ՀՀԿ-ի անկատար խոստումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետին մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն բ որեւէ կուսակցություն կամ դաշինք ԿԸՀ չի ներկայացրել համամասնական ու ռեյտինգային ցուցակները:

Ու մինչ կսկսվի մրցավազքը, փորձենք վերհիշել, թե իշխող ՀՀԿ-ն այս հինգ տարիների ընթացքում որքանո՞վ է իրականացրել 2012թ. ԱԺ ընտրություններում իր ներկայացրած նախընտրական ծրագիրը: Ի վերջո, ՀՀԿ-ն 2012թ. ընտրությունների արդյունքում ԱԺ-ում ձեւավորեց բացարձակ մեծամասնություն եւ ի տարբերություն իր կոալիցիոն գործընկերների՝ չի կարող ասել, թե իշխանության մեջ բավարար ներգրավվածություն չի ունեցել՝ ծրագրերն ամբողջությամբ իրականացնելու համար: Ընդհակառակը, ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որն ունեցել է բոլոր հնարավորությունները՝ նախընտրական խոստումները կատարելու համար, առավել եւս, երբ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, նախարարների ու մարզպետների, համայնքապետերի ու շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են:

Եւ այսպես՝ 2012թ. ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցեց «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով՝ ներկայացնելով ծավալուն ծրագիր: Միայն թե այդ ծրագրում խոստումները շատ ընդհանրական էին, եւ թվային արտահայտությամբ՝ կոնկրետ արդյունքների մասին խոսք չկար: Պատճառն էլ պարզ էր. նախորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն կոնկրետ արդյունքներ էր խոստացել, բայց այդպես էլ չէր կարողացել ապահովել, ու այդ ողջ ընթացքում ընդդիմությունը, հասարակությունը ՀՀԿ-ին ամեն հարմար առիթով հիշեցնում էր այդ խոստումները: ՀՀԿ-ն այս հինգ տարիների ընթացքում չի կատարել նաեւ 2012թ. տված իր նախընտրական ծրագրի դրույթները:

Դատեք ինքներդ: 2012թ. ՀՀԿ ծրագրում նախաբանից հետո ՀՀԿ-ն առաջինը խոստացել էր «Ուժեղ եւ պաշտպանված Հայաստան յուրաքանչյուրի համար»: Թե իշխող ՀՀԿ-ն որքանով է իրագործել իր այս նախընտրական խոստումը, պարզ է ամենքին: Բավական է միայն հիշել ապրիլյան քառօրյա պատերազմը, որի արդյունքում եղան ավելի քան հարյուր զոհ, հարյուրավոր վիրավորներ եւ, վերջապես, կորցրինք 800 հեկտար տարածք:

Այդքանից հետո, թերեւս, անիմաստ է խոսել ՀՀԿ-ի այս խոստումները հակառակորդի հետ ուժերի հավասարակշռության, հետախուզական կարողությունների, զորացրվածների համար աշխատանքով ապահովելու եւ արտոնյալ ուսման հնարավորությունների խոստումների մասին: Կամ թեկուզ ՀՀԿ-ի այս խոստումը. «Բազմապատկելու ենք Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսեւորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը»:

Ապրիլյան պատերազմից բացի՝ ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին պարբերաբար իրականացվող դիվերսիաները, միջազգային տարբեր ատյաններում ընդունված բանաձեւերում եւ այլ փաստաթղթերում հակահայկական ձեւակերպումները ամենախոսուն ապացույցն են այն բանի, որ ՀՀԿ նախընտրական ամենակարեւոր խոստումները չեն իրականացվել:

ՀՀԿ ծրագրի հաջորդ բաժինն այսպես է վերնագրված. «Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդում»: Չորս տարի շարունակ եվրոասոցացման ուղղությամբ քայլեր անելուց հետո եւ մեկ գիշերում ԵՏՄ-ին անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի որոշման հետեւանքով թե որքա՞ն է ամրապնդվել ՀՀ միջազգային հեղինակությունը, կարծում ենք՝ ներկայացնելու կարիք չկա: Բավական է միայն հիշեցնել, թե ինչպես էին եվրոպացի պաշտոնյաները նաեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ ՀՀ իշխանություններին որակել անվստահելի, անկանխատեսելի գործընկեր:

Մինչդեռ նույն ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում խոստացել էր. «Եվրոպական միության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը հասցվելու է ավարտին: Բարձրացնելու ենք Ռուսաստանի Դաշնության հետ կնքված առեւտրատնտեսական, ռազմական, էներգետիկ, գիտական, կրթական, մշակութային ոլորտներին վերաբերող պայմանագրերի իրագործման արդյունավետությունը»:

Այս տարիների ընթացքում չեն իրականացվել ՀՀԿ-ի տնտեսական բնագավառի խոստումները եւս. «Ապահովելու ենք ֆինանսական կայունություն՝ ընդլայնելով ֆինանսական ծառայությունների շրջանակը եւ հասանելիությունը»: 2013թ. տարեվերջին դրամի կտրուկ արժեզրկումն ու տնտեսության մեջ դրան հաջորդած խուճապը լավագույնս ցույց է տվեց, որ իշխանություններն ի վիճակի չեն ապահովել ֆինանսական որեւէ կայունություն, այլ ընդամենը արհեստականորեն փորձում են պահպանել դրամի փոխարժեքը:

ՀՀԿ-ն նաեւ խոստացել էր. «Մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու միջին եւ փոքր բիզնեսի կայացման եւ զարգացման երաշխիքների ստեղծմանը: Մենք պարտավոր ենք ապահովել հավասար մրցակցային պայմաններ եւ բացառել խոշոր բիզնեսի կողմից գերիշխող դիրքի չարաշահումները», «Մենք ծրագրում ենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ տնտեսական աճից բացի, եւ գուցե ավելի շատ, տնտեսական զարգացում է հարկավոր»:

Եւ ի՞նչ. կարողացա՞վ ՀՀԿ-ն ապահովել այս ամենը: Իհարկե ոչ: Բավական է միայն նշել, որ եթե նախորդ տարիներին ինչ-որ աճ է արձանագրվել, ապա հիմնականում գյուղատնտեսության ոլորտում թվանկարչության շնորհիվ: Իսկ որ տնտեսությունը չի զարգացել, փաստում է վերջին երեք տարվա ընթացքում բյուջեի եկամուտների թերակատարումը, փաստում է ներդրումների ծավալների հետեւողական անկումը, փաստում է աղքատության մակարդակը, որ այդպես էլ չի իջնում 30 տոկոսից, եւ, վերջապես, դա փաստել է անձամբ ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ ԱԺ ամբիոնցի հայտարարեց. «Բաց, ազնիվ ասում եմ՝ մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»:

Հանուն արդարության նշենք, որ իր ծրագրային դրույթներից մեկը ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, իրականացրել է: Խոսքը ամուր սփյուռք ունենալու խոստման մասին է. չէ՞ որ վերջին տարիներին ՀՀ-ից շարունակվել է ահագնացող արտագաղթը. միայն վերջին հինգ տարում մոտ 210 հազար ՀՀ քաղաքացի է մեկնել ՀՀ-ից եւ չի վերադարձել՝ այդպես համալրելով եւ ուժեղացնելով հայկական սփյուռքը:
Այնպես որ, ՀՀԿ-ն այդպես էլ չի իրականացրել իր նախընտրական ծրագրի դրույթները ու, չնայած սրան, փորձում է քաղաքացիներից քվե ակնկալել: Իսկ միայն վերոհիշյալ փաստերը բավարար են, որպեսզի քաղաքացիները մերժեն այս կուսակցությանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս