Երեխան պետք է հերձվի, որ մինչև վերջ հասկանան. Արա Բաբլոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով Արմավիրի ԲԿ-ից «Մուրացան» հիվանդանոցային համալիր տեղափոխված 2 օրական նորածնի մահվան դեպքին, ասաց, որ մանրազնին հետազոտությունը միայն թույլ կտա ճիշտ ու սխալի մասին խոսել:

-Պարո՛ն Բաբլոյան, հունվարի 28-ին Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում Արմավիրի ԲԿ-ից տեղափոխված 2 օրական նորածին էր մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածում մեղադրում են ԲԿ-ի բժիշկ Նշան Գեւորգյանին: Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ նույն բժիշկը նմանօրինակ դեպքերի համար նախկինում դատապարտված է եղել ազատազրկման: Փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում մահացածի հարազատները չեն կարողանում հասնել արդարության: Իսկ եթե հասնում են արդարության, նույնիսկ շատ դեպքերում օրինական ուժի մեջ մտած դատավճիռը չի խանգարում, որ նույն բժիշկները շարունակեն աշխատել, խաղալ մարդկային կյանքերի հետ:

-Նախ նշեմ, որ մանկական, մայրական մահացությունը մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում եւ կա: Պետք է նշեմ, որ տարիների ընթացքում ունենք բարելավում, բայց դա մեզ չպետք է հանգստացնի, քանի որ միեւնույն է՝ շատ անելիքներ ունենք բարելավելու մեր ցուցանիշները, եւ մյուս կողմից՝ ամեն մի երեխայի կորուստը մեզ համար պետք է լինի քննարկման առարկա: Այստեղ մեր մոտեցումը պետք է լինի հետեւյալը. ոչ թե ամեն մի դեպքի մասով քննարկումը ուղղված լինի, արդյո՞ք պետք է պատժենք համապատասխան բժշկին, եթե այդպես գնանք, մենք չենք ունենա բուժաշխատողներ, կթողնեն, կգան այս երկրից, ու մենք կմնանք էլ ավելի վատ բժիշկների հույսին: Դրա համար քննարկումները ամեն դեպքի համար պետք են, որպեսզի մենք հասկանանք՝ արդյոք կար մի բան, որ մենք կարող էինք անել ավելին, որպեսզի կյանքը փրկեինք կամ մենք հանդիպել ենք այնպիսի մի դեպքի, որը անբուժելի էր, բայց մենք կարող էինք կանխարգելեինք: Շատ բարդ բաներ եմ ասում, բայց դա առողջապահություն է, քանի որ առողջապահությունը միայն բժշկական օգնության մեջ չէ, որ մարդը եկավ հիվանդանոց, եւ նրան բուժում են տալիս, մենք պետք է կարողանանք կանխարգելենք նաեւ այդ հիվանդությունները: Բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքը հստակ ասում է, որ պերինատալ մահացությունը անպայման պետք է հետազոտվի, եւ մահացած երեխան պետք է հերձվի, որ մինչեւ վերջ հասկանանք՝ որտեղ է պրոբլեմը: Ցավոք, այդ դեպքում դա տեղի չի ունեցել:

-Ինչո՞ւ չեն արել, սա արդեն բացթողո՞ւմ է:

-Ինձ բացատրեցին, որ սովորույթների հետ է կապված. երեխայի ընտանիքը ազգային փոքրամասնություն է, բայց մենք պետք է մաքսիմալը ձգտենք, որպեսզի հետազոտենք եւ կարողանանք ճիշտը պատասխանել: Դուք այս պահին լավ հասկանում եք, որ ես չեմ կարող գնահատել՝ բժիշկը ճի՞շտ է եղել, թե՞ ոչ, քանի որ բոլոր ուսումնասիրությունները պետք է արվեն:

-Հասկանալի է, որ պետք է ուսումնասիրվի, Դուք գնահատական չեք կարող տալ: Բայց փաստ է, որ նման դեպքերի մասով երեք անգամ ազատազրկման դատապարտված բժիշկը շարունակում է աշխատել եւ մարդկային կյանք է խլում: Սա է անվստահության մթնոլորտ ստեղծում բուժաշխատողների նկատմամբ:

-Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ կապ եմ հաստատել հիվանդանոցի տնօրենի, առողջապահության նախարարության համապատասխան մարմինների հետ եւ ստացա որոշակի տեղեկատվություն տնօրենից, որ այդ բժիշկը ժամանակին ունեցել է խնդիրներ, բայց չեմ ուզում ինքս հիմա եզրակացություն անել, բոլոր տեսակի ուսումնասիրությունները ավարտելուց հետո մենք կարող ենք եզրակացնել: Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ բոլորը հիմա այդ դեպքը պահում են ուշադրության կենտրոնում, սկսած նախարարից, նախարարության համապատասխան բաժիններ եւս, ես ինքս անձամբ տեղեկատվություն եմ վերցնում, թե ինչ հետազոտություն է արվել, ինչ արդյունք կա, եւ ինչ-որ ժամանակ հետո մենք կկարողանանք հասարակությանը տալ տեղեկատվություն այս դեպքի վերաբերյալ:

-Փաստ է, որ բարձրաստիճան բոլոր պաշտոնայները իրեն հարազատներին բուժելու նպատակով ուղարկոմ են արտասահման: Եթե Ձեր հարազատին է բան պատահում, Դուք ո՞ր բժշկական կենտրոնն եք խորհուրդ տալիս, որ նա գնա:

-Նախեւառաջ, ես իմ հարազատներին երբեք խորհուրդ չեմ տալիս անմիջապես գնալ արտասահման, որովհետեւ գտնում եմ, որ մենք ունենք բավականին լավ զարգացած բժշկական հաստատություններ, լավ մասնագետներ, եւ եզակի են այն ուղղությունները, որտեղ մենք թերի ենք:

Քնար Մանուկյան




Լրահոս