2017թ. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թերեւս ամենազանգվածային դաշինքը ստեղծված է Գագիկ Ծառուկյանի շուրջ, որն արդեն երրորդ անգամ կփորձի խորհրդարանում մեծամասնություն վերցնել։ Նախորդ երկու փորձերը ավարտվել են անհաջողությամբ, իսկ 2015թ. փետրվարին՝ ԲՀԿ-ի փաստացի կազմալուծմամբ։ Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նախկին ու ներկա ԲՀԿ-ական երիտասարդներ Վահան Բաբայանի, Տիգրան Ուրիխանյանի ու Վահե Էնֆիաջյանի խորհրդարանական գործունեությանը, որոնք այսօր ձգտում են լուծել նոր խորհրդարանում հայտնվելու բարդագույն խնդիրը։
2015 թ. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց ամիսներ անց՝ Վահան Բաբայանը դուրս եկավ ԲՀԿ-ից եւ հիմնեց սեփական կուսակցությունը։ «Ռեֆորմիստներ» հավակնոտ անունով կուսակցության նախագահ դառնալով՝ Բաբայանը սկսեց անմնացորդ աջակցություն ցույց տալ Սերժ Սարգսյանին։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 2015թ. դեկտեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեին, որի նկատմամբ Բաբայանը ժամանակին խիստ բացասաբար էր տրամադրված։ Նա 2014-15թթ. ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» ֆորմատի գոյության օրերին ակտիվորեն մասնակցում էր հանրահավաքներին եւ խոստանում կանխել ռեժիմի վերարտադրությունը։ Ընդամենը օրերի ընթացքում Բաբայանը 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը եւ լծվեց Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների պաշտպանության գործին։ Անշուշտ, Բաբայանի կողմից նման պահվածքը անակնկալ չէր, քանզի ժամանակին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ հանդես գալուց հետո Վահան Բաբայանը հասցրել էր հանգրվանել Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունում՝ որպես թունդ ընդդիմադիր։ Հետագայում նա հայտնվեց Հայաստանի երիտասարդական կուսակցությունում, դարձավ դրա նախագահն ու փորձված հոտառությամբ նկատելով Սերժ Սարգսյանի՝ աստիճանաբար ազդեցություն ձեռք բերող փեսայի հավանությունը ՄԻԱԿ-ի նկատմամբ՝ միացավ վերջինիս։ Սակայն չկարողանալով գործնական հաջողություններ արձանագրել այդ ճակատում՝ Բաբայանը հակվեց Գագիկ Ծառուկյանի կողմը՝ դառնալով նրա նվիրյալը։
5-րդ գումարման խորհրդարանում Վահան Բաբայանի օրենսդրական գործունեությունը չի տարբերվում քաղաքական վայրիվերումներից։ Այս առումով զարմանալի չէ, որ նա կողմ է քվեարկել խորհրդարան ներկայացված 606 օրինագծերին, դեմ՝ 58, ձեռնպահ՝ 120։ Վահան Բաբայանն ԱԺ նիստերից բացակայել է 98 անգամ, իսկ քվեարկությունից հրաժարվել 83 անգամ։ Նա ԱԺ ամբիոնին մոտեցել է 17, իսկ հարցապնդումներով հանդես եկել 24 անգամ։ Զարմանալի չէ, որ Բաբայանը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի իշխանության վերջին շրջանի աղմկահարույց օրինագծերին, ինչպես «1000 դրամների նախագծին», «ԱԺ կանոնակարգ-օրենքին», «Բյուջե 2017»-ին եւ այլն։ Բաբայանը կարծես դեռ չգիտի՝ կհայտնվի ՀՀԿ-ի՞, թե՞ Ծառուկյանի ցուցակներում, քանզի երկու դեպքում էլ տեղերը սահմանափակ են եւ արդեն իսկ համալրված։ Բաբայանը թերեւս պիտի փորձի Սերժ Սարգսյանին գովերգել ՀՀԿ-ի երիտթեւի 41-ամյա նախագահ Կարեն Ավագյանից էլ ջերմեռանդորեն՝ հուսով, որ կհայտնվի 2017-22թթ. խորհրդարանում։
ԲՀԿ նախկին մամլո խոսնակներից Տիգրան Ուրիխանյանը եւս մասամբ կրկնել է իր վերոնշյալ գործընկերոջ քաղաքական ճակատագիրը։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրերին երիտասարդ Ուրիխանյանը ջանք չէր խնայում գովեստներ ձոնելու նրա հասցեին։ Հիշենք, որ 2003-04թթ. ընդդիմության հանրահավաքային շարժման շրջանում Ուրիխանյանը խիստ քննադատության էր ենթարկում Քոչարյանի հակառակորդներին։ 2008թ. Ուրիխանյանը հասցրել էր նաեւ հայտնվել սկանդալային պատմության մեջ՝ կրակելով Հելսինկյան ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա։ Ի դեպ, 2011թ. նա լուծարեց իր՝ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը եւ անցավ ԲՀԿ շարքերը։ Նա 2014-15թթ.եռյակի հանրահավաքներին նույնպես ակտիվ էր եւ շուտափույթ իշխանափոխություն էր խոստանում։ Սակայն Սերժ Սարգսյանի ջախջախիչ հարվածների ներքո ի չիք դարձած հեղափոխությունից հետո, Ուրիխանյանը նույնպես լքեց ԲՀԿ-ն՝ հիմնելով իր առանձին՝ «Ալյանս» անունով կուսակցությունը։ Ի տարբերություն Վահան Բաբայանի՝ Ուրիխանյանը չլծվեց Սերժ Սարգսյանի Սահմանադրության ընդունման գործին եւ պահպանեց իշխանությունների հասցեին իր քննադատական տոնը։ Վերջերս Ուրիխանյանը հայտնվեց մեկ այլ սկանդալի կենտրոնում «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այսօր խիստ հավանական է, որ Ուրիխանյանը ընդգրկվի «Ծառուկյան» դաշինքում, սակայն արդյոք նրան բախտ կվիճակվի կրկին տիրանալ պատգամավորական մանդատին, կասկածելի է՝ առաջին հերթին հաշվի առնելով այդ դաշինքի գերծանրաբեռնվածությունը։ Որպես Ուրիխանյանի խորհրդարանական գործունեության առհավատչյա՝ հարկ է փաստել, որ նա կողմ է քվեարկել ԱԺ-ի 395 օրինագծերի, իսկ դեմ եւ ձեռնպահ եղել համապատասխանաբար 136 եւ 185 անգամ։ Ուրիխանյանը հրաժարվել է քվեարկել 146 անգամ, բացակայել՝ 103 նիստերից։ Նա ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել 26 անգամ, հարցերով հանդես եկել՝ 66։
Ի հեճուկս վերոնշյալ գործընկերների՝ Վահե Էնֆիաջյանը այդպես էլ չհեռացավ ԲՀԿ-ից։ Գագիկ Ծառուկյանի կողմից քաղաքականությունը լքելուց հետո անգամ Էնֆիաջյանը պահպանեց ԲՀԿ-ի անդամատոմսը՝ անշուշտ, հավատարիմ լինելով նաեւ կուսակցության քաղաքականությանը։ Այդ համատեքստում նա նույնպես օրերի ընթացքում փոխեց Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների հանդեպ իր մերժողական կեցվածքը եւ լծվեց սատարման գործին։ Էնֆիաջյանը ԲՀԿ-ի երիտասարդական թեւի ղեկավարն է, որին վստահված էր Գագիկ Ծառուկյանի տան դիմաց «խնդրարկուների» ցույցի համակարգումը։ Ազգային ժողովում Վահե Էնֆիաջյանը կողմ է քվեարկել օրինագծերի 52 տոկոսին, դեմ եւ ձեռնպահ՝ 7 եւ 16%։ Էնֆիաջյանը բացակայել է 112 անգամ՝ քվեարկությունից հրաժարվելով 113 անգամ։ Նա ԱԺ ամբիոնից խոսել է 25 անգամ, հարցապնդում ներկայացրել՝ 41։ Ակնհայտ է, որ Վահե Էնֆիաջյանին նույնպես բախտ է վիճակված լինելու «Ծառուկյան» դաշինքի ցուցակում։
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ՕՐՀՆԱԾ ԿՈՆՅԱԿԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է 1500 ԴՈԼԱՐՈՎ
«Զվարթնոց» օդանավակայանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքով օրհնած կոնյակ է վաճառվում, որի վրա դաջված է Վեհափառի ստորագրությունը, գինը՝ մոտ 1500 դոլար: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:
-Տե՛ր Վահրամ, «Զվարթնոց» օդանավակայանում ի՞նչ կոնյակ է վաճառվում, եւ ո՞վ է արտադրում այն:
-Մյուռոն օրհնության կապակցությամբ 2015 թ.-ի աշնանը, որը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ, նշյալ կոնյակի գործարանն արտադրեց սահմանափակ քանակությամբ կոնյակ, որը կրում է «Սուրբ Էջմիածին Մայր Տաճար» անունը:
-Ու՞մ գաղափարն է կաթողիկոսի ձեռքով օրհնած կոնյակ վաճառելը:
-Այդ կոնյակի մի մասը գործարանի կողմից նվիրաբերվեց Սուրբ Էջմիածնին եւ մյուռոն օրհնության առիթով Մայր Աթոռ ժամանած օտար եւ միջեկեղեցական հյուրերին նվեր է տրվում, իսկ մնացած քանակությունը գործարանը վաճառքի է հանում եւ փակում է այն ծախսերը, որոնք իրականացնում էին այդ սահմանափակ քանակությամբ արտադրությունը: Այդ գաղափարով նախաձեռնությամբ գործարանն է դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եւ Մայր Աթոռն էլ համաձայնել է:
-Տե՛ր Վահրամ, ինչքանո՞վ է օգնում մեղքեր քավել, եւ վաճառքից եկեղեցին ինչքա՞ն փող է ստանում:
-Դա բացարձակ ոչ մի բանի հետ կապ չունի, դա ուղղակի նախաձեռնություն է, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընդունվել եւ իրականացվել է: Դա առնչություն չունի ո՛չ մեղքերի եւ ո՛չ էլ օրհնությունների հետ, եւ որեւիցե այլ շահարկումների հետ: Մայր Աթոռը համաձայնել է՝ նկատի ունենալով, թե ինչպիսի տարում է դա արտադրվում, խորհրդանշական է համարել եւ նախաձեռնությունն իրականացրել է: Թե ովքե՞ր, ի՞նչ կարող են փնտրել տակը եւ եզրակացություններ անել նշված գնի հետ կապված, ընդհանրապես մեզ չի վերաբերում:
-Ինչի՞ վրա է ծախսվում ստացված գումարը:
-Մայր Աթոռը դրա հետ որեւէ կերպ չի առնչվում: Դա գործարանի կողմից է դրված վաճառքի:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՋՕԸ-ԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՉԻ ՏՐՎԵԼ
Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության աշխատողները չեն ստացել 4-5 ամսվա աշխատավարձերը: Կազմակերպության նախագահ Գագիկ Վերանյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց ընկերության աշխատավարձերը գոյանում են երկու աղբյուրից՝ մատակարարված ոռոգման ջրի դիմաց գյուղացիական տնտեսություններից հավաքագրված վարձավճարներից եւ պետական բյուջեից հատկացվող սուբսիդիաներից: Նոյեմբերյանի ՋՕԸ-ի աշխատողները մատակարարած ոռոգման ջրի վարձավճարներն ամբողջությամբ հավաքագրել են: Սակայն պետական բյուջեից ակնկալվող սուբսիդիան չի հատկացվել: Գ. Վերանյանն ասաց, որ իրենց ընկերությունը ստացել է 2016 թվականի առաջին 4 ամիսների համար նախատեսված սուբսիդիայի գումարները, դրանից հետո բյուջեից ֆինանսական հատկացում այլեւս չի արվել: Ընկերության տասնյակ աշխատողներ սպասում են պետական բյուջեից գումարների փոխանցմանը, որպեսզի աշխատավարձ ստանան: Նոյեմբերյանի ՋՕԸ-ն ոռոգման սեզոնում ունենում է շուրջ 130 աշխատող: Հիմա՝ ձմռան ընթացքում, երբ ջրբաշխները, ոռոգման պոմպավարները չեն աշխատում, ընկերության աշխատողների թիվը մոտ 50 է: Գ. Վերանյանը հայտնեց, որ կազմակերպությունում կառուցվածքային փոփոխություն է ընթանում. Նոյեմբերյանի, Իջեւանի, Բերդի ՋՕԸ-երը միավորվում են, ստեղծվում է «Տավուշ ՋՕԸ», որի գրասենյակը լինելու է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում:
ԲԵՐԴԻ ԲԿ-ՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2017թ. փետրվարի 1-ին որոշել է լուծել Բերդի բժշկական կենտրոնի երկարամյա տնօրեն Արամ Հարությունյանի հետ 2014թ. փետրվարի 1-ին կնքած աշխատանքային պայմանագիրը: Ա. Հարությունյանը պաշտոնից ազատվել է կենսաթոշակային տարիքի պատճառով: Մարզպետը մեկ այլ որոշմամբ Բերդի ԲԿ-ի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրել է այդ ԲԿ-ի տնօրենի բուժական գծով տեղակալ Զվարդ Ծատուրյանի վրա: Նշենք, որ Բերդի ԲԿ-ում վաղուց բժիշկների պակասի խնդիր կա: Պատճառը Երեւանից Բերդ քաղաքի մեծ հեռավորությունն է, տարածքի վտանգավոր, գնդակոծության գոտի լինելը, բժիշկների ստացած ոչ մեծ վարձատրությունը: Ա. Հարությունյանը հայտնեց, որ Բերդի ԲԿ-ում թափուր են բժիշկ-անզգայացնողի, հոգեբույժի, քիթ-կոկորդի մասնագետի աշխատատեղերը: Բերդի բժշկական կենտրոնի վիրաբույժը, գինեկոլոգը, նեվրոպաթալոգը տարեց են, նրանց փոխարինելու կարիք կա: Բժշկական կենտրոնում աշխատող բժիշկներից մեկն անգամ 80 տարեկան է: Առողջապահության նախարարությունում վաղուց են տեղյակ այս խնդրին, սակայն հիմնահարցը չի լուծվում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ