Հայաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու նպատակով Հայաստանից Սիրիա 40 տոննա մարդասիրական օգնություն կտեղափոխվի: «Արմենպրես»­ի հաղորդմամբ, այս մասին փետրվարի 13-­ին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ համապատասխան գերատեսչություններից աշխատակիցներ կմեկնեն Սիրիա` երկու ինքնաթիռով առաքվելիք բեռը տեղ հասցնելու համար: «Մենք այդ օգնությունը չենք ուղարկում միայն այնտեղ բնակվող հայերին: Մենք դա ուղարկում ենք այն բնակավայրերը, որտեղ մեր հայրենակիցների հետ միասին բնակվում են նաեւ սիրիացիներ»,­ասաց նախարարը:

Հայաստանի Հանրապետության կողմից որպես մարդասիրական օգնություն Սիրիա կուղարկվեն առաջին անհրաժեշտության պարագաներ` հագուստ, սնունդ: Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 46 մլն դրամ: Գումարը նվիրաբերության կարգով փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 3-­ին, ապա 5­-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ: Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված էր. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:




Լրահոս