Այսօր դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Առավոտյան Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանը, ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից, իսկ ավելի ուշ երեխայի դին հայտնաբերվել է Դեբեդ գետում:
Թե ինչպես է երեխան դուրս եկել մանկապարտեզի տարածքից, արդյոք դա անուշադրության հետևանք է, ArmLur.am-ը փորձեց պարզել մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Ավետյանից: Վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, իսկ քաղաքապետարանից ի պատասխան մեր հարցի՝ հայտնեցին, որ այս պահին տեղում աշխատում են իրավապահները, քննություն է ընթանում, դեռեւս ոչինչ հստակ չէ: Քաղաքապետարանի ընդունարանից հայտնեցին, որ 5-ամյա երեխան մի քանի օր առաջ էր նշված մանկապարտեզ ընդունվել: