Պայքար չի նշանակում, որ սուրն առնեն ու պայքարեն. Վարդևան Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը լինելու է Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, ով, հիշեցնենք, Գյումրու ավագանու անցած ընտրություններում գլխավորում էր ԲՀԿ-ի ցուցակը: «Ժողովուրդ»-ը Վարդեւան Գրիգորյանի հետ զրուցել է նրա առաջադրման եւ Շիրակում սպասվող պայքարի մասին:

Պարո՛ն Գրիգորյան, ենթադրվում է, որ խորհրդարանական ընտրությունները թեժ ընթացք են ունենալու Շիրակի մարզում: Մտահոգություններ են հնչում, որ այս անգամ էլ Գյումրիում բանը կարող է հասնել բախումների: Դուք ինչպիսի՞ ընթացք եք կանխատեսում:

-Դուք իզուր տեղը թեժացնում եք այդ ամեն ինչը, Գյումրիում միշտ էլ եղել են նման թեկնածուներ, Գյումրիում միշտ կազմակերպվել են ընտրություններ, որոնք միշտ անցել են նորմալ: Կարո՞ղ եք հիշել մի ընտրություն Գյումրիում, դա կլինի համապետական, դա կլինի տեղական, որ հանկարծ նման բախումներ լինեն, ու, ասենք, հասարակության անդորրը խաթարվի:

-Իսկ մի՞թե Դուք այդպիսիք չեք հիշում: Էլ չասած, որ այս անգամ Շիրակում առաջադրվելու են այնպիսի թեկնածուներ, որոնք ունեն լարված հարաբերություններ, խոսքը Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի մասին է:

-Բայց ինչ կապ ունի անձնական հարաբերությունն ընտրությունների հետ, ամեն մեկն իր գործն է անելու, ամեն մեկն իր ընտրազանգվածն ունի:

-Բայց մի՞թե ժամանակին հենց ընտրությունների պատճառով չեն լարվել նրանց հարաբերությունները:

-Իհարկե, որ ասես այդ ընտրությունները չեն ազդել իրենց հարաբերությունների վրա, այդպես չէ, իհարկե, ազդել են, բայց այսօր բոլորն էլ լավ հասկանում են, որ սա համապետական ընտրություններ են, ով խախտեց օրենքը, համապատասխան պատիժ կկրի:

-Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Վարդան Ղուկասյանի հետ:

-Նորմալ, նորմալ հարաբերություններ են:

-Պայքարելո՞ւ եք նաեւ միմյանց դեմ:

-Պայքար արդեն կա, որովհետեւ առաջադրվել ենք, ամեն մեկս աշխատում ենք մեր ընտրազանգվածն ունենալ, արդեն դա մրցակցություն է, դա պայքար է: Պայքար չի նշանակում, որ սուրն առնեն ու պայքարեն:

Վ. Հակոբյան




Լրահոս