Ղեկավարի աթոռի համար՝ 600 հազար դրամ. կրթական ճոխ գնումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն հրապարակել է ընթացիկ տարվա գնումների պլանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը այս տարվա համար նախատեսել է գնել ոչ միայն գրասենյակային ապրանքներ, նյութեր, այլեւ անվտանգության տեսախցիկ, բենզին, զուգարանի թուղթ, հեղուկ օճառ եւ այլն:

Այսպես՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ընկերությունը 2017 թվականի համար նախատեսել է գնել միայն պրեմիում տեսակի բենզին՝ 2000 լիտր: Ընկերության կողմից ներկայացված գնումների պլանում նշված է, որ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրի համար նախատեսվել է 400 դրամ, այսինքն՝ 2000 լիտրի դիմաց՝ 800 հազար դրամ: Զարմանալի է, թե ինչու է ընկերությունը որոշել գնել հենց պրեմիում տեսակի բենզին, այլ ոչ ռեգուլյար: Չէ որ պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրն ավելի թանկ է, քան ռեգուլյարը: Նշենք, որ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր բենզալցակայաններում վաճառվում է 360-370 դրամով, իսկ պրեմիումը՝ 380-390 դրամով: Բացի այս՝ ընկերությունը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել նաեւ 1000 լիտր դիզելային վառելիք, որի մեկ լիտրը գնումների պլանում առաջարկվել է կրկին 400 դրամով:

Իսկ ահա մեքենաների եւ դրանց շարժիչների մասերի եւ պարագաների, զանազան շինարարական նյութերի համար նախատեսվել է հատկացնել 900 հազար դրամ: Ընկերությունը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել անվտանգության մեկ տեսախցիկ՝ 950 հազար դրամով: Նույնքան՝ 950 հազար դրամ էլ հատկացվել է գրասենյակային կահույքին: Ի դեպ, ընկերության գնումների պլանում նախատեսվել է գնել ղեկավարի մեկ աթոռ, որի դիմաց նշված գումարի չափը կազմում է 600 հազար դրամ: Հարց է ծագում՝ եթե ղեկավարի աթոռը 600 հազար դրամի սահմաններում չլինի, դրանից նրա աշխատանքային արդյունավետությունը կտուժի՞:

Բացի այս՝ նախատեսված է գնել նաեւ համակարգչային եւ պատճենահանման սարքավորումներ: Դրանց մեջ են մտնում 14 հատ անձնական համակարգիչ, որոնց համար նախատեսված է ընդհանուր հատկացնել 4.9 մլն դրամ, միավորի արժեքը՝ 350 հազար դրամ: Նաեւ՝ էլեկտրոնային 6 հատ գրատախտակ, որոնց համար նախատեսված է հատկացնել 14.4 մլն դրամ՝ 2.4 մլն միավորի արժեքով:
Ըստ գնումների պլանի՝ կրթության ազգային ինստիտուտը ունի փոշեկուլի եւ օդորակիչի կարիք. ընկերությունը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել 4 հատ օդորակիչ՝ 180 հազար դրամ միավոր արժեքով, ընդհանուր 720 հազար դրամ, 4 հատ փոշեկուլ՝ 60 հազար դրամ միավոր արժեքով, որոնց համար ընդհանուր նախատեսված է վճարել 240 հազար դրամ:

Ընկերությունը նախատեսել է գնել նաեւ գնդիկավոր գրիչ, շտրիխ, հեղուկ սոսինձ, քանոն, թղթապանակ, սեղանի հաշվիչ եւ այլն: Օրինակ՝ գնդիկավոր գրչի համար ընկերությունը նախատեսել է հատկացնել 1 մլն դրամ. այսինքն՝ գնվելու է 10 հազար հատ գնդիկավոր գրիչ՝ 100 դրամով: Դրանից բացի՝ ընկերությունը նախատեսել է գնել նաեւ 480 դրամանոց գնդիկավոր գրիչ՝ 1210 հատ, որոնց համար ընդհանուր նախատեսել է հատկացնել 580 հազար 800 դրամ: «Ժողովուրդ»-ը ընկերության գնումների պլանից տեղեկացավ նաեւ, որ նախատեսվել է գնել տնտեսական ապրանքներ, որոնց թվում կան դռան փականներ՝ 15 հատ, յուրաքանչյուրի արժեքը՝ 4500 դրամ: Կգնվի նաեւ 170 հատ ուղղահայաց շերտավարագույր, որոնց համար նախատեսված է հատկացնել 935 հազար դրամ, միավորի արժեքը՝ 5500 դրամ: Իսկ ընթացիկ տարվա կոմունալ վարձերի համար ընկերությունը ընդհանուր նախատեսել է հատկացնել 30 մլն 228 հազար 696 դրամ: Օրինակ՝ էլեկտրաէներգիայի համար նախատեսված է հատկացնել 9 մլն դրամ, գազի համար՝ 10.5 մլն դրամ, հեռախոսային ծառայությունների դիմաց՝ 6.4 մլն դրամ, ինտերնետային կապի տրամադրման համար՝ 2.9 մլն դրամ: Ի դեպ, ՊՈԱԿ-ը ընթացիկ տարում նախատեսել է նաեւ վերանորոգման աշխատանքներ իրականացնել, որոնց համար կհատակցնի 10 մլն դրամ:

Վերոնշյալ գնումների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանի հետ:

-Պարո՛ն Ղուկասյան, ինչո՞ւ եք նախատեսել գնել հենց պրեմիում տեսակի բենզին:

-Մեր ծառայողական ավտոմեքենան ուղղակի այդ տեսակի բենզինով է աշխատում: Ռեգուլյարով հնարավոր չէ:

-Այդ ծառայողական ավտոմեքենան ո՞ւմ է սպասարկում:

-Տնօրենին, այսինքն՝ ինձ:

-Պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը նախատեսել եք գնել 400 դրամով, մինչդեռ բենզալցակայաններում այն վաճառվում է 380-390 դրամով…

-Այդ գները ընդամենը նախատեսված են, բայց գնման պահին, բնականաբար, այն շուկայական արժեքի սահմաններում կլինի: Գները դեռ կփոփոխվեն:

-Պարո՛ն Ղուկասյան, նախատեսել եք գնել նաեւ ղեկավարի մեկ աթոռ՝ 600 հազար դրամով: Արդյո՞ք թանկ չէ մեկ աթոռի համար:

-Ուզում ենք ունենալ, հնարավոր է՝ չառնենք, դա հենց այնպես գրել ենք:

-Այսինքն՝ ո՞ր դեպքում կգնեք, ո՞ր դեպքում՝ ոչ:

-Ուղղակի նախատեսել ենք:

-Բայց 600 հազար դրամ մեկ աթոռի համար…

-Ինձ թվում է՝ էժան էլ կլինի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս