«Մենություն», «Լիմոնի օղի», «Քրմուհին» ֆիլմերից հայտնի դերասանուհի Ռուզան Վիթը (Ռուզան Մեսրոպյան) «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է էկրաններից անհետանալու վտանգի, սերիալներում նկարահանվելու ճարահատյալ որոշման եւ այլ թեմաների շուրջ:
-Ռուզա՛ն, տեւական ժամանակ է` Ձեզ էկրաններին չենք տեսնում: Ի՞նչն է պատճառը:
-Այո՛, բայց սառույցը կարծես թե տեղից շարժվում է: Վերջերս անընդհատ տարբեր առաջարկներ եմ ստանում: Օրեր առաջ նկարահանվեցի մի ուսանողուհու` Լիլիթ Պետրոսյանի ֆիլմում: Նա տեղափոխեց ինձ հրաշալի, մաքուր մի աշխարհ, որտեղ հայտնվելն ինձ թեւեր տվեց: Հասկացա, որ նոր, տաղանդավոր սերունդ ունենք, որը թեեւ զրկված է մի շարք հնարավորություններից, բայց թափ հավաքելու դեպքում կարող է հասնել միջազգային ասպարեզ: Ֆիլմը կոչվում է «Կիրք»: Այն անդրադարձ է կատարում կայացած, ապահովված կնոջ էմոցիոնալ դաշտին, նրա ներքին դրամային: Ֆիլմում ե՛ւ զգացմունք կա, ե՛ւ կիրք. ու ոչ մի վուլգար բան: Ամեն բան այնքա՜ն զուսպ է արված: Այնինչ՝ ռեժիսորն ինձ պատմեց, որ երբ իմ դերն առաջարկել է մեր դերասանուհիներից մեկին, նա ասել է. «Ինձ ինչի՞ տեղ ես դրել»: Սրա մեջ ծիծաղելի բան կա:
-Որքանով հասկացա` Դուք խոսեցիք նեղ լսարանի համար ստեղծված ֆիլմի մասին, իսկ հանրության լայն շրջանակներին ներկայանալու ցանկություն չունե՞ք:
-Ունեմ, ես արդեն համարձակ կերպով գնում եմ դեպի սերիալ: Հասկացա, որ երկար ժամանակ էկրաններին չերեւալը ճիշտ չէ: Նույնիսկ եթե քեզ չեն մոռանում, դու հայտնվում ես դիտորդի դերում: Կարծում եմ` սերիալային ոլորտում էլ կարելի է ինչ-որ լավ բան անել: Թե որքանով կստացվի, չգիտեմ: Իհարկե, շատ եմ ուզում, որ մեզ մոտ զարգանա կինոարտադրությունը, եւ սերիալը դերասանին չդնի շրջանակների մեջ: Գիտեմ նաեւ, որ մեզ մոտ որքան էլ կինոոլորտը զարգանա, էլի դերասանը ապահովված չի լինի: Սա Փարիզը չէ, որտեղ նկարահանվում էի մեկ ֆիլմում եւ գալիս էի, ինձ համար մի քանի սենյականոց բնակարան էի գնում:
-Հիշում եմ, որ նախկինում կտրականապես դեմ էիք սերիալներին:
-Այո՛, «խրտնում էի» նման նախագծերում ընդգրկվելու առաջարկներից: Շատ ծանր տարա այն հանգամանքը, երբ Աննա եւ Արմեն Էլբակյաններին տեսա սերիալում: Ինձ համար դա վերջն էր: Եթե նրանք էլ են մտել սերիալ, ուրեմն փրկություն չկա: Նրանք ինձ համար մարդիկ են, որոնք հայ մշակույթի ոլորտում պատմություն են կերտել: Հասկացա, որ սերիալային դաշտը մի ճանապարհ է, որով բոլորս պարտավոր ենք անցնել: Այլընտրանքը երկրից գնալն է: Իսկ եթե ոչ, պետք է մնաս ու փորձես գործդ լավ անել` ի վնաս սեփական կենսագրության:
-Արդեն հայտնի է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմքի վրա ստեղծվում է նոր կառույց, եւ կինոարտադրությունը համակարգվելու է տնօրենների խորհրդի կողմից՝ ռոտացիոն ղեկավարման սկզբունքով: Այս որոշման վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:
-Ես այդ փոփոխությունների մեջ լուրջ բան չեմ տեսնում: Կինոկենտրոնում պետք է մտածեին` ինչպես անել, որ որակյալ դերասանների կազմ ունենային, վերջիններիս ներգրավեին աշխատանքի մեջ: Անկախ այն բանից` փոփոխություններ կլինեն, թե ոչ, ես` որպես դերասանուհի, հօգուտ իմ մասնագիտության, ի շահ ինձ (ո՛չ կարիերայիս, ո՛չ գրպանիս) ոչինչ չեմ տեսնում:
-Ռուզա՛ն, աշխատել եք Երեւանի համազգային թատրոնում, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Բեմ վերադառնալու ցանկություն չունե՞ք:
-Թատրոնն իմ ցավոտ տեղն է, մեծ կարոտ ունեմ թատրոնի նկատմամբ: Ի դեպ, ասեմ, որ նախկինում այն ավելի հոգեհարազատ էր ինձ, բայց կինոն բռնեց ձեռքիցս ու տարավ: Ամեն դեպքում, եթե հարմար առիթ լինի, անպայման կցանկանամ կրկին բեմում լինել: Երկու տարի առաջ, օրինակ, Համազգային թատրոնում «Արտավազդ-Շիդար» ներկայացման մեջ Սաթենիկ թագուհի խաղացի: Ինձ հոգեհարազատ է նաեւ Գոյի բեմը, այնտեղից եւս վերջերս առաջարկ ունեցա: Հիմա ինձ մոտ թատերական աշխարհում վերածնվելու շրջան է:
-Եվ վերջում կցանկանամ մի քիչ էլ կանացի հարցեր քննարկենք: Ծերանալուց վախենո՞ւմ եք:
-Ո՛չ: Երբ ես իմ դեմքին տեսնում եմ որեւէ կնճիռ, հենց առաջին պահից սիրում եմ այն, քանի որ դրա մեջ ես տեսնում եմ պատմություն, որին ժպտում եմ: Առհասարակ, նախընտրում եմ երիտասարդ մնալու բնական ճանապարհները: Բացի արտաքին արդյունքից` շատ կարեւոր է նաեւ պահպանել հոգու, ուղեղի մաքրությունը: Դրա համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք կատարել: Եթե դու դրական ես մտածում, այդ պրոցեսը կարող է կանխել ծերությունը, ես հավատում եմ այդ հրաշքին: Մարդ պետք է իր կյանքն այնպես ապրի, որ երբ հասնի ծերության, նայի հայելու մեջ ու ժպտա:
Աննա Բաբաջանյան