ՀՀԿ-Ի ԴԱՇԻՆՔԸ «ՖԻԼԻԱԼՆԵՐԻ» ՏԵՍՔՈՎ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ներսում լուռ դժգոհություն է հասունանում: Պատճառը ԱԺ ընտրությունների նոր ընտրակարգն է: Ավանդաբար համամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ականները չեն ցանկանում ընդրգրկվել ռեյտինգային ցուցակներում եւ այդպես պայքարել մանդատի համար: Քանի որ չեն կարողանալու մեծ ձայներ ապահովել:

Բայց սա, բնականաբար, դուր չի գալիս նրանց, ովքեր առաջադրվելու են ռեյտինգային ցուցակներով, կաշվից դուրս են գալու՝ ՀՀԿ-ին ձայն ապահովելու համար՝ իմանալով, որ իրենք, այնուամենայնիվ, չեն դառնալու պատգամավոր: Ու հիմա ՀՀԿ ներսում քննարկումներ են սկսվել, որ իրականում պատգամավոր դառնալ ցանկացողները պետք է պարտադիր առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսվել է, որ բացառություն կարող են լինել միայն կառավարության անդամները, որոնք թեեւ կարող են ընդգրկվել ՀՀԿ ցուցակ, մանդատից կհրաժարվեն, եւ հետո՝ կա գործադիրի լիազորությունների իրագործման խնդիր, մինչդեռ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելը կխանգարի աշխատանքին:
Այս ամենից բացի՝ լուռ դժգոհություն կա նաեւ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած մարդ-կուսակցությունների մասով: Ըստ էության, ՀՀԿ «ֆիլիալի» վերածված այդ կուսակցությունների ղեկավարները կրկին ցանկանում են դառնալ պատգամավոր, բնականաբար, ՀՀԿ-ի հաշվին, համամասնական ցուցակով, այսինքն՝ առանց ռեյտինգային կարգով առաջադրվելու: Ու քանի որ նոր Սահմանադրության համաձայն՝ հաջորդ ԱԺ-ում պատգամավորների թիվը սահմանափակ է (լինելու է առնվազն 101 պատգամավոր եւ, բնականաբար, ոչ բոլորը՝ ՀՀԿ-ից), հիմա ներսում խանդի տեսարաններ են սկսվել: Եթե անկեղծ, ապա ՀՀԿ-ականների դժգոհությունը նույնիսկ արդարացված կարելի է համարել, քանի որ այդ կուսակցությունները դարձել են ընդամենը «պատառ փախցնողներ», որոնք որեւէ ռեալ օգուտ չեն տալիս: Այս ընթացքում նրանք միայն օգտվել են իշխանության հնարավորություններից՝ պատգամավորական մանդատ, անձեռնմխելիություն, բարձր աշխատավարձ, հինգ տարի շարունակ պարբերական ճամփորդություններ եւ այլն, փոխարենը ոչինչ չտալով դրա դիմաց. բացառություն կարող է լինել Ս. Սարգսյանի հասցեին գովասանքի հարցազրույցներ տալն ու ՀՀԿ-ին սատարելու մասին հայտարարությունները: Բայց դրանց էֆեկտը, ինքներդ եք հասկանում, զրոյական է, եթե չասենք՝ շատ հաճախ բացասական:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած մյուս կուսակցությունների ղեկավարներից պարզել՝ արդյո՞ք պատրաստվում են առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով:
«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը նշեց, թե իրենք ՀՀԿ-ի հետ շարունակելու են համագործակցել, ինքը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակում, իսկ ահա ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու: «Իհարկե, համամասնական ցուցակում եմ լինելու: Ո՞նց եք պատկերացնում, որ կուսակցության նախագահն առաջադրվի ռեյտինգային կարգով»,- ասաց նա: Մելիքյանը, սակայն, նաեւ նշեց, որ իրենց կուսակցության անդամներից լինելու են ռեյտինգային ցուցակով առաջադրվողներ: Թե ովքեր են նրանք, Մելիքյանը չբացահայտեց. «Ժամանակը կգա, կտեսնեք»: Եթե անկեղծ՝ ապա այս կուսակցությունում Մելիքյանից բացի դժվար է որեւէ այլ մարդու մտաբերել, բայց, դե, սա արդեն կարեւոր չէ: Գլխավորն այն է, որ կուսակցական «բոսս» է Մելիքյանը:
«Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը դժվարացավ նշել՝ ինքն ինչ ձեւաչափով է մասնակցելու ընտրություններին: «ՀՀԿ-ի հետ կա ավանդական համագործակցություն, արդեն 10 տարի է՝ համագործակցում ենք: Մնացած բոլոր հարցերը պարզ կլինեն առաջիկայում: Հիմա դեռ հստակեցման փուլում է»,- ասաց Թորոսյանը:
ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը եւս նշեց, թե դեռեւս քննարկումներ են ընթանում, եւ վերջնական որոշում կայացված չէ: Իսկ հարցին, թե ինքն անձամբ ուզում է առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, Հարությունյանը հստակ պատասխան չտվեց: «Մի քանի օր էլ սպասեք եւ կտեսնեք»,- նշեց նա:
ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանի պատասխանը, իհարկե, ամենաօրիգինալն էր. Գեղամյանը հիշեցրեց, որ ինքը վերջերս երկու ծավալուն հոդված է գրել, որոնք հրապարակվել են հայաստանյան ու ռուսաստանյան լրատվամիջոցներում, աշխատում է երրորդ հոդվածի վրա, այն եւս լույս կտեսնի. «Խնդիրը մի՛ հասարակացրեք: ՀՀ-ն բավական լուրջ մարտահրավերների առաջ է՝ պայմանավորված առաջին հերթին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակով, հարեւան երկրի սուլթանի ծայրաստիճան վտանգավոր հայտարարություններով եւ այդ երկրում վիճակի սրացմամբ, որը, Աստված մի արասցե, կարող է ավարտվել պատերազմական գործողություններ սանձազերծելով: Հիմա էս հարցերը թողած, երբ նման հարցեր եք տալիս, տխրում եմ պարզապես»,- հորդորեց Գեղամյանը:
Այնուամենայնիվ, պարոն Գեղամյանը լինելո՞ւ է ՀՀԿ ցուցակում, թե՞ ոչ, պատասխանեց. «Մի՛ հասարակացրեք իրավիճակը: Բոլորս հիմա պետք է համախմբվենք, կոնսոլիդացիայի ենթարկենք ազգը, որ կարողանանք բախտախնդիր Ալիեւների եւ նրանց թիկունքում կանգնած ուրիշ հայատյացներին ասենք, թե ովքեր ենք»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ
Ավելի քան երեք ժամ տեւած նիստում «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: «Ժառանգության» անդամները, սակայն, չեն հստակեցնում՝ ո՞ւմ հետ են դաշինք կազմելու: Նրանք կանգնած են երկընտրանքի առաջ. որպես հավանական գործընկեր դիտարկվում է կա՛մ Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվելիք դաշինքը, կա՛մ «Ելք» դաշինքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք հիմա այս երկու ուժերի հետ են բանակցում, բայց եւ վերջնական որոշում չեն կայացրել:
Տեղեկացանք, որ երեկվա նիստը եւս թեժ է անցել. ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը դեմ է եղել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն, ինչպես տեղեկացանք Ա. Մարտիրոսյանից, որոշումը կայացվել է նիստի ներկա մեծամասնության կողմից: Ասել է թե՝ հաղթեց Արմեն Մարտիրոսյանը, որը պնդում էր դաշինքով մասնակցելու տարբերակը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, թերեւս, չի լինի որեւէ ցուցակում:

 

 

ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ
Երեկ ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համահեղինակները, պարզվում է, ԱԺ ամենակարկառուն ներկայացուցիչներն են՝ ՀՀԿ-ականներ Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, ու Արթուր Ստեփանյանը՝ Չախկալը:
Վահրամ Մկրտչյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին, սակայն, մենակ էր եկել. նախագծի մյուս երկու համահեղինակները չկային: Ու թերեւս պատահական չէ, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ, ներկայացնելով նախագծի հեղինակներին, նշեց միայն Վահրամ Մկրտչյանի անունը: «Նախագծի հեղինակներն են Վահրամ Մկրտչյանը եւ այլ գործընկերներ»,- ասաց Սահակյանը: Ըստ էության, կա՛մ նա չէր հիշում մյուս հեղինակների անունները, կա՛մ պարզապես գիտեր, որ Սասի Արտակը կամ Չախկալն իրականում որեւէ աղերս չունեն այս նախագծի հետ: Պարզապես նախագծի տակ ստորագրել են՝ գլխաքանակ ապահովելու համար:

 

 

ԸՆԴԴԵՄ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2016 թվականին անդրադարձել էր Աժ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի դեմ ներկայացված դատական գործընթացներին, ինչի հետեւանքով գործարար պատգամավորը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ էր հայտնվել: Բանն այն է, որ Երեւանի բնակիչ Արտուշ Մարտիրոսյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Աժ պատգամավոր Մելիք Մանուկյանից բռնագանձել 100 հազար դոլար եւ 94 միլիոն 524 հազար դրամ՝ պնդելով, որ պատգամավորը խաբել է իրեն: Մելիք Մանուկյանը, սակայն, երեք ատյաններում էլ հաղթել է դատը: Դե, իհարկե, պատգամավորի մանդատը «քար է ծակում»:

 

 
ԱՓՍՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ՀԵՏԵՎԻ
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ափսոսում է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լքել է ՀՀԿ-ն, սակայն ինքը չի հետեւի Աբրահամյանի օրինակին: Այս մասին Արփինե Հովհաննիսյանն ասել է երեկ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ: Նա ընդգծել է, որ իրեն կուսակցության կանանց ցուցակը գլխավորելու առաջարկ չի եղել: «Երբ որ ցուցակը կհրապարակվի, բոլորդ կիմանաք, ինձ առաջարկ չի եղել», – հավաստիացրել է նա:

 

 

ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԻ
Գործարար Խաչատուր Սուքիասյանը երեկ հայտարարություն է տարածել՝ ԱԺ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ: «Հանրությունը տեղեկացված է, որ վերջին ամիսներին քաղաքական խորհրդակցություններ եմ ունեցել մի շարք ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ: Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական ուժերին, ում հետ այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել: Վերջին տարիներին հիմնական ժամանակս տրամադրել եմ տնտեսական գործունեությանը, այդ թվում՝ տնտեսության զարգացմանը վերաբերող վերլուծական աշխատանքին: Այս ուղղությամբ իմ գործունեության շարունակությունը Հայաստանի հաջող ապագային նպաստելու լավագույն ձեւն է: Հետեւաբար առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու եւ շարունակելու եմ ուժերիս ներածին չափով նպաստել մեր երկրի զարգացմանը»,- ասված է հայտարարությունում:

 

 

ՄՅՈՒՍ ՇԱԲԱԹ
Արդեն հայտնի են այն հինգ ուժերի անունները, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, եկող շաբաթվա առաջին օրերին հուշագիր կստորագրեն, որով կազդարարեն ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքով մասնակցելու մասին: Նախնական հինգ ուժերը հետեւյալն են՝ ԲՀԿ, «Միասնություն» շարժում, ՀՀՇ, ՍԴՀԿ, ՀՌԱԿ: Հուշագրի ստորագրման արարողությունը կկայանա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, հուշագրի ստորագրման ժամի շուրջ դեռ հստակեցումներ են արվում, սակայն արարողությունը բաց է լինելու լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Դեռեւս անհայտ է նաեւ՝ Գագիկ Ծառուկյանը ներկա կլինի՞ հուշագրի ստորագրմանը, թե՞ ոչ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս հարցի շուրջ քննարկումները դեռեւս շարունակվում են: Ընդգծենք, որ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքով մասնակցելու ցանկություն այլ ուժեր եւս հայտնել էին, օրինակ՝ ՎՍԴՀԿ-ն, «Ալյանս»-ը, սակայն այս պահի դրությամբ դաշինքը դեռեւս կունենա վերը նշված տեսքը:




Լրահոս