ՀՀԿ-Ի ԴԻԼԵՄԱՆ. ՓՈՂ, ԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններն իշխանությունների համար լուրջ փորձաքար են լինելու, եւ այս առումով ՀՀԿ-ն լուրջ խնդրի առաջ է կանգնած: Բանն այն է, որ Եվրամիությունը Հայաստանին խոստացված գումարները կտա պայմանով, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան:

ԵՄ-ն Հայաստանում մի շարք ծրագրեր է ֆինանսավորում, որոնց հետագա շարունակությունը եւս կախված է լինելու ընտրությունների որակից: Բացի այդ՝ օրերս ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հարցազրույցում ասել է. «ԵՄ ներգրավվածության մակարդակն աննախադեպ է։ Ինչպես գիտեք՝ ԵՄ-ը մինչեւ 7 մլն եվրո է հատկացնելու, ինչը արտաքին ֆինանսավորման գրեթե 90 տոկոսն է։ Մենք ոչ մի ուրիշ երկրում չենք արել նման բան։ Ինչո՞ւ ենք հիմա անում. որովհետեւ հավատում ենք, որ Հայաստանը մեր աջակցության կարիքն ունի, հավատում ենք, որ այդ աջակցությունը կարող է ծառայել լավ նպատակների եւ տալ հստակ արդյունքներ։ Մենք արդեն մինչեւ 4 մլն եվրո ենք վճարել սարքավորումներ գնելու համար։ 2 մլն եվրո կփոխանցվի մոտ օրերս։ Ավելի քան 1 մլն եվրո էլ Հայաստանի կառավարությանը կտրվի միայն ընտրություններից հետո։ Եվ մենք դա գաղտնի չենք պահում։ Վերջին տրանշի հատկացումը կախված կլինի նրանից, թե ինչպես կիրականացվեն ԸՕ-ի շուրջ համաձայնագրի դրույթները։ Հետեւաբար մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին։ Մեր տեսակետից ամենակարեւոր հարցերը, որոնք պետք է քննարկել, արդար քարոզարշավի հարցերն են` վարչական ռեսուրսի կիրառումը կանխելուն, ընտրակաշառքի բաժանումը բացառելուն եւ լրատվամիջոցներում լուսաբանման հավասար հնարավորություններին»:
Հատկանշական է այն հանգամանքը, որ ԵՄ դեսպանն իր խոսքում շեշտում է վարչական ռեսուրսի կիրառումը կանխելու, ընտրակաշառքի բաժանումը բացառելու մասին. սրանք այն երեւույթներն են, որ մշտապես կիրառվել են նախորդ բոլոր ընտրություններում: Եւ այս մեխանիզմները նախատեսված են լայնորեն կիրառել նաեւ այս խորհրդարանական ընտրություններում. իշխանությունների հույսը հենց դա է լինելու, որովհետեւ տեղամասերում նրանք ըստ էության զրկված են լինելու ընտրություններն ուղղակի կեղծելու հնարավորությունից: Ինչպես հայտնի է՝ ընտրական գրեթե ողջ գործընթացը տեսանկարահանվելու եւ համացանցով ուղիղ եթերով հեռարձակվելու է, եւ բացի այդ՝ հրապարակվելու են ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրված ընտրացուցակները՝ այդպես կանխելով բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելը:
Իշխանությունները, իհարկե, հիմա փորձում են համոզել, թե իրենք ամենաազատ ու ամենաարդար ընտրություններն են անցկացնելու: Եւ, ընդհանրապես, բոլոր ընտրություններից առաջ նրանք միշտ էլ նման խոստումներ են տվել, թե իբր առաջինը հենց իշխանություններին պետք չեն կեղծիքները, թե իբր իրենք ուզում են ՀՀ պատմության մեջ ամենաազատ ու ամենաարդար ընտրություններն անցկացնել, եւ այլն, եւ այլն: Նույն սահմանադրական հանրաքվեի ժամանակ էլ իշխանությունները մեծից փոքր հայտարարում էին՝ իրենց պետք չէ, որ երկրի մայր օրենքն ընդունվի խախտումներով: Բայց ընտրությունների օրը այս բոլոր խոստումները հօդս են ցնդում, երբ բախվում են իշխանությունը կորցնելու վտանգին:
Այնպես որ, ՀՀԿ-ին ԱԺ ընտրություններում բավական լուրջ փորձություն է սպասվում: Եթե նախորդ ընտրություններում կեղծիքների հետեւանքը կարող էր լինել առանց այն էլ չունեցած հեղինակությունը կորցնելը, ապա հիմա կորուստը լինելու է առարկայական: Այս առումով ՀՀԿ-ն կանգնած է երկընտրանքի առաջ. գնա՞լ ընտրակեղծիքի եւ զրկվել միլիոնավոր դոլարներից, թե՞ հանուն երկրի ապագայի ազատ ու արդար ընտրություններ անցկացնել, որի դեպքում մեծ կլինի իշխանությունից զրկվելու հավանականությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք ազատ եւ արդար ընտրություններ են անցկացնելու. «ՀՀԿ-ն էր, որ ավելի քան մեկ տարի առաջ առաջարկեց բոլորին, այդ թվում խորհրդարանական ընդդիմությանը, ներդնել մեխանիզմներ, որոնք կապահովեն ընտրությունների բարձր որակը: Մենք էինք, որ ԸՕ-ում դրեցինք մեխանիզմներ, որոնք շատ ավելի բարձր մակարդակ են ապահովում, քան նախորդ օրենսգրքերը: Մենք էինք, որ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ գնացինք համաձայնեցված տարբերակի, որ նրանց մտահոգող պրոբլեմների հետ կապված առաջարկեն լուծումներ, որ զերծ կպահեն որեւէ չարաշահումից: Այնպես որ, իշխանությունները եղել եւ մնում են հիմնական նախանձախնդիրը, որ ընտրություններն անցկացվեն ազատ, արդար, թափանցիկ, եւ արդյունքները որեւէ կասկած չհարուցեն»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ընդհակառակը, պնդում է, որ երբ ՀՀԿ-ն հայտնվի իշխանությունը կորցնելու վտանգի առաջ, կմոռանա ԵՄ-ից խոստացված գումարների մասին ու կգնա ընտրակեղծիքների: «Իշխանությունները ձայն չունեն, նրանք կպարտվեն խայտառակ ձեւով, դրա համար էլ կփորձեն գնալ ընտրակեղծիքների: Չեմ հավատում նրանց խոստումներին: Աչքը տեսածից է վախենում,- ասաց նա՝ հավելելով,- իրենց համար իշխանությունը ձեր ասած գումարներից հազարապատիկ ավելին արժի»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՔՎՈՐՈՒՄ ՉԵՆ ԱՊԱՀՈՎԻ
Երեկ մեկնարկեց այս գումարման ԱԺ-ի վերջին նստաշրջանի առաջին քառօրյան: Սակայն մեծ է հավանականությունը, որ սա կլինի այս ԱԺ-ի վերջին քառօրյան, քանի որ հաջորդ անգամ արդեն նախընտրական քարոզարշավի պատճառով հազիվ թե քվորում ապահովվի, եւ նիստերը կայանան: Երեկ էլ, ի դեպ, ԱԺ նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց դահլիճում հատուկենտ թվով մարդիկ էին մնացել: Իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անընդհատ պահանջում էր պատգամավորներին վերադառնալ դահլիճ, քանի որ քվեարկություն է լինելու, սակայն նրա հորդորներն այդպես էլ որեւէ մեկը չլսեց:

 

 

ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ԵԼՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Այս գումարման խորհրդարանի պատմության մեջ երեկ հիշարժան օր էր. իր պատգամավորական երկարամյա գործունեության ընթացքում առաջին անգամ փորձեց ելույթ ունենալ ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավորներից Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը: Բայց այդպես էլ չստացվեց տեխնիկական պատճառներով, քանի որ Արտակ Սարգսյանի բարձրախոսը չէր աշխատում: Նա փորձեց երկու անգամ միացնել, կոճակները սեղմել, բայց բարձրախոսն այդպես էլ անդրդվելի էր: «Էնքան չես օգտագործել, փչացելա»,- տեղից արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Իսկ Սասի Արտակը որոշեց ելույթ ունենալ այն պատճառով, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատել էր նրան` ասելով, որ ԱԺ ընտրությունների նախաշեմին Սասի Արտակն իրեն պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների աշխատակիցներին պարտադրում է դուրս գալ իրենց մշտական բնակության վայրի գրանցումից եւ գրանցվել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, որպեսզի Երեւանի թիվ 2 ընտրատարածքում, որտեղ նա առաջարկվելու է, քվեներ ստանա: Ա. Սարգսյանն էլ որոշել էր հերքել այդ լուրերը` ասելով, որ նման բան չկա:

 

 

ՉՆԱՅԱԾ «ՊԱՅՄԱՆԻՆ»՝ ՄԻԱՑԱՎ
Վերակազմյալ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց կուսակցությունը, մտահոգ լինելով երկրի բարեհաջող ապագայի համար արմատական սոցիալ-տնտեսական եւ քաղաքական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ եւ գտնելով, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող շարժումն ունի լրջագույն ներուժ՝ բեկում մտցնելու քաղաքական գործընթացներում, անկախ բանակցությունների վերջնարդյունքից՝ միանում է Գ. Ծառուկյանի գլխավորած շարժմանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ծառուկյանի գլխավորած դաշինքին միացած «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» ատենապետ Նարեկ Գալստյանը, նախքան «Ծառուկյան» դաշինքին միանալը, «պայման» է դրել, որ «Ծառուկյան» դաշինքում չպետք է տեղ ունենա Լ. Սարգսյանի գլխավորած կուսակցությունը: Սակայն երիտասարդ Գալստյանին, ըստ ամենայնի, հասկացրել են, որ ինքը չի կարող պայմաններ թելադրել:

 

 
ԿՐԿԻՆ ԿԱՌԱՋՆՈՐԴԻ
Փետրվարի 10-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ համագումարի ընթացքում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վայր կդնի իր լիազորությունները, նրա փոխարեն կրկին կուսակցությունը կառաջնորդի Գագիկ Ծառուկյանը: Նույն օրը կստորագրվի «Ծառուկյան» դաշինք ձեւավորելու մասին փաստաթուղթը: Հիշեցնենք` այս պահի դրությամբ դաշինքի պոտենցիալ անդամներն են «Բարգավաճ Հայաստան», «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան», «Հայոց համազգային շարժում», կուսակցությունները եւ «Միասնություն» շարժումը», ինչպես նաեւ՝ մի շարք անհատ քաղաքական գործիչներ:

 

 

ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Նշենք, որ մինչ այս Մարգարյանը վարչապետի օգնականն էր: Նախկինում ծնունդով ղարաբաղցի Աշոտ Մարգարյանը եղել է նաեւ Արցախի վարչապետ Ա. Հարությունյանի օգնականը, իսկ ապրիլյան քառօրյայի ժամանակ կռվել է առաջնագծում:

 

 

ԱՌԱՆՑ ՎԱՐԴԱՆԻԿԻ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը՝ կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին: ArmLur.am-ին այս մասին հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: «Գյումրու նախկին քաղաքապետի դիմումը բավարարվել է: Վարդան Ղուկասյանն այլեւս ՀՀԿ անդամ չէ»,- ասել է նա: Նշենք, որ Վարդան Ղուկասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով՝ թիվ 11 (Շիրակի մարզ) ընտրատարածքից: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ի ցուցակով պատրաստվում են առաջադրվել Մարտուն Գրիգորյանն ու Արման Սահակյանը:

 

 

ԿՈՂՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ
Ազգային ժողովի ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցությունները կողմ են քվեարկել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծին՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրներն ու գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» մասին, որպեսզի այն ընդգրկվի լիագումար նիստում եւ քննարկվի ԱԺ կողմից: Նախագիծը, սակայն, չի ընդունվել ձայների 39 կողմ, 56 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին տարփողող ՀՀԿ-ն տապալել է այս նախագիծը:

 

 

ԿԱՍԻ՝ ԿԻՄԱՆԱՆՔ
Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի՝ օրերս հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը, թե մինչեւ այժմ հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել. ասել է, որ իր ասելիքը կհայտնի դեսպանին՝ հանդիպման ժամանակ: «Կհանդիպեմ դեսպանի հետ, կասեմ, Դուք կիմանաք»,- «Ազատությանն» ասել է Կ. Կարապետյանը:

 

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ
Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:

 

 

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական:




Լրահոս