Մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներից ՀՀ-ում տեղի են ունեցել աղմկահարույց սպանություններ, որոնց, որպես կանոն, հաջորդել է անաղմուկ չբացահայտումը: 90-ականների ներքաղաքական խնդիրների կարգավորումից ընդամենը ամիսներ անց սկսվում է խորհրդավոր եւ ցայսօր չբացահայտված սպանությունների՝ միմյանց հաջորդող շարքը. 1998 թ. օգոստոսի 6` ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյան, 1998 թ. դեկտեմբերի 10` ՀՀ ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունի, 1999 թ. փետրվարի 9` ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյան (Ս. Սարգսյանի տեղակալ, Ներքին զորքերի հրամանատար…), 1999 թ. մարտի 8՝ լրագրող Տիգրան Հայրապետյանը և այլք: Եվ «պատահաբարե բոլորն էլ Վազգեն Սարգսյանի մերձակիցներից էին:
Արտառոցն այն է, որ այդ սպանությունների մեջ անհաջող փորձ էր արվում մեղադրել հենց Վազգեն Սարգսյանի շրջանակին: Այս ամենը զուգորդվում է նաեւ «վհուկերի որսովե` հատկապես սպարապետի երբեմնի մտերիմ Վանո Սիրադեղյանի: Եվ ՀՀ գլխ. դատախազի երբեմնի տեղակալ, ապա նրան փոխարինած Աղվան Հովսեփյանի բուռն ջանքերով, բայց նրան նշանակած Քոչարյան-Սարգսյան տանդեմի նույնքան բուռն հովանավորությամբ ամենաաղմկահարույց սպանությունները համարվեցին բացահայտված:
Իսկ առավել արտառոցն այն է, հայրենի իրավապահներն այդ ժամանակ բացահայտել էին երկու կրակոցով ինքնասպանության դեպք:
ՀՀ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը, պաշտոնապես հաստատված վարկածի համաձայն, 1999թ. փետրվարի 9-ին երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:
Միեւնույն ժամանակ՝ պարզվում է 1999-ին հնգամսյա կալանքից ազատ են արձակվել ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության մեջ կասկածվող թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները։
Իսկ այժմ ամեն ինչի մասին հերթով:
Արխիվները քրքրելու կարիք թերեւս չէր լինի, եթե « բացահայտված ինքնասպանությունըե երկու կրակոցով կատարված չլիներ: Այն էլ՝ գլխի եւ սրտի շրջաններում:
Նախ հիշենք՝ գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի դեմ դեպքից մեկ տարի առաջ ` 1998 թ. հունվարի 21-ին, մահափորձ էր կատարվել, եւ վերջինս ոտքերին հասցված հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այդ դեպքը մի շարք այլ իրադարձությունների հետ նախորդեց Հայաստանում իշխանափոխությանը:
Մամուլի էջերն ուսումնասիրելով՝ նման մեկնաբանության հանդիպեցինք, գրեթե բոլոր հրապարակումներում կա տեսակետ, որ Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձը բեմադրված է եղել:
Թերեւս, այս տեսակետը արժանահավատ կլիներ, եթե Արծրուն Մարգարյանի «ինքնասպանությունըե չլիներ:
Թեպետ, անկախ Հայաստանի պատմության մեջ քիչ չեն եղել պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված մահափորձերը, որոնք բեմադրված են համարվել:
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյան, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան…
Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականից (03.02.1998թ.) կարճ ժամանակ առաջ՝ 1998թ. հունվարին, Արմավիր-Էջմիածին ավտոմայրուղու վրա, պաշտոնական ձեւակերպմամբ, «գնդակոծության եւ սպանությանե փորձ կատարվեց նախագահի թիկնազորի պետի՝ գեներալ Ռոմեն Ղազարյանի (Բուդոյի) վրա։ Ավելի ճիշտ, գնդակոծված էր միայն նրա ավտոմեքենան, ինքը՝ Ռ.Ղազարյանը, քերծվածք անգամ չէր ստացել։
Թեեւ կատարվածը իրավական առումով մինչ օրս մնում է չպարզված հանգամանքներում տեղի ունեցած հանցագործություն, սակայն նպատակը, ըստ ժամանակի լավատեղյակների, պարզ էր դեռ այն ժամանակ։ Այն է՝ տպավորություն առաջացնել, թե նախագահի անվտանգության թիվ 1 պատասխանատուի նկատմամբ սպանության փորձ է կատարվել, արհեստականորեն սրել ներքին իրավիճակը, արտակարգ դրություն հայտարարելու համար ստեղծել եւս մեկ հիմք, ինչպես նաեւ առիթ, որպեսզի նախագահի համար մասնավորապես Արցախի հարցում խոչընդոտ հանդիսացող բարձրաստիճան պաշտոնյաները չեզոքացվեն։
Սակայն մահափորձի «բեմականացումըե չափազանց անհաջող ստացվեց ու հասարակությանը բոլորովին հավատ չներշնչեց։
Այդ դեպքից կարճ ժամանակ անց պաշտպանության նախարարությունում հրավիրած մամուլի ասուլիսում, Վազգեն Սարգսյանն ասաց. «Դեռ պետք է ճշտել՝ մեքենայի վրա կրակվե՞ց, թե՞ կրակեցին… Իսկական մահափորձեր առանց թատերականացման ցանկացած երկրում արվում են: Մենք պետք է այնքան զգոն լինենք, որպեսզի չնախատեսված, չպատճառաբանված նման քայլեր թույլ չտանք: Իսկ եթե որևէ մեկի մտքով կանցնի ինքնախեղում կատարել, ցավոք սրտի, ես չեմ կարող դրա դեմ երաշխիք տալե…:
Ուշագրավ է ՆԳՆ ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի 2000թ. Հունվարի 20-ի ցուցմունքը։ Հանդես գալով, իր իսկ ձեւակերպմամբ, «Վանո Սիրադեղյանի կողմից կազմակերպված սպանությունների վերաբերյալե, նա իր ցուցմունքում ասել է.
«Դեռ 1998թ. հունվարյան դեպքերից հետո, երբ կրակվել էր Բուդոյի ավտոմեքենայի վրա, Արծրուն Մարգարյանի ոտքերին, եւ «պայթեցվելե էր Ռ. Հայրապետյանի ավտոմեքենան, հունվարի 23-ին հիվանդանոցում խոսվեց, որ Վազգենը Վանոյին դեմ է արել փակուղու, եւ նա՝ Վանոն, ասել էր, որ Բուդոյի ավտոմեքենայից տեղյակ է, իբր Ա.Տեր-Սահակյանի տղերքն են ինքնագլուխ գործել, իսկ մնացած դեպքերից տեղյակ չէ։
Ես Անդրանիկ Քոչարյանի եւ մյուս ընկերների հետ քննարկեցի նաեւ Արծրուն Մարգարյանի ոտքերի հետ Ա. Տեր-Սահակյանի հնարավոր կապը։ Ես դա բացառում էի, քանզի Ա. Մարգարյանը նրանց ճանաչում էր ու անպայման կասեր։ Բոլոր դեպքերում որոշվեց, որ ես տեսնեմ, փորձեմ բան իմանալ նրանցից իմ ճանապարհներով։ Ինձ համար շատ անսպասելի մյուս օրը նրանք կապվեցին ինձ հետ եւ հրավիրեցին Ա.Տեր-Սահակյանի «դաչաե՝ քեֆի։ Ես խոստացա հաջորդ օրը գնալ, այդ օրը իրոք զբաղված էի։ Նրանք մի քանի անգամ եկել են իմ հետեւից, հարցրել ինձ, բայց Վանոյի հրաժարականից հետո ավելի հաճախակի դարձան հրավերները։ Իմ չգնալու պատճառներից մեկն այն էր, որ ես ինքս չէի հավատում, որ ինչ-որ մեկը կրակել է Ա. Մարգարյանի ոտքերին։
Միշտ եղել եմ հիվանդանոցում, որտեղ միշտ գտնվում էին մեր համարյա բոլոր ընկերները։ 1998թ. Հունվարի 29-ին ինձ նորից զանգահարեց Ա.Տ եր-Սահակյանը եւ կրկին հրավիրեց՝ ասելով, թե հավաքվել են տղերքով՝ հին տղերքով, աղջիկներ եւ այլն, եւ ինձ շատ են ուզում տեսնել։ Ես ասացի, որ հիվանդանոց եմ գնում, Վազգենը պիտի գա, նրա հետ կիսվելու բան ունեմ։
Հենց այդ լսելով՝ նա (ասեմ, որ լավ խմած էր) սկսեց կեղտոտ հայհոյանքներ տեղալ Վազգենի հասցեին, թե արդեն հերիք է, բոլ է, Վանոյին ա լարում, հեսա կտեսնի գլխին գալիքը, տղերքով սաղս էլ հավաքվել ենք, հարցերը կլուծենք։ Ես անմիջապես կապվեցի հիվանդանոց՝ Ա.Մարգարյանին կամ Ա.Քոչարյանին տեղեկացնելու համար։ Հեռախոսը վերցրեց Ա.Քոչարյանը, որն էլ ինձ հաղորդեց, թե Ա.Մարգարյանն ասում է. «Ոչ մի տեղ չգնաս, քեզ սպանելու ենե։ Մյուս օրերից մեկում ինձ ընդունեց Վ.Սարգսյանը։ Նա նույնպես արդեն տեղյակ էր եւ ասաց. «Նրանք երեւի քեզ էին քաշում իրենց մոտ, որ սպանեին, որովհետեւ Վանոյի փրկությունը նաեւ դրանում էե։
Եթե հիմք ընդունենք Վահան Հարությունյանի ցուցմունքը, ապա պետք է ենթադրել, որ Արծրուն Մարգարյանն ինչ-որ հույժ գաղտնի տեղեկության էր տիրապետում, իսկ ավելի ստույգ՝ ինչ-որ մարդկանց ծրագրերին էր քաջատեղյակ:
Եվ դրանից ամիսներ անց զարմանալի զուգադիպությամբ հայտնաբերվեց նրա դին՝ գլխի եւ սրտի շրջաններում հրազենային վնասվածքներով:
Ի վերջո, հետագայում ինչպես Ա.Մարգարյանը, այնպես էլ պաշտպանության փոխնախարար Վ.Խոռխոռունին սպանվեցին, կարծում ենք, դառնալով նույն ուժի զոհերը, քանզի շատ բան կարող էին պատմել…
Տաթեւ Հարությունյան