ՖՈՏՈ. Ինձ հիմնականում առաջարկում են 17-18 տարեկան աղջիկների դերեր. Լիլի Էլբակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Լիլի Էլբակյանը որոշել է այս տարի մեծ մասամբ նվիրվել ռեժիսորական գործունեությանը: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մտադիր է համալրել «Էդգար Էլբակյան» թատրոնի խաղացանկը, որպեսզի կառույցը լիարժեք գործի: Լիլին կվերականգնի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Շեքսպիր) ներկայացումը, նոր շունչ կհաղորդի «Դեկամերոն»-ին (Բոկաչչո). «Փետրվարի 22-ին «Դեկամերոն»-ում կխաղան եւ հիմնական կորիզ կկազմեն հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի իմ 10 ուսանողուհիները»,-նշեց Լիլին:
Կա մեկ այլ կարեւոր ծրագիր եւս, որը մեր զրուցակիցը ցանկանում է կյանքի կոչել: Նրա եղբայրը` Էդգար Էլբակյան կրտսերը, ով մահացել է 18 տարեկանում, հասցրել է որոշ ստեղծագործություններ հեղինակել: Լիլին մտադիր է նրա պատմվածքների հիման վրա ներկայացում բեմադրել. «Այն կկոչվի «Գծից այն կողմ»: Եղբորս մահից հետո մենք ընտանիքով հավաքեցինք նրա ստեղծագործությունները եւ տպագրեցինք: Պատկերացրեք` որոշ գործեր նույնիսկ լուցկու տուփի վրայից ենք փրկել»,-պատմեց դերասանուհին:

Լիլին, ով աշխատում է նաեւ Երեւանի Խամաճիկների պետական թատրոնում որպես բեմադրիչ, նշեց, որ Ամանորին ընդառաջ բեմադրել է «Մարդուկ-Ջարդուկը» (Щелкунчик), որի շրջանակում տվյալ թատրոնին բնորոշ նոր լուծումներ է կիրառել. «Ներկայացումը ներառում էր խամաճիկներ եւ պլանշետային տիկնիկներ: Սա լրիվ նոր ոճ էր, որը թույլ էր տալիս այդ տիկնիկների միջոցով մասսայական տեսարաններ ստանալ»,-մեկնաբանեց ռեժիսորը:

Ինչ վերաբերում է էկրանային գործունեությանը, Լիլին տեղեկացրեց, որ նկարահանվել է 24 մասից բաղկացած սերիալում՝ Նար-Դոսի «Ես եւ նա» ստեղծագործության հիման վրա: Դերասանուհին մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Սերիալն այս տարի կցուցադրվի հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում:

Լիլին, խոսելով նախընտրելի դերերից, նշեց, որ իր տարիքի կանանց մարմնավորելու ցանկություն ունի. «Ինձ հիմնականում առաջարկում են 17-18 տարեկան աղջիկների դերեր: Այդ առումով ես ե՛ւ բախտավոր եմ, ե՛ւ դժբախտ: Թեեւ մայրս (դերասանուհի Աննա Էլբակյանը-հեղ.) ասում է՝ քանի ավելի երիտասարդ եմ երեւում` լավ կանեմ օգտագործեմ հնարավորությունը եւ տարիքով ինձնից փոքր կանանց դերեր խաղամ, այնուամենայնիվ, ինձ արդեն հետաքրքրում են այլ կերպարներ, որոնց միջոցով կկարողանամ բացահայտել նոր գույներ»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս