Amnesty International-­ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել Լապշինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Amnesty International կազմակերպությունը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան: Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում բլոգերը բռնությունների և անարդար դատավարության սպառնալիքի տակ է:

Կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել Լապշինի դեմ քրեական վարույթը և անհապաղ ազատ արձակել բլոգերին:

«Amnesty International»-ը կարծում է, որ Ալեքսնադր Լապշինի արտահանձնումն ու նրա դեմ քրեական գործի հարուցումը կապված է նրա բլոգի հետ, որտեղ քննադատել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայություններին և երկրում սոցիալական անհավասարությունը: «Հրապարակային կերպով պետության դեմ հայտարարություններ անելու» հիմնավորմամբ քրեական գործի հարուցումը չունի որևէ իրավական հիմք, քանի որ իր բլոգում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ քննադատություն հնչեցնելն ամբողջությամբ տեղավորվում է խոսքի ազատության իրավունքի շրջանակում»,­- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Անդրադառնալով սահմանն անօրինական հատելու մեղադրանքին` Amnesty International-­ն ընդգծում է, որ անօրինական մուտքը երկիր չպետք է դիտարկվի որպես քրեորեն պատժելի հանցանք: «Amnesty International­»-ը կարծում է, որ նրա ձերբակալումը կամայական քայլ է և կոչ է անում դադարեցնել Լապշինի դեմ քրեական վարույթը: Նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Մտահոգություններ են բարձրաձայնվել Բելառուսում Լապշինի ազատազրկման պայմանների առնչությամբ:

Նա նաև Ադրբեջանում խոշտանգումների և այլ բռնությունների վտանգի տակ է: Լապշինի` Բաքու ժամանելուց երկու օր անց արդեն նրան մերժել են հանդիպել կնոջ հետ»,­- նշում է կազմակերպությունը` ընդգծելով, որ նախկինում ևս արձանագրվել են շատ դեպքեր, երբ անհատները, ովքեր քննադատել են Ադրբեջանի իշխանություններին, ձերբակալվել են և անարդար դատական գործընթացի հետևանքով դատապարտվել ազատազրկման:

«Ալեքսանդր Լապշինին արտահանձնելով Ադրբեջան, որտեղ նա խոշտանգումների և տարատեսակ բռնությունների վտանգի տակ է, Բելառուսի իշխանությունները ձախողեցին կատարել իրենք պարտավորությունները, որոնք ստանձնել են միջազգային իրավունքի ներքո»,­- հայտնում է Amnesty International-­ը:




Լրահոս