Նախկին ԲՀԿ-ականը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Հայկ Խաչատրյանն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով: Նա այսօր ներկա էր գտնվում երեք ուժերի կողմից համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:

Հայկ Խաչատրյանը  ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն համայնքները:

«Այն ինքնանպատակ չէ, սա դաշինքի, նաև իմ թիմի ու համախոհների պահանջն է:
Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք որևէ գայթակղության չեմ գնացել, յուրաքանչյուր քայլ կատարել եմ սառը ու կշռադատված հաշվարկների հիման վրա, սկզբունքներիս չեմ դավաճանել նույնիսկ այն դեպքում, երբ դրանց գինը եղել է բազմաթիվ խոչընդոտների ու փորձությունների միջով անցնելը:

Դեմ եմ եղել և այսօր նույնպես դեմ եմ գործող իշխանությունների քաղաքական, տնտեսական կուրսին: Իմ վերաբերմունքն ԱԺ-ում արտահայտել եմ իշխանության «ռազմերով» կարած տարբեր օրինագծերին քվեարկությամբ, բազմաթիվ անգամ դեմ եմ արտահայտվել Կառավարության կողմից ներկայացրած երկրի պետկան բյուջեի նախագծին, քանի որ այս տարիների ընթացքում այն, ինչ առաջարկել է Կառավարությունը, դա հաջորդ տարի նախորդ տարվանից ավելի հուսալքված, ծայրահեղ ու վատ ապրելու ծրագիր է եղել:

Դեմ եմ քվեարկել Սահմանադրության նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելուն, դեմ եմ եղել սահմանադրական բարեփոխումներին և այսօր էլ մնում եմ նույն կարծիքին, որ Սահմանադրությունը մեր երկրի դժբախտությունների ու ձախողումների պատճառը չէ: Բայց նույնիսկ նոր Սահմանադրության պայմաններում նահանջելու իրավունք չունենք, քանի որ նահանջնել՝ նշանակում է տեսնել, թե ինչպես է դատարկվում երկիրը, նշանակում է ևս 5 տարի ապրել անորոշության, հուսալքության ու ամենաթողության պայմաններում:

Ունենք երկու տարբերակ՝ կամ համակերպվում ենք այս ապրելաձևին, կամ ընտրությամբ փոխում ստեղծված իրավիճակը: Համոզված եմ, որ ճնշող մեծամասնությունը հակված է երկրորդ տարբերակին: Մնում է, որ ժողովուրդն այս անգամ, առանց տարբեր տեսակի ճնշումներին տուրք տալու, ձևավորի իր իշխանությունը: Սա երկիրն այս փոսից հանելու վերջին հնարավորությունն է: Հաջորդը, գուցե, կլինի ուշացած:

Վստահեցնում եմ նաև, որ թիվ 1 ընտրատարածքում, իմ համախոհների հետ միասին, պահելու ենք յուրաքանչյուր ընտրողի քվեն և գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի ընտրություններն անցնեն առանց ընտրախախտումների», – հայտարարել է նա:




Լրահոս