Ծովինար Մարտիրոսյանը` «Արծվաբույն» ներկայացման, լրագրողի իր կերպարի եւ սաների հետ լեզու գտնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը շուտով Մայր թատրոնի բեմում հանդես կգա նոր կերպարով: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ փետրվարի 7-ին եւ 8-ին տեղի կունենա «Արծվաբույն» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր դերակատարներից մեկն էլ ինքն է: Ներկայացումը՝ հիմնված Հրաչ Բեգլարյանի համանուն ստեղծագործության վրա, իր շուրջ կհամախմբի դերասաններ Ջուլիետա Ստեփանյանին, Մարիամ Դավթյանին, Անդրանիկ Զաքարյանին եւ այլոց, այն կնվիրվի Արցախյան ազատամարտին: Ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է: Ծովինարը կմարմնավորի ռադիոլրագրողի, որը 1991-ին հարցազրույցի պատրվակով հայտնվում է Ղարաբաղում, սակայն իրականում փնտրում է իր ամուսնուն: Սյուժեն գալիս, հասնում է մինչեւ մեր ժամանակներ:

Ծովինարը, բացի Մայր թատրոնից, պարբերաբար նաեւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում խաղալու հրավեր է ստանում: «Խաղում եմ «Ռուզան» ներկայացման մեջ, որը բեմադրել է Վահե Շահվերդյանը: Հենց նա էլ հրավիրել է ինձ այդ թատրոն»,-նշեց դերասանուհին:
Քչերը գիտեն, որ Ծովինարը նաեւ դասավանդում է Մայր թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան թատերական ստուդիայում (ղեկավար` Արմեն Մարության). «Երիտասարդները, որոնք ուսանում են ստուդիայում, եթե ոչ լավ դերասան, լավ հանդիսատես հաստատ կդառնան: Ամեն դեպքում, մենք անում ենք հնարավորը, որ լավագույն ուսանողները Մայր թատրոնում դրսեւորվելու հնարավորություն ստանան»,-մեկնաբանեց Ծովինարը:

Իսկ հարցին, թե դժվար չէ արդյոք լինելով երիտասարդ` դասավանդել երիտասարդների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իսկապես, դժվար է, բայց կարծում եմ` կարողացել եմ նրանց հետ լեզու գտնել, իմ սաներից ես նաեւ սովորում եմ: Ամենակարեւոր մեսիջը, որ փոխանցում եմ նրանց, այն է, որ լավ դերասան լինելու համար պարտադիր պետք է լավ մարդ լինել»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս