ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Լեգենդները հեռանում են. այսօր Ուիթնի Հյուսթոնի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

I will always love you… «Թիկնապահը» ֆիլմից այս երգի շնորհիվ Ուիթնի Հյուսթոնը տեղ գտավ միլլիոնավոր մարդկանց սրտերում: Հենց այս խոսքերն են կրկնում բազմաթիվ երկրպագուներ Beverly Hilton հյուրանոցի դարպասենրի մոտ ծաղիկներ բերելով, որտեղ փետրվարի 11-ին մահացավ 48-ամյա երգչուհին: Ուիթնի Հյուսթոնը ոճի խորհրդանիշ է, երաժշտական բեստսելլերների հեղինակ, վեց Գրեմմիների տեր, կինոյի աստղ. նրա կյանքը լի էր վերելքներով և վայրէջքներով:

Այնպիսի ուժեղ, մինչև հոգու խորքը թափանցող ձայն ուներ նա: Հյուսթոնը Գինեսի ռեկորդների գրքում է` որպես ամենաշատ մրցանակներ ունեցող երգչուհի, ավելի կոնկրետ` 411, այդ թվում 6 Գրեմմի, 2 Էմմի, 22 մրցանակ American Music Awards-ում և 16 մրցանակ Billboard Music Awards-ում: Երգչուհու անկրնկելի ձայնը նրան ժառանգաբար է բաժին հասել: Մանկուց նա շրջապատված էր երաժշտությամբ. նրա մայրն ու զարմուհին բլյուզային և գոսպելի երգչուհիներ են: Էլ չենք ասում այն, որ Ուիթնիի կնքամայրը ջազի թագուհի Արեթա Ֆլանկլինն է:

Ուիթնին երգել սկսել է վաղ տարիքից, իսկ 11 տարեկանում արդեն մեներգում էր Նյու-Յորքի բրիտանական «Նոր հույսի եկեղեցու» երգչախմբում և մոր հետ շրջագայում էր դեպի տարբեր երկրներ: 1980-ականների սկզբին նա առաջին պայմանագրերն է կնքում ձայնագրման տարբեր ստուդիաների հետ, ծանոթանում է շոուբիզնեսի  վառ ներկայացուցիչների հետ և հայտնվում է տարբեր հեռուստաշոուներին:

1985 թվականին թողարկվում է Ուիթնիի առաջին ալբոմը` Whitney Houston անունով: Նա դանդաղ, սակայն հաստատուն առաջ է գնում դեպի բոլոր հնարավոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականներ և հասնում է U.S. Billboart Hot 100-ի երրորդ և R&B-ցուցակների առաջին հորիզոնակում: “How Will I Know,” “Saving All My Love,” “The Greatest Love of All”: Այս երգերը դառնում են 80-ականների հիթեր և վաճառվում միլլիոնավոր օրինակներով: 80-ականները երգչուհու կարիերայի ամենահաջող տարիներից էին. այս ընթացքում է նա ստանում տասնյակ մրցանակներ, իսկ նրա ձայնասկառավակները պլատինե էին դառնում մեկը մյուսի հետևից:

Սակայն երգչուհին իսկական փառքի է հասնում 1992 թվականին, երբ նա հոլիվուդյան դերասան Կեվին Կոստների հետ նկարահանվում է «Թիկնապահ» ֆիլմում: Գոռոզ սուպերաստղի և քաջ թիկնապահ-հերոսի մասին հուզիչ պատմությունը գրավեց միլլիոնավոր մարդկանց սրտերը: Ֆիլմի համար Հյուսթոնը ձայնագրեց վեց երգ, որոնցից գլխավոր սաուդթրեքը` I will always love you երգը իսկական պայթյուն էր երաժշտական աշխարհում: Սա դառնում է երգչուհու այցեքարտը: 1990-ականներին Ուիթնին նկարահանվեց ևս երկու ֆիլմում, ձայնագրեց մի քանի սաունդթրեք և թողարկեց թվով չորրորդ ալբոմը` My Love Is Your Love անունով: Ամեն ինչ հիանալի կլիներ, եթե սրիկա-սերը չլիներ: Այն այնքան տաղանդավոր մարդու է կործանել: Ճակատագիրը բարեգութ չգտնվեց նաև Հյուսթոնի հանդեպ. նա սիրահարվեց Բոբբի Բրաուն անունով մի թմրամոլ ռեփփերի:

Բրաունը ընդհանրապես տան մարդ չէր. Ուիթնիի հետ հանդիպելու պահին նա արդեն երեք տարբեր կանանցից երեք երեխա ուներ, ինչպես նաև խնդիրներ ուներ օրենքի հետ: Հենց նրան կարող ենք մեղադրել Ուիթնիին թմրանյութերից կախվածություն առաջացնելու մեջ: 1990-ականների «լավ» աղջկանից Ուիթնին դառնում է անկառավարելի մի խենթի: Նա ուշանում էր հարցազրույցներից, հետաձգում էր համերգները վերջին պահին, հանրության առաջ էր դուրս գալիս սարսափելի տեսքով, ինչպես նաև հայտնվում էր տհաճ իրավիճակներում: Երկար տարիների վեճերից, ծեծկռտուքներից, դավաճանություններից և թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումից հետո 2008-ին Ուիթնին վերջապես ամուսնալուծվեց: Երգչուհին երկար ժամանակ չէր կարողանում վերականգնվել:

Նա այդպես էլ չկարողացավ ազատվել թմրանյութերի կախվածությունից: Վերջին տարիներին, այնուամենայնիվ, բոլորը խոսում էին աստղի վերածննդի մասին: Նա թողարկեց I Look to You ալբոմը, որը 2010 թվականին մի շարք մրցանակներ նրան բերեց: Սակայն բոլորին սպասում էր նորությունը. 48 տարեկանում աշխարհի ամենահզոր ձայներից մեկը լքեց մեր աշխարհը` մեզ թողնելով Ջասթին Բիբերների և Ռեբեքքա Բլեքերի հետ միայնակ…{jacomment on}:




Լրահոս