
Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել` կապված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված եւ դատապարտված անձանց կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու դեպքերի հետ: Ըստ վիճակագրության՝ միայն 2016 թվականին Հայաստանում գրանցվել է խարդախության 964 դեպք, որոնցից 106-ը կալանավայրից իրականացրել են դատապարտյալներն ու կալանավորները, իսկ քաղաքացիներին ու իրավաբանական անձանց այդ եղանակով պատճառվել է ավելի քան 150 մլն դրամի վնաս:
Շատ դեպքերում այդ վնասը չի փոխհատուցվել, գողոնն էլ իրավապահները չեն հայտնաբերել. չեն կարողացել կամ չեն ցանկացել: Նշենք, որ ՔԿ երեկվա խորհրդակցությանը մասնակցել է նաեւ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը, որը բանտապետների հետ պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար, եւ չի բացառվում, որ շատ շուտով նա հրաժեշտ տա իր պաշտոնին: Ի վերջո, կալանավայրերում տիրող ամենաթողությունը եւ դրա հետեւանքով նման հանցագործությունների թվի աճը հենց ԿՔՀ ղեկավարության թողտվության պատճառով է: