«ԿՄՏՆԵՔ ԳՐՔԻ ՄԵՋ ԵՎ ԳԻՐՔ ԿԳՆԵՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանցիները շուտով ականատես կլինեն դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռի (Արման Դավթյան) հերթական յուրօրինակ աշխատանքին: Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի շրջակայքում տեղ գտած «Ընթերցողը» արձանի հեղինակը «Ժողովուրդ»-ին պատմել է գրքային թեմայով նոր նախագծի մասին, անդրադարձել է իր նոր հավաքածուի յուրահատկությանը, խոսել է շոուբիզնեսցիների հետ աշխատելու առանձնահատկություններից:

-Կա՞ նոր նախագիծ, որի վրա աշխատում եք, եւ որը, գուցե, շուտով դառնա մեր քաղաքային միջավայրի մի մասը:
-Այո՛, հենց այս պահին աշխատում եմ մի նախագծի վրա: Շուտով մայրաքաղաքում կհայտնվեն գրքերի փոքրիկ խանութներ, որոնք արտաքինից կհիշեցնեն հենց գրքերի: Այսպես ասած` կմտնեք գրքի մեջ եւ կգնեք գիրք:
-Այսինքն` դա լինելու է բուտիկների ցա՞նց:
-Այո՛, խոսքը թվով յոթ բուտիկների մասին է: Այդ խանութների թիվը, հնարավոր է, հետագայում ավելանա: Նախաձեռնությունը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանինն է: Նախագիծը, թերեւս, ավարտին կհասցնեմ հաջորդ շաբաթվա վերջում: Դրա նախադեպը ոչ մի տեղ չկա:
-Մի փոքր պատմեք Ձեր հեղինակած «Սաթենիկ» զարդերի հավաքածուի մասին: Այն, որքանով տեղյակ եմ, պետք է համալրվի վեց տարի շարունակ: Ո՞րն է դրա խորհուրդը:
-Հիմա իմ ցուցասրահում ներկայացված է «Սաթենիկ»-ը, որի շրջանակում դեռեւս տեղ է գտել 2016-ի հավաքածուն: Այսինքն` առաջիկա հինգ տարում այն դեռ պետք է համալրվի: Հավաքածուն նվիրված է Սաթենիկ թագուհուն` Արտաշես թագավորի կնոջը: Սաթենիկի սիրտը գրավելու համար պահանջվել է վեց տարի (սրանով էլ պայմանավորված է խորհրդանշական թիվը), եւ Արտաշեսը շատ է աշխատել այդ ուղղությամբ, նաեւ զարդեր է նվիրել նրան: Հավաքածուում նմուշներ են, որոնք, իմ պատկերացմամբ, Արտաշեսը նվիրել է Սաթենիկին:
-Դուք հայտնի եք նաեւ Ձեր թողարկած օծանելիքով: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվո՞ւմ են:
-Այո՛, հենց «Սաթենիկ» հավաքածուում կա զարդ` օծանելիքով (ես օծանելիքը դնում եմ զարդի մեջ), որն ունի Արտամետի խնձորենիների ծաղկունքի բույրը: Սա այն միջոցն էր, որի շնորհիվ Սաթենիկը չկարողացավ դիմադրել Արտաշեսին եւ համաձայնեց լինել նրա կինը:
-Որպես դիզայներ` շարունակո՞ւմ եք աշխատել հանրային մարդկանց հետ:
-Այո՛, անշուշտ: Վերջին շրջանում աշխատել եմ, օրինակ, Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ: Հուսամ` նրանց նոր նախագծում ես եւս կունենամ իմ ներդրումը:
-Առհասարակ, մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները բա՞ց են նոր առաջարկների առջեւ, թե՞ այդ առումով ճանապարհ ունեն անցնելու:
-Անցնելու ճանապարհ, բեմի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու խնդիր ունեն հատկապես երիտասարդ արտիստները: Նրանք, չգիտես ինչու, երբեմն որոշում են, որ միայն բեմ դուրս գալը բավական է, այնինչ՝ բեմը ունի հստակ պահանջներ. դրանցից մեկն էլ այն է, որ արտիստը պետք է ճաշակ թելադրի: 1990-ականներին, օրինակ, երբ արտիստները ոչ մի ռեսուրս չունեին` ո՛չ ֆինանսական միջոցներ, ո՛չ ինֆորմացիայի հարուստ աղբյուր, այնուամենայնիվ, կարողանում էին իրենց համար հագուստներ ստեղծել, ինչ-որ բաներ հորինել, բեմական կերպարներ ստանալ, որոնք, ի դեպ, շատ հետաքրքիր էին եւ ավելի գեղեցիկ էին ստացվում, քան հիմա, երբ ամեն հնարավորություն կա: Բայց այսօր մեր արտիստները մի քիչ անփույթ են վերաբերվում բեմին: Իհարկե, խոսքս ոչ բոլորի մասին է, բայց նկատել եմ այդ միտումը: Անգամ հեռուստաեթերով նկատողություն եմ արել նրանց: Սրա ելքն այն է, որ նրանք վերանայեն իրենք իրենց մասին կարծիքը: Աստղ բառը մեր իրականության հետ որեւէ կերպ չեմ ասոցացնում, բայց սկսնակները հաճախ իրենց կայացած աստղ են համարում: Այնինչ՝ ճիշտ կլինի, որ վերջիններս ավելի պատասխանատու եւ զգոն վերաբերվեն բեմին:

 

 

 
«ԻՄ ԿՅԱՆՔԸ ԲԱԺԱՆՎԵՑ ԵՐԿՈՒ ՄԱՍԻ»

«Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը, ով այժմ նկարահանվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կյանքը շարունակվում է» հաղորդաշարում, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի ավարտական կուրսում: Նա այժմ պատրաստվում է դիպլոմային ներկայացմանը` հիմնված Պուշկինի ողբերգությունների վրա, այդ պատճառով էլ եթե նույնիսկ ինչ-ինչ նախագծերում ընդգրկվելու հրավերներ է ստանում, չի ընդունում դրանք:

«Սերիալներն, օրինակ, մշտական զբաղվածություն են պահանջում, ուստի նախընտրում եմ հանդես գալ հաղորդաշարում: Իհարկե, կան պատմություններ, որոնք անհնար է բացել երկու ժամվա ընթացքում: Բայց այդ դեպքում նախընտրում եմ ներկայանալ, օրինակ, 18 սերիայից բաղկացած բազմասերիանոց ֆիլմերում: Եվ հետո ինձ համար ցանկալի է սցենարին ծանոթ լինել նախապես, այլ ոչ թե նախագծի ընթացքում հասկանալ` կերպարդ ուր է գնում»,-մեկնաբանեց Արեւիկը:
«Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ դերասանուհին Սանկտ Պետերբուրգում նկարահանվել է ռուսական արտադրության նախագծում, որտեղ նրան վստահվել է առանցքային կերպարներից մեկը: Հետաքրքրվեցինք` երբ է ֆիլմը բարձրանալու մեծ էկրան, եւ խնդրեցինք դրա մասին մանրամասներ հայտնել. «Ֆիլմի պրեմիերան պետք է կայանա այս տարվա ընթացքում, ես մարմնավորել եմ հայ լրագրողի»,-ասաց մեր զրուցակիցը: Կինոնկարը, որի ռեժիսորը Ալեքսեյ Գերման կրտսերն է, հայ-հրեական ծագումով գրող Սերգեյ Դովլաթովի մասին է, այն հենց այդպես էլ կոչվում է` «Դովլաթով»:
Բացի ստեղծագործական կյանքին առնչվող նորություններից` 2016-ի աշնանը նշանադրված դերասանուհուց հետաքրքրվեցինք` այս տարի անձնական կյանքում կարգավիճակի փոփոխություն, այսինքն` ամուսնություն սպասվում է, թե ոչ. «Ոչ, այս տարի նման բան չի սպասվում»,-ասաց նա: Իսկ հարցին, թե արդյոք հոգեբանորեն պատրաստ է այդ քայլին, Արեւիկը պատասխանեց. «Ինձ թվում է` ոչ մեկն էլ հոգեբանորեն պատրաստ չի լինում դրան, դա ուղղակի կյանքի մի էտապ է: Իմ կյանքը բաժանվեց երկու մասի` սիրուս գտնելուց առաջ եւ դրանից հետո: Իսկ ամուսնությունը, գուցե, ցանկություն է` ծերանալ այն մարդու հետ, ում հետ կապում ես կյանքդ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՓԱՌԱՏՈՆ 8-ՐԴ ԱՆԳԱՄ
Երեւանում փետրվարի 15-28-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը։ Ավանդական դարձած երաժշտական այս նախաձեռնությունն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնի նպատակն է երաժշտասեր հասարակայնությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը։ Այն ամեն տարի նվիրվում է հայ կոմպոզիտորներից մեկին եւ կրում է նրա անունը։ 2017-ին այն նվիրված է լինելու Հարո Ստեփանյանի 120-ամյակին եւ անվանվելու է «Հարո Ստեփանյան-ֆեստ»: Փառատոնը նախաձեռնել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Կամերային եւ սիմֆոնիկ 5 համերգների ընթացքում ներկայացվելու են Հարո Ստեփանյանի, Գրիգոր Հախինյանի, Հարություն Դելալյանի, Էդուարդ Հայրապետյանի, Աշոտ Զոհրաբյանի, Արթուր Ահարոնյանի, Վաչե Շարաֆյանի, Ժիրայր Շահրիմանյանի եւ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Կլինեն համաշխարհային եւ հայաստանյան պրեմիերաներ։ Փառատոնի շրջանակներում թվայնացվել են Հարո Ստեփանյանի երբեւէ չհնչած սիմֆոնիկ եւ կամերային մի շարք ստեղծագործություններ, որոնք գտնվում էին կոմպոզիտորի արխիվում:

 

 

ՋՈԼԻ vs ԹՐԱՄՓ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարն է, մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն 90 օրով արգելող եւ սիրիացի փախստականների ընդունման գործընթացն անժամկետ դադարեցնող աղմկահարույց հրամանագիրը: Al Arabiya-ի փոխանցմամբ` Ջոլին շեշտել է, որ այդ արգելքը վնասելու է նախեւառաջ առանց այդ էլ թույլ ու խոցելի փախստականներին. «Նման արգելքը խաղ է կրակի հետ»,-ասել է նա` հավելելով, որ թույլերին եւ անօգնականներին ճնշելով` հնարավոր չէ հզոր ու ազդեցիկ երեւալ:

 

 

ՉԵՂԱՐԿԵԼ Է ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ավստրալացի հայտնի փոփ երգչուհի Քայլի Մինոուգը պարզել է սիրելիի` դերասան Ջոշուա Զասեի դավաճանության մասին ու չեղարկել նշանադրությունը: The Daily Mail-ը տեղեկացնում է` Մինոուգը բացահայտել է, որ Զասեն իրեն դավաճանում է իսպանացի դերասանուհի Մարթա Միլանսի հետ:
«Քայլին հիասթափված է: Նա հավատում էր, որ Ջոշուան հենց այն միակն էր, սակայն այլեւս չի վստահում նրան»,- պատմել է երգչուհուն մոտ աղբյուրը:
Նշենք, որ Զասեն եւ Միլանսը ծանոթացել են անցած տարի Կանադայում` ֆիլմի նկարահանման ժամանակ:
Հիշեցնենք, որ Մինոուգն ու Զասեն նշանադրվել էին մոտ մեկ տարի առաջ:




Լրահոս