Երեկ ArmLur.am-ը, հղում անելով «Իզվեստիա» պարբերականին, գրել էր, որ ԵՏՄ անդամ երկրների ներգաղթյալների համար, ովքեր աշխատում են Ռուսաստանում առանց աշխատանքային պայմանագրի, նոր կանոններ են մշակվել: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից մշակված նոր օրինագծի համաձայն՝ բացի արտաքսումից՝ իրավախախտները 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն: Բացառություն է արվել Բելառուսի քաղաքացիների համար, ովքեր ազատված են միգրացիոն քարտի ստացումից:
Նշվում է, որ օրինագծի նպատակը Ռուսաստանում ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կացության ժամկետների հետեւման վերահսկողությունն է: Ինչպես նաեւ հաղորդվում է, որ արգելք կսահմանվի արտասահմանցիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ այն դեպքում, եթե միգրացիոն քարտի մեջ աշխատանքը նշված չէ որպես մուտքի նպատակ: Գաղտնիք չէ, որ մեր «խոպանչիների» մեծ մասն աշխատանքային պայմանագիր չի ունենում, չի էլ հետաքրքրվում այդ պայմանագրով, հիմնական խնդիրը նրանց համար աշխատանքի վարձատրությունն է: Եվ, բնականաբար, այս կարգի հաստատման դեպքում նրանք բախվելու են լուրջ խնդիրների: Այս իրավիճակում հարց է առաջանում, թե ո՞ւր մնացին ԵՏՄ անդամ երկրների համար սահմանված առավելությունները, այն վարդագույն խոստումները, որ պետք է իրականություն դառնային այդ միությանն անդամակցությունից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը հարցի առնչությամբ զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, «Իզվեստիա» պարբերականը գրում է, որ ԵՏՄ երկրների ներգաղթյալների համար, ովքեր աշխատում են Ռուսաստանում առանց աշխատանքային պայմանագրի, նոր կանոններ են մշակվել: Նոր օրինագծի համաձայն՝ բացի արտաքսումից՝ իրավախախտները 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն: Սա Ռուսաստանում աշխատանք փնտրող մեր հայրենակիցների համար լուրջ խնդիրներ կառաջացնի: Դուք, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս նոր օրինագիծը:
-Իրականում հանձնաժողովում նմանատիպ հարցի քննարկում չի եղել, որ մանրամասների տիրապետեմ, իսկ սեփական ցանկություն՝ ԵՏՄ-ն ուսումնասիրելու, երբեւէ չեմ ունեցել: ԵՏՄ-ին միանալով՝ Հայաստանը, համարում եմ, որ ճիշտ ընտրություն չի արել: Բայց հիշում եմ, որ այն ժամանակ, երբ որ մեզ ներկայացնում էին ԵՏՄ-ի դրական կողմերը, ասում էին, որ այնտեղ լինելու է ապրանքների ազատ շրջանառություն, ծառայությունների, ինչպես նաեւ աշխատուժի ազատ տեղաշարժ: Հիմա եթե որոշել են հետ կանգնել այդ ամեն ինչից, դա եւս մեկ ապացույց է, որ ԵՏՄ-ի բուն իմաստը եւ այն, ինչ փորձում էին մեզ ներկայացնել, իրականությանը չի համապատասխանում: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանն այդ ժամանակ ճնշումների ներքո է գնացել ԵՏՄ, այլ ոչ թե սեփական շահերից դրդված: Ցավում եմ եւ որեւէ այլ բան ավելացնելու չունեմ:
-Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցների հիմնական մասը արտագնա աշխատանք փնտրում է Ռուսաստանի Դաշնությունում: Հիմա այս նախագծի կյանքի կոչման դեպքում շատերն այլեւս հույսեր չեն կապի Ռուսաստանի հետ եւ, ըստ երեւույթին, կմնան անգործ: Սա երկրում աղքատության ցուցանիշի ավելացմանը նպաստող եւս մեկ գործոն չի՞ լինի:
-Գիտեք, ես նրա տեղ, որ մտահոգվեմ՝ ԵՏՄ-ում ինչ կլինի, ինչ չի լինի, ավելի շատ մտահոգված եմ, որ ունենանք այնպիսի իշխանություն, հատկապես նոր գաղափարով, որը որ կձեւավորի Հայաստանում այնպիսի մի իրավիճակ, որ ներդրումներ կհոսեն այստեղ, եւ ցանկացած հայ կերազի Հայաստանում աշխատել, այլ ոչ թե այլ երկրում:
-Ըստ Ձեզ` այս օրինագիծը ի՞նչ այլ խնդիրներ կարող է իր հետ բերել:
-Այսօրվա դրությամբ ԵՏՄ-ից եկող որեւէ տեղեկության հանդեպ վստահություն չունեմ: Բայց եթե նմանատիպ խնդիրներ կան, ուրեմն ամեն մարդ պետք է իմանա, թե ինչ է իրեն սպասելու, նոր վերջնական որոշում կայացնի: Շատ զարմանալի է` ինչի մասին էին խոսում ԵՏՄ-ի գովքն անելու ժամանակ, եթե այսպիսի փոփոխություններ են լինում: Դու ինքդ պիտի պատկերացնես, թե քո գլխին ինչ «օյին» պիտի գա, ինչ է քեզ այնտեղ սպասում եւ վերջնական ընտրությունդ անես. ուզու՞մ ես դրա տակ ընկնես, թե՞ ոչ:
-Ունե՞նք հնարավորություն՝ օգնելու մեր հայրենակիցներին այդ առումով: Ի՞նչ անել, որ նրանք այդպիսի խնդրի չբախվեն:
-Մեր քաղաքացիների համար լավ կարող է լինել Հայաստանում, իսկ Հայաստանում պետք է մի իրավիճակ ձեւավորել, որտեղ մեր ժողովրդավարական ինստիտուտները զարգանան, այստեղ լինեն ներդրումներ, եւ մեր հայրենակիցներն այստեղ աշխատեն, հասկանան, որ Հայաստանն է հայերի երկիրը, եւ պետք է մտածել հայրենիքը շենացնելու մասին:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է, ԲԱՅՑ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ
«Պետական պարտքի աճը վտանգավոր չէ, եթե դա գտնվում է կառավարելիության սահմաններում: Տնտեսագիտական զարգացման թեզն էլ է ասում՝ եթե դու ունես կապիտալի կարիք, բնականաբար, այդ կապիտալի կարիքը պետք է համալրես արտաքին փոխատվությունների միջոցով, որպեսզի կարողանաս կատարել ներդրումներ այնպիսի տեղերում, որտեղ մասնավորը չի կարող»,- օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Այն դեպքում, երբ Հայաստանի նման փոքր երկրի պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ արդեն իսկ կազմում է 5 մլրդ 934.8 մլն ԱՄՆ դոլար, որից 4 միլիարդ 590 միլիոն 500 հազար դոլարը արտաքին պարտքն է:
Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը եւ կենտրոնական բանկն այդ պարտքը վերցրել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից, բանկերից եւ այլ երկրների կառավարություններից: Թեպետ 2016 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, որ այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը, այնուամենայնիվ, դեկտեմբերի ցուցանիշն այլ պատկեր է ուրվագծում. միայն դեկտեմբերի ընթացքում պետական պարտքը աճել է 185.3 մլրդ դրամով /342.5 մլն դոլարով/: Բայց ֆինանսների նախարարը հորդորում էր Սարգսյանի այդ հայտարարությունը ընկալել այլ տեսանկյունից. «Պարոն նախագահի ասածն այլ կերպ պետք է ընդունել. դա այն է, որ մեր տնտեսական աճի ներուժը պետք է տեղափոխվի վարկային մոտեցումից դեպի ուղղակի մասնավոր ներդրումներ»,- օրերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր Արամյանը: Մի՞թե իրենից վտանգ չի ներկայացնում գրեթե 6 միլիարդի հասնող պարտքն այն դեպքում, երբ մեր «տնտեսության վիճակը չափազանց ծանր է»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վտանգ տեսնում է եւ «կառավարելի» ասվածը համարում պայմանական. «Բոլոր դեպքերում վտանգը կայանում է նրանում, որ կարող է գալ մի պահ, որ այդ պահից սկսած հնարավոր չլինի արտաքին պարտքը կամ պետական պարտքը սպասարկել: Բացի դա, ի վերջո, այդ պետական պարտքն անսահման չենք կարող վերցնել, եթե տնտեսական աճ չունենանք, եթե տնտեսության մեջ փոփոխություններ չեն լինում: Այսօրվա վտանգավորությունը չափի մեջ է, որը մեծ է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Խաչատրյանը: Այնուամենայնիվ, վերջինս առայժմ չի տեսնում այնպիսի մի իրավիճակ, որ չի կառավարվում, հակառակը՝ ասում է հենց կառավարելիության համար է, որ շարունակում են Հայաստանին վստահել եւ առանց ավելորդ պայմանների վարկեր տրամադրել. «Բայց հիմա արդեն չափի խնդիրն է: Ի վերջո, մինչ այս գուցե կառավարելի էր այն պատճառով, որ այդ չափը փոքր է եղել, եւ մենք դեռեւս ֆինանսական հնարավորություններ ունեցել ենք՝ վերցնելու այդ պետական պարտքը, հետո սպասարկելու, բայց հիմա այդ հնարավորությունները փոքր են»:
Իրականում պետական պարտքի ավելացումն ինքնին վտանգավոր չէ: Բոլոր խելամիտ երկրներում վերցրած պարտքը ծախսում են այնպես, որ հետագայում զարգանա երկրի տնտեսությունը, եւ արդյունքում պետական եկամուտների ավելացման հաշվին հնարավոր լինի ոչ միայն կառավարել, այլեւ սպասարկել այդ պարտքը՝ աստիճանաբար այն մարելով: Հայաստանում, սակայն, պատկերն այլ է: Համենայն դեպս, վերջին 8 տարիներին արտաքին վարկային միջոցների արդյունավետ ծախսման մուլտիպլիկատիվ էֆեկտը, մեղմ ասած, տեսանելի չէ:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ԲԵՆԶԻՆՆ ԷԼԻ ԹԱՆԿԱՑԱՎ
Այս օրերին բենզինը կրկին թանկացել է: Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ փոխվեց կառավարությունը, նորանշանակ վարչապետը հայտարարել էր, թե պայքարելու է մենաշնորհների դեմ, եւ ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներկրել: Դրանից հետո հայտարարվեց բենզինի եւս մեկ ներկրողի մասին՝ «Մաքս-պետրոլ» ՍՊԸ, եւ արդեն հոկտեմբերից բենզինի գները կտրուկ նվազեցին մոտ 50 դրամով. «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը 380 դրամից էժանացել, դարձել էր 330 դրամ: Բայց պարզվում է՝ այդ ամենը ընդամենը ժամանակավոր շոու-ներկայացում էր. այս օրերին բենզինի գինը կրկին սկսել է բարձրանալ: Երեկվա դրությամբ «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր մինչեւ 360-370 դրամով: Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նույնպես բենզինի շուկայում այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, գնաճ է արձանագրել՝ 2.2 տոկոս: Բենզինի գների բարձրացման շուրջ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից հայտնեցին, որ հանձնաժողովը այժմ ուսումնասիրում է Հայաստանի բենզինի շուկան: Եւ տնտեսվարողներից համապատասխան փաստաթղթային տեղեկատվությունը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատական տալ բենզինի շուկայում տեղի ունեցող զարգացումներին: Հայաստանյան բենզինի շուկայում վերջին օրերի գնաճն ուշագրավ է մեկ այլ առումով. մի քանի օր է՝ համաշխարհային շուկայում կրկին սկսել է նվազել նավթի գինը, եւ ենթադրվում էր, որ դրա հետեւանքով պետք է նվազի նաեւ բենզինը: Մինչդեռ Հայաստանում հակառակ պրոցեսն է ընթանում:
ՉԵՆ ՀԱՄԱԼՐԻ
ՀՀԿ խորհրդի անդամների թիվը պակասեց այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանն ու նրա թիմը դուրս եկան կուսակցությունից: Երեկ էլ ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստում որոշում էր կայացվել ՀՀԿ խորհրդի կազմից ազատել կուսակցությունից հեռացած գործիչներին՝ Հովիկ Աբրահամյանին, Ջոնիկ Աբրահամյանին եւ Կարինե Պողոսյանին: Իսկ նրանց փոխարեն նոր անդամների չեն ընդգրկելու կուսակցության խորհրդում: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ արյդո՞ք նրանց փոխարեն ՀՀԿ խորհրդում նոր համալրում է սպասվում: «Խորհրդի անդամների քանակը ֆիքսված չէ: Մեր խորհուրդը ձեւավորվում է մի քանի սկզբունքով, առաջինը՝ ի պաշտոնե, որոնց մեջ մտնում են պատգամավորները, նախարարները, մարզային կառույցի ղեկավարները, բոլորն էլ ՀՀԿ խորհրդի անդամ են»,- ասաց նա:
ԱՆՎՃԱՐ Է ԴԱՐՁՐԵԼ
Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նորամուծություն է մտցրել բուհում: Այնտեղ բոլոր ուսանողները հնարավորություն ունեն փետրվարի 1-ից անվճար պատճենահանել իրենց ուսումնական նյութերը՝ որոշակի լիմիտով: Սա, թերեւս, մեծ օգնություն է լինելու ուսանողների համար, եթե նկատի ունենանք այն փաստը, որ պատճենահանման համար բժշկականի ուսանողները մշտապես մեծ գումարներ են ծախսում: