռքն ու ձախը պետք է նույն երաժշտությունը հնչեցնեն: Ամեն դեպքում, ուսանողների հետ աշխատանքը լրիվ ուրիշ աշխարհ է` դժվար, բայց հետաքրքիր: Գիտակցում ես, որ պարտավոր ես «կիսել» ներաշխարհդ:
-Իսկ Ձեզ որքանո՞վ է գոհացնում Հայաստանի ներկայիս մշակութային քաղաքականությունը:
-Թող այս ձմեռն ավարտվի, շատ բան պարզ կլինի: Հիմա ձյան տակ լիքը գաղտնիքներ ու անելիքներ են պահվել: Դեռ ոչինչ չեմ կարող ասել: Բայց հավատում եմ մշակույթի նախարարին եւ անհատներին, որոնց մեր երկիրը միշտ ծնում է:

 

 

 
ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԿԲԱՑԻ

Դերասան Սարգիս Գրիգորյանը պատրաստվում է դերասանական դպրոց բացել, որտեղ, ինչպես ինքն է նշում, կսովորեցնեն լինել արվեստասեր, այլ ոչ թե` «կապիկությամբ» զբաղվել: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքը որեւէ շահույթ չի հետապնդում. «Սաները վճարելու են մինիմալ գումար` ուղղված դասախոսների աշխատավարձը ապահովելուն: Դպրոցն ունենալու է ե՛ւ մեծերի, ե՛ւ փոքրերի խումբ»,-ասաց նա:

Սարգիսը, անդրադառնալով ներկա ծրագրերին, նշեց, որ նկարահանվում է «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի երկրորդ մասում, որը շուտով կներկայացվի հեռուստադիտողներին. «Իմ կերպարը արդեն նոր կարգավիճակ ունի: Եթե ֆիլմի առաջին մասում նա միայն զինվոր էր, ապա երկրորդում նաեւ ամուսին է, հայր, այնպես որ, հետաքրքիր, դրամատիկ պահեր են սպասվում»,-մանրամասնեց Սարգիսը:
Նա նաեւ պատմեց, որ դեռ նախորդ տարվա ընթացքում նկարահանվել է «Ուշացած վերադարձ» ֆիլմում (ռեժիսոր` Շավարշ Վարդանյան), որի պրեմիերան կկայանա այս տարի: Ֆիլմը Ղարաբաղյան պատերազմի թեմայով է: Սարգիսը մարմնավորել է պատանդ ընկած սպայի:
Դերասանը խոստովանեց, որ ստացել է սերիալներում նկարահանվելու առաջարկներ, բայց մերժել է. «Մեծ մարդ եմ, ուզում եմ անել որակյալ մի բան: Եթե չստացվի, ստիպված էլի պետք է նկարահանվեմ սերիալներում, ի՞նչ անեմ»,-ասաց նա` հավելելով, որ իր գործի հաջողությունը մեծապես կախված է երկրի տնտեսական վիճակից (դա նպաստում է, որ պետական, մասնավոր աջակցությունը ակտիվանա):
Մենք հետաքրքրվեցինք` Սարգիսի կարծիքով` ինչն է պատճառը, որ այսօր հայ ռեժիսորներից շատերը չեն փորձում բացել դերասանին այլ ռակուրսից, ցույց տալ նրա հնարավորությունների սահմանը. «Ռեժիսոր կա՞, որ դերասանին բացի: Դերասանին չեն բացում, որովհետեւ շտապում են, մտածելու ժամանակ չունեն, կրկնում են այն, ինչ արդեն փորձել են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Management Group ընկերությունը, որը տեւական ժամանակ զբաղվել է ամերիկացի դերասան Ջոնի Դեփի գործերով, հայց է ներկայացրել նրա դեմ: Դեփը մեղադրվում է պայմանագրի խախտման, խաբեության եւ դրամական միջոցների` անպատասխանատու կերպով վատնման համար: The Wall Street Journal-ի փոխանցմամբ` ընկերության ղեկավարները նշել են, որ դերասանը վարել է «անհոգ կենսակերպ»` ծախսելով ամսական 2 միլիոն դոլար: Հայցվորները պահանջել են 560 հազար դոլար գումարի չափով փոխհատուցում եւ դերասանի հավաստիացումն առ այն, որ ինքն է կրում իր ֆինանսական խնդիրների պատասխանատվությունը: Ներկայացված տվյալների համաձայն՝ Դեփը ծախսել է ավելի քան 75 միլիոն դոլար` Բահամներում 14 տուն եւ մի քանի կղզի գնելու համար, 18 միլիոն դոլար` զբոսանավ գնելու, սարքավորելու համար եւ այլն:
Նշենք, որ սա հունվարի 13-ին Դեփի ներկայացրած հայցի պատասխան հայցն է: Ավելի վաղ դերասանը Management Group ընկերությանը մեղադրել էր վերջինիս պատճառով 40 միլիոն դոլարի չափով պարտք կուտակելու մեջ: Դեփն ավելի քան 25 միլիոն դոլար փոխհատուցում էր պահանջել:

 

 

ԵՌՅԱԿԻ ՀԱՅՐ Է
Ամերիկյան հայտնի R՚n՚B, ռեփ եւ փոփ կատարող, պրոդյուսեր Ֆարել Ուիլյամսը միանգամից եռյակի հայր է դարձել: Daily Mirror-ը տեղեկացնում է, որ աստղի կինը` Հելեն Լասիչանը, եռյակին լույս աշխարհ է բերել հունվարի սկզբին, սակայն այդ մասին հայտնի է դարձել ավելի ուշ:
Ուիլյամսի ներկայացուցիչը հայտնել է, որ մայրիկն ու նորածիններն իրենց լավ են զգում:
Հիշեցնենք, որ Ուիլյամսն ու Լասիչանը ունեին նաեւ որդի:
 

ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ընթացքում կներկայացնի իր նոր հավաքածուն՝ Yeezy Season 5-ը: Fashionista-ն տեղեկացնում է, որ նորաձեւության շաբաթը մեկնարկում է փետրվարի 9-ին: Այս տարի Ուեսթը ցուցադրության վայր է ընտրել Մանհեթենի Pier 59 Studios սրահը։
Հիշեցնենք, որ դիզայների նախորդ հավաքածուները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում ներկայացվել են Նյու Յորքում, լայնորեն քննարկվել են նորաձեւության աշխարհի ներկայացուցիչների եւ միջազգային հանրության կողմից:




Լրահոս