ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐՆ ԱՊԱԿԱՆՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է կրթության ոլորտին: «Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների ու այսօրվա պահանջներին բավարարող բովանդակությամբ կրթական ծրագրերի: Այսօր, ցավոք, ունենք ուսուցիչների վերապատրաստումների ուղղակի ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա լինելով»,- դիմելով ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, ասել է վարչապետը:

Այն, որ Հայաստանում կրթական համակարգը հատկապես դպրոցներում որակյալ չէ, փաստ է. այդ մասին, փաստորեն, խոստովանում է նաեւ կառավարության ղեկավարը: Սակայն խնդիրը պատճառաբանել միայն ուսուցիչների որակավորմամբ կամ կրթական ծրագրերի բովանդակությամբ, սխալ է: Հայաստանում կրթական համակարգի խնդիրների պատճառները շատ ավելի խորն են: Համաձայնեք, հազիվ թե հնարավոր լինի որակյալ կրթություն ապահովել մի երկրում, որի կրթական համակարգը կուսակցականացված է. ե՛ւ դպրոցների տնօրենների, ե՛ւ ուսուցչական կոլեկտիվների զգալի մասը ստիպողաբար դարձել է իշխող կուսակցության` ՀՀԿ անդամ: Ու դժվար թե հնարավոր լինի որակյալ կրթություն ապահովել մի երկրում, որտեղ ուսուցիչներին ներգրավում են քաղաքական գործընթացների մեջ` նրանց վերածելով իշխանության սպասարկուների՝ ստիպելով քծնել ու շողոքորթել պաշտոնյաներին: Եւ, վերջապես, հազիվ թե հնարավոր լինի որակյալ կրթություն ապահովել մի երկրում, որտեղ ուսուցիչների մի մասը, առանց չափազանցելու, պետական հանցագործությամբ են զբաղված, երբ ընտրությունների ժամանակ դառնում են ընտրակեղծիքների անմիջական մասնակիցը:
Ի դեպ, ժամանակին, երբ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բարձրացնում էր կրթական համակարգի քաղաքականացվածության եւ ուսուցիչներին ընտրակեղծարարության մասնակից դարձնելու հարցը, նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փորձում էր հակադարձել, թե օրենքով արգելված չէ այդ ոլորտի մարդկանց կուսակցական լինելը, ընտրական հանձնաժողովներում ներգրավվելը: Մինչդեռ կրթական համակարգի քաղաքականացվածության բացասական հետեւանքները շատ ավելի ակնհայտ դարձան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ. ընտրակեղծարարների մի մասը հենց կրթության ոլորտի ներկայացուցիչներ էին` ուսուցիչներ, որոնք դատապարտվեցին:
Եւ այսպես՝ Նոր Նորք համայնքում տեղակայված 2/36 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներից Սարգիս Խաչատրյանը հանրաքվեի ժամանակ լցոնումներ էր արել, իսկ այդքանից հետո՝ տեսնելով, որ «այո»-ն չի հաղթել, ամփոփիչ արձանագրություններում պարզապես կեղծ տվյալներ էր լրացրել: Ս.Խաչատրյանի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150 հոդվածի համաձայն, եւ նա դատապարտվել էր ազատազրկման` երեք տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, եւ նրա նկատմամբ սահմանվել էր փորձաշրջան երկու տարի ժամկետով: Նշենք, որ 38-ամյա Սարգիս Խաչատրյանը Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալն է:
Ընտրակեղծարարության համար տուգանքի էր դատապարտվել Երեւանի թիվ 104 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Աթայանը: Նա լինելով Ավանի 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ՝ քվեարկել էր երկու այլ անձանց փոխարեն:
Երեւանի թիվ 101 մանկապարտեզի դաստիարակչուհի Արմենուհի Գրիգորյանը եւս ընտրակեղծարարության համար դատապարտվել էր տուգանքի. նա էլ ուրիշի փոխարեն քվեարկել էր Երեւանի Ջրվեժ տարածքի Մայակ թաղամասի թիվ 187 դպրոցում տեղակայված 2/11 ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի անդամ է եղել:
Իսկ Երեւանի թիվ 56 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանն ուրիշի փոխարեն քվեարկել էր 1/07 ընտրատեղամասում, որտեղ ինքը հանձնաժողովի անդամ էր:
Եւս մեկ ընտրակեղծարար. Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի մանկական արվեստի դպրոցի տնօրեն Դավիթ Դանիելյանն իրենց դպրոցում տեղակայված 22/26 ընտրատեղամասում էր քվեարկել այլ անձի փոխարեն ու կրկին դատապարտվել տուգանքի:
Նշենք, որ նրանք բոլորն էլ ընդունել էին իրենց մեղքը եւ խոստովանել հանցանքը, իսկ այսքանից հետո դեռ շարունակում են մանկավարժական գործունեությունը:
Այստեղ, բնականաբար, հարց է առաջանում` ինչպե՞ս կարող են պետության դեմ հանցանք կատարածներն արժանապատիվ սերունդ, ՀՀ քաղաքացի դաստիարակել: Ինչպե՞ս կարող է մի երկրում, որի կրթական համակարգում նման բարքեր են տիրում, որակյալ կրթություն լինի: Այնպես որ, վարչապետը ճիշտ կաներ, եթե նաեւ այս հարցին անդրադառնար, թեեւ մի ստիպողաբար հանրապետականացված էլ վարչապետն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՆՈՐԸ ԵԿԱՎ
Արարատի` արդեն նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց առաջ երեք որոշում է ստորագրել: Դրանցից երկուսը վերաբերել են իր երկու օգնականներին՝ Սերգեյ Մուրադյանին եւ Նարեկ Ասլանյանին, աշխատանքից ազատելուն: Իսկ երրորդ որոշումը վերաբերել է մարզպետարանի աշխատակիցներից Ջիվան Աբրահամյանին արձակուրդ տրամադրելուն:
Ի դեպ, երեկ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին: «Ժողովուրդ»-ը մարզպետարանի աշխատակիցներից տեղեկացավ, որ հանդիպումը տեղի է ունեցել աշխատանքային օրվա ավարտին մոտ եւ տեւել է մի քանի րոպե: Դրանից հետո էլ բոլորը հեռացել են մարզպետարանից, այդ թվում նաեւ՝ նորանշանակ մարզպետ Գրիգորյանը:
Նշենք, որ հանդիպման ընթացքում Գրիգորյանը, ինչպես մյուս նորանշանակ պաշտոնյաները, աշխատակիցներին խոստացել է, որ կադրային փոփոխություններ չի անի, բայց հայտարարել է, որ կազատվեն նրանք, ովքեր չեն աշխատի: Իսկ մարզպետարանի աշխատակիցները, շունչները պահած, սպասում են, քանի որ վստահ չեն, որ նորանշանակ մարզպետը իր խոստմանը տեր կլինի:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը չի կիսում Վրաստանի նախագահի մտահոգությունները, թե ռուսական «Գազպրոմ» ընկերության եւ Վրաստանի կառավարության միջեւ ստորագրված պայմանագիրը հակասում է հարեւան երկրի շահերին: «Չեմ կարծում, որ այդպես է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է նախարարը: Հիշեցնենք, որ օրերս Վրացական կառավարությունն ընդդիմության ճնշման ներքո աստիճանաբար սկսել է բացահայտել «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի որոշ դրույթներ, ինչպես նաեւ ռուսական կողմի հետ բանակցությունների որոշ մանրամասներ: Միաժամանակ, ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ Վրաստանի էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ բանակցությունների ընթացքում «Գազպրոմ»-ը պաշտոնական Թբիլիսիին զգուշացրել է, որ եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ տարանցիկ վճարումների հարցի շուրջ, ապա Վրաստանի տարածքով դեպի Հայաստան գազի մատակարարումները կարող են ամբողջությամբ դադարեցվել:

 

 

 

«ՄԱՊ»-Ի ԱՆՎԱՆ ՏԱԿ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի ընտանիքին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «ՄԱՊ» ՓԲԸ-ի անվամբ ՊԵԿ մաքսային ծառայությունում հայտարարագրվել է 18 հազար 252 շիշ, սակայն փաստաթղթում սխալ տվյալներ են մուտքագրվել: Ընդ որում, վերոնշյալ ապրանքները հայտարարագրել է «Մաքսբրոկ» մաքսային գրասենյակ ՍՊԸ-ն, ինչի համար էլ մաքսային կանոնները խախտելու համար ընկերությանը տուգանել են 50 հազար դրամի չափով:

 

 
ՉԿԱՅԱՑԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏ
5-րդ գումարման ԱԺ 10 նստաշրջանների ընթացքում էթիկայի հանձնաժողովը գումարել է 51 նիստ, ստացել 32 դիմում, որից, սակայն, կեսից ավելին վարույթ չի ընդունել: Այս մասին երեկ նշել է «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: «5 դիմում կարճվել է, մեկն էլ՝ կասեցվել: Միայն դիմումների կեսն են քննվել: 20 դիմում եղել է 2-3-րդ նստաշրջաններում, 2 կամ 3 դիմում եղել է հաջորդ նստաշրջաններում, իսկ 7-րդ նստաշրջանում ընդհանրապես պարապուրդի են մատնվել, դիմում չեն ստացել»: Վասիլյանը նկատել է, որ դիմումների կեսը հանձնաժողովին ուղղվել է հասարակական կազմակերպություններից: «Հանձնաժողովը 4 տարվա ընթացքում 7 անգամ էթիկայի կանոնների խախտում է արձանագրել, 3 անգամ քննարկվել է Առաքել Մովսիսյանի վարքը, 2 անգամ՝ Մհեր Սեդրակյանի: Մի որոշում էլ վերաբերել է ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորի»,-հավելել է նա՝ եզրակացնելով, որ Աժ էթիկայի հանձնաժողովը, որպես ինստիտուտ, անցած չորս տարիների ընթացքում չի կայացել:

 

 

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
Երեկ Բրյուսելում կայացած լիագումար նիստի ժամանակ Եվրախորհրդարանը քվեարկել է Վրաստանի հետ վիզաների չեղարկման օգտին: ԵԽ զեկուցող Մարիա Գաբրիեն ավելի վաղ կոչ է արել Եվրամիությանը առանց հապաղելու հավանություն տալ Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի անցման մասին որոշամը, որպեսզի Եվրախորհրդարանը հաստատի այն փետրվարին: Այժմ Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկումը պետք է հաստատի Եվրամիության Խորհուրդը: Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակումից հետո:

 

 

ԳԵՐԵՎԱՐՎԱԾԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է
razm.info-ի փոխանցմամբ՝ փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների վկայությամբ՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր: Գերեվարված զինծառայողի ծնողների հետ հարցազրույց են ունեցել նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղադրվել է տեսանյութ, գերեվարվածի նկարները: Լրատվամիջոցները եւս հաստատում են, որ գերեվարվածը գործող զինվորական էր:




Լրահոս