Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար ևս մեկ քրեական գործ է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցիչների նկատմաբ բռնություն գործադրելու փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` 2017 թվականի հունվարի 5-ին, Ալեք Մանուկյան փողոցում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներ Հրաչյա Պ.-ն և Արթուր Հ.-ն, Աֆրոդիտե ակումբում գույքը վնասելու գործողությունները կանխելու նպատակով, ակումբից դուրս են հրավիրել ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացիներ Վահե Հ.-ին և Հարություն Խ.-ին: Վերջիններս, սակայն, չեն ենթարկվել իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին և վիճաբանություն են հրահրել` ոտքերով ու ձեռքերով հարվածելով նրանց: Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: Վահե Հ.-ն և Հարություն Խ.-ն կալանավորվել են:
Ի դեպ, համաձայն վերջիններիս նախաքննական ցուցմունքների, վիճաբանության ընթացքում սկզբում ոստիկաններն են իրենց հարվածել, ինչից հետո Վահե Հ.-ն և Հարություն Խ.-ն ինքնապաշտպանվելու նպատակով պատասխան հարվածներ են հասցրել նրանց:

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:




Լրահոս