ՀՀ արդարադատության համակարգի աքիլլեսյան գարշապարը եղել եւ դեռ մնում է քրեակատարողական հիմնարկների գործունեությունը: Տակավին վերջերս էր, որ բացահայտվեց, թե ինչպես է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարել ՔԿՀ-ի պետի տեղակալը: Այդ համակարգում անասելի մեծ քանակությամբ «սեւ գումարներ» են պտտվում, որոնք քրեական աշխարհի ներկայացուցիչների տիրապետության տակ են: Ինչո՞ւ հնարավոր չէ մաքրել համակարգը:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների շուրջ աղմուկը չի դադարում: Տեւական ժամանակ է, ինչ ՔԿՀ-ի դատապարտյալներն ինքնավնասման են գնում կամ այլ կերպ աղմկում: Հունվարի 21-ի դեպքը օրինակ, երբ դատապարտյալները ինքնավնասման էին դիմել, քանի որ ՔԿՀ ղեկավարությունը նրանց տեղափոխել էր այնպիսի խուց, որտեղ, ըստ նրանց, անմիխթար վիճակ է: Արդյունքում դատապարտյալներն ասում են, թե իրենց իրավունքներն են ոտնահարվում, իսկ նախարարությունն էլ պարզաբանում է, թե դատապարտյալները կանոններին չեն ենթարկվում: Ի՞նչ է կատարվում:
-Այնտեղ եղել են բազմաթիվ դատապարտյալներ, որոնց վաղօրոք զգուշացվել է, որ իրենք տեղափոխվելու են, քանի որ առաջին հարկի այդ խցերը այլեւս չեն օգտագործվելու: Ոչ թե դա արվում է՝ ինչ-որ մեկին այդտեղ տեղավորելու համար, այլ պարզապես այս խցերը ի սկզբանե չպետք է այլեւս օգտագործվեն որեւէ մեկի համար. դրա մասին բարձրաձայնել են ե՛ւ իրենց փաստաբանները, ե՛ւ ՄԻՊ-ը: Իհարկե, այնպես չէ, որ լավագույն պայմաններն են այնտեղ, բայց շատ ավելի պատշաճ վիճակում է գտնվում, քան այն խուցը, որտեղ նրանք գտնվել են: Որեւէ բռնություն նրանց նկատմամբ չի եղել:
-Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դատապարտյալները իրենց ոտնահարված իրավունքների կամ ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասով նամակ են ուղղում ՀՀ արդարադատության նախարարին կամ Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն նամակները տեղ չեն հասնում, քանի որ արձագանք չեն ստանում: Կոնկրետ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալները նշում են, որ ՔԿՀ-ի ղեկավար Տիգրան Նավասարդյանը հսկողություն է իրականացնում նամակների վրա եւ այնպես է անում, որ բողոքները տեղ չհասնեն:
-Անկեղծ ասած՝ ես ունեմ դատապարտյալներից դիմումներ, այդ թվում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, բայց Ձեր խնդիրը կրկին ուսումնասիրության առարկա կդարձնեմ, եթե այդպիսի դեպքեր կան, ապա, բնականաբար, միջոցներ կձեռնարկվեն, որ չլինեն:
-Ինչպես հայտնի է՝ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նկատենք, որ ՔԿՀ-ի երկու շարքային պաշտոնյաներ հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, ըստ էության, նրանք դարձան քավության նոխազ, իսկ ահա «խոշոր ձկները» մնացին անպատիժ: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք ՔԿՀ-ի պետի տեղակալն առանց իր վերադասի իմացության կարող էր դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարել: Դուք այս դեպքից հետո ի՞նչ քայլեր եք իրականացրել:
-Քրեակատարողական վարչության կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքում էր բացահայտվել այդ դեպքը, որի վերաբերյալ պատրաստված նյութերն ուղարկվել էին համապատասխան իրավապահ մարմնին: ՀՔԾ-ի կողմից արդեն տրվել է այդ դեպքերի քրեաիրավական գնահատականը, եւ նույն հարցի վերաբերյալ արդարադատության նախարարությունը գնահատական տալու իրավասություն չունի:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՀՔԾ-Ն «ԱԼԱՐՈՒՄ Է»
Փետրվարի 1-ին «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» ծավալուն հոդված էր հրապարակել Սարի Թաղում հուլիսյան դեպքերի առիթով հարուցված քրեական գործի վերաբերյալ՝ արձանագրելով, որ. «ՀՔԾ-ն գործն առաջ չի տանում եւ լռություն է պահպանում»:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» փոքրիկ հարցախույզ էր անցկացրել տուժած լրագրողների շրջանում` պարզելու, թե վեց ամիսների ընթացքում վերջին անգամ նրանք երբ են հանդիպել քննիչներին, ինչ զարգացումներ կան այս գործով: Lրագրողների գրեթե մեծ մասը ասել է, որ 6 ամիսները բավարար ժամանակ են, որ իրենց կողմից մատնանշված անձինք հարցաքննվեին եւ պատասխանատվության ենթարկվեին, սակայն չի արվել: Ըստ լրագրողների՝ իրավապահների մոտ բացակայում է այս գործը բացահայտելու քաղաքական կամքը: Ու, ըստ այդմ, պարզվում է, թե ում հրահանգով են բռնության ենթարկվել լրագրողները, ջարդուխուրդ արվել տեսախցիկները:
Երեկ այս առնչությամբ պարզաբանում էր տարածել նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ ներկայացնելով, թե լրագրողներից յուրաքանչյուրի հետ կապված ինչ քննչական գործողություններ են իրականացվել: Ուշագրավն այն է, որ ըստ ՀՔԾ-ի՝ երբ մի շարք լրատվամիջոցների լրագրողներին ծանուցվել է գործով փորձաքննություն նշանակելու մասին որոշումներին ծանոթանալու համար ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, չեն ներկայացել. «Մի շարք տուժողներ չեն կարողացել նկարագրել իրենց նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց արտաքինը, ուստի վերը նշված դրվագներով ուսումնասիրվել են քրեական գործերում եւ համացանցում առկա, ինչպես նաեւ լրագրողների կողմից ներկայացված տեսանյութերը, այդ եղանակով պարզվել է տեսանյութերում ոստիկանության՝ տարբեր գործողություններ կատարած բազմաթիվ աշխատակիցների ինքնությունը, եւ վերջիններս հարցաքննվել են»:
Ավելին՝ ըստ ՀՔԾ-ի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում նման հայտարարություններն անտեղի են, քանզի հիշյալ գործերով նախաքննությունը դեռ ավարտված չէ:
Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ ՀՔԾ-ն լրագրողներից ակնկալում է ամբողջությամբ բացահայտել քրեական գործը, «ծամել դնել իրենց բերանը», որպեսզի իրենք իրավաբանորեն պարզապես դակեն գործը: Ի՞նչ է նշանակում՝ չեն կարողացել նկարագրել իրենց նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց արտաքինը: Այսինքն՝ եթե պայթյունների, որոտների ու կրակոցների մեջ լրագրողները չեն հասցրել տպավորվել ջարդարարներով, ուրեմն ՀՔԾ-ն պիտի չբացահայտի՞ նրանց: Համաձայնեք՝ այդպես ազնիվ չէ: Իրականում լրագրողները ամբողջությամբ բացահայտել են այս գործը, կան տեսանյութեր, թե ովքեր են ուղղորդում քրեական տարրերին եւ ինչ կապ ունեն նրանք ուժային կառույցների հետ: Այստեղ համարձակության ու քաղաքական հանձնարարականի խնդիր է:
ԴԺԳՈՀ Է ՕՐԵՆՍԳՐՔԻՑ
ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով չի մասնակցում «Ծառուկյան» դաշինքի ձեւավորման շուրջ տեղի ունեցող քննարկումներին, երեկ հայտարարել է, որ ինքը ռեյտինգային համակարգով առաջադրվելու է Արագածոտնի մարզում: Խաչատրյանը ընդգծել է, որ տեղյակ չէ իր մրցակիցների մասին: «Չկա ընտրական օրենսգիրք. փոխարենը օգներ քաղաքական դաշտի կայացմանը, ընդհակառակը, այն սարքվեց տեղական «խորոշիների» ինքնադրսեւորման արենա: Եթե ժողովուրդը մեզ վստահի, մենք կունենանք ապագայում այլ ընտրական օրենսգիրք եւ այլ Սահմանադրություն», -ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:
ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 1-ին եւ 3-ին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել հացադուլ եւ ջրադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին եւ ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները: Ըստ օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ «Առանձնազրույցի ընթացքում Պողոսյանը նշել է, որ դադարեցրել է ջրադուլը եւ հացադուլը, քանի որ գիշերն առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Պողոսյանը պաշտպանի ներկայացուցիչների ներկայությամբ զննվել է բժիշկների կողմից եւ ստացել հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն»: Ներսես Պողոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է Ժիրայր Սէֆիլյանի կազմակերպած խմբի կողմից 2016-ին ապօրինի կերպով զենք փոխադրելու եւ դրանց կիրառմամբ Երեւանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Պողոսյանին սպառնում է 3-ից 8 տարվա ազատազրկում։
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ. զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, տարբեր ոլորտներում ընդլայնվել է համագործակցությունը: Այդ մասին երեկ ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդունելով տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին: Ընդգծելով, որ ակտիվորեն շարունակվում են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները, զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում գործընթացը կմտնի ավարտական փուլ: Սարգսյանը Հայաստան-ԵՄ համագործակցության կարեւոր ձեռքբերումների թվում նշել է Եվրամիության խորհրդի կողմից Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների մանդատը հաստատելու որոշման ընդունումը եւ հավաստիացրել, որ Հայաստանը այսուհետ եւս պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը վերջինիս կողմից ներդրվող ջանքերի ու ռեսուրսների, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տրամադրած աջակցության համար: