Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տվել, որից հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահը փակել է քվեատուփերի ճեղքերը: Արդեն իսկ, սկսվել է հաշվիչ հանձնաժողովի նիստը, որտեղ հաշվիչ հանձնաժողովի անդամներն ամփոփելու են քվեարկության արդյունքները:
Գաղտնի քվեարկության արդյունքների ամփոփումն իրականացվում է դրա համար առանձնացված սենյակում, որի ընթացքում սենյակում կարող են ներկա գտնվել միայն Հաշվիչ հանձնաժողովի անդամները, դիտորդները և վստահված անձինք (յուրաքանչյուր թեկնածուի համար մեկ վստահված անձ), լրագրողները: Վստահված անձի փոխարեն կարող է ներկա գտնվել թեկնածուն:
Ներկա գտնվող անձինք իրավասու են ձայնագրել և/կամ տեսանկարահանել նշված գործընթացը: Բացի Հաշվիչ հանձնաժողովի անդամներից, մյուս ներկաները իրավունք չունեն քվեատուփերին կամ քվեաթերթիկներին ձեռք տալ: Հաշվիչ հանձնաժողովի անդամները հաշվելու և Հաշվիչ հանձնաժողովի նախագահին են վերադարձնելու չօգտագործված քվեաթերթիկները: Հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփմանը զուգահեռ, նախքան քվեատուփ բացելը, կազմում է արձանագրություն (թիվ 1), որում նշվում է`
1) չօգտագործված քվեաթերթիկների թիվը, անօգտագործելի դարձնելով չօգտագործված քվեաթերթիկները` անկյունը կտրելու միջոցով.
2) ժողովին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը (ցուցակային թիվ).
3) ըստ ցուցակի ստորագրությունների քվեաթերթիկ ստացածների թիվը: Թիվ 1 արձանագրությունը կազմելուց հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահը բացելու է համապատասխան քվեատուփը, վեատուփից հանելու է մեկական քվեաթերթիկ, հայտարարելու է քվեարկության արդյունքը՝ փոխանցելով հաշվիչ հանձնաժողովի անդամներին՝ տեսակավորելու համար: Քվեաթերթիկները տեսակավորելուց հետո դրանք հաշվարկվելու են, իսկ արդյունքները` արձանագրվելու:
Յուրաքանչյուր թեկնածուի անուն, ազգանունի դիմաց գրառվում են նրա օգտին տրված ձայները, իսկ այլ հարցով քվեարկության դեպքում` այդ հարցի օգտին տրված ձայները: Այս գործողությունը կրկնվելու է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար։ Քվեարկության ավարտից հետո՝ մինչև քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, Հաշվիչ հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել: Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է Փաստաբանների պալատում` տեսանելի տեղում, մեկ օրինակը տեղադրվում է ընտրական փաստաթղթերի պարկում, երկու օրինակը հանձնվում է Փաստաբանների պալատի արխիվ: Հաշվիչ հանձնաժողովում ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվելու է քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով և Հաշվիչ հանձնաժողովի կնիքով:
Հաշվիչ հանձնաժողովը կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում ամփոփելու է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) Փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրվելու մասին.
2) գործը նախապատրաստող անձանց ընտրվելու մասին.
3) «Փաստաբանի օր» սահմանելու մասին հարցով որոշման ընդունման մասին.
4)«Փաստաբանի օր» սահմանելու մասին հարցով քվեարկությունը չկայացած ճանաչելու մասին:
Ընտրության արդյունքները կարող են դատարանի վճռով ճանաչվել անվավեր, եթե անճշտությունների չափը կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած էական խախտումներն ազդել են կամ կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա:
ՀՀ ՓՊ մամուլի կենտրոն