ՖՈՏՈ. Ռաֆայել Երանոսյանը` կանանց թրաֆիքինգով զբաղվող արաբ շեյխ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աշխատում է մոնոներկայացման վրա, որը, ինչպես ինքն է նշում, դառնալու է իր կարիերայի նոր սկիզբ: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ներկայացումը, հավանաբար, պատրաստ կլինի ամռանը, դրա սցենարի վրա աշխատում են միաժամանակ մի քանի հոգի:

«Եղել են տարբեր առիթներ, որոնց դեպքում հանդես եմ եկել սթենդ-ափով, բայց մոնոներկայացմամբ` ոչ. սա առաջին անգամը կլինի: Մտահղացումն իմն է, քննարկվող թեման ակտուալ է, բայց այս առնչությամբ այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող: Միայն ասեմ, որ դա կլինի անտերպրիզային ներկայացում, հավանաբար, հանդես կգամ իմ սիրելի Կամերային թատրոնի բեմից: Հանդիսատեսը կտեսնի ե՛ւ այն Ռաֆայելին, որին ինքը ճանաչում է, ե՛ւ միաժամանակ կբացահայտի ինձ բոլորովին նոր ռակուրսից: Բեմում չեն լինի շքեղ դեկորացիաներ, փոխարենը շեշտը կդրվի իմ խաղի վրա:

Ներդնելու եմ իմ ամբողջ էներգիան եւ եռանդս: Անկեղծ ասած` ես հիմա նման եմ թատերական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողի, որն ուզում է ինչ-որ շրջադարձային բան անել»,-մանրամասնեց դերասանը` հավելելով, որ ընգրկված է նաեւ մեկ այլ ներկայացման մեջ: Խոսքն այս անգամ կատակերգության մասին է (նա, սակայն, փակագծերը բացել չցանկացավ):

Ինչ վերաբերում է հեռուստածրագրերին, Ռաֆայելը տեղեկացրեց, որ շարունակում է նկարահանվել «Քարե դարդ» սիթքոմում` արդեն 4-րդ եթերաշրջանում: Իսկ ավելի վաղ նա հանդես է եկել ռուսական արտադրության 12 մասից բաղկացած ֆիլմում (ռեժիսոր` Արշալույս Հարությունյան). «Ֆիլմի պրեմիերան կկայանա REN TV ալիքի եթերում: Այնտեղ էլի նկարահանվել է մի քանի հայ դերասան, մնացածը ռուս են: Ես մարմնավորել եմ շատ բացասական կերպարի` արաբ շեյխի, որը զբաղվում է կանանց թրաֆիքինգով: Ուրախ եմ, որ հերոսիս ի վերջո սպանում են, որովհետեւ ես, եթե նույնիսկ դեր եմ խաղում, չեմ կարող այդքան վատը լինել: Այնպես որ, նրա մահն իմ սրտով էր»,-ծիծաղելով եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս