ՖՈՏՈ. ՀՀԿ-ն կրկին ցանկանում է պատգամավոր դարձնել «ձայն բերող» տղաներին. քաղաքական բարեփոխումներ ոչ քաղաքական կերպարներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն այսօր կարող է հրապարակել համամասնական ընտրացուցակի առաջին եռյակի անունը: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ով է գլխավորելու ցուցակը` կուսակցության նախագահ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Փոխարենը շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է, թե ովքեր են առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով: Եւ սկզբունքը, որով կազմվել է ռեյտինգային ընտրացուցակը, միանգամայն տեղավորվում է ՀՀԿ-ի` վերջին տարիներին վարած քաղաքականության տրամաբանության մեջ:

Հավանաբար հիշում եք` իշխանություններն ինչպես էին, ջանք ու եռանդ չխնայելով, հասարակությանը համոզում, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի բարեփոխել քաղական համակարգը, ինչն էլ կօգնի խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետ գործելուն:

«Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քաղաքական բարեփոխումների՝ տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարարելու: Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը: Քաղաքական բարեփոխումները ենթադրում են նախեւառաջ քաղաքական մշակույթ: Քաղաքական բանավեճերի ու երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման նոր եղանակներ, ուժի դիրքերից քաղաքական ընդդիմախոսների հետ խոսելու բացառում, քաղաքական համակարգում նպատակասլաց ու գաղափարներով լի մարդկանց ազատ մուտք, խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածում»,- 2016թ. սեպտեմեբերին ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Իսկ օրեր առաջ` հունվարի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստերում էլ Ս. Սարգսյանը խոսել էր իրենց կուսակցությունից պատգամավորի թեկնածուներ առաջադրելու սկզբունքի մասին. «Իշխանության օրենսդիր եւ գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները եւ ոչ թե հավակնությունները»:

Միայն թե ՀՀԿ ռեյտինգային ցուցակի հիմնական թեկնածուների անունները լուրջ տարակուսանք են հարուցում` որքանո՞վ են առնչվում քաղաքականությանը, նրանց ներկայությունը խորհրդարանում որքանո՞վ կծառայի քաղաքական բարեփոխումներին, եւ, ընդհանրապես, նրանք ի՞նչ անուրանալի ներդրումներ են ունեցել հայրենիքի շենացման գործում:

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյան

Օրինակ` Երեւանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվողների մեջ է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նույն ինքը` Քեթրինի Միհրանը, որը մշտապես եղել է սկանդալների կիզակետում: Ամենաաղմկահարույցը պանամական օֆշորային սկանդալն էր, որը բացահայտվեց, եւ Պողոսյանը ստիպված եղավ հրաժեշտ տալ իր պաշտոնին: Հիշեցնենք` նա օֆշորային գոտում ստեղծել էր ընկերություններ, որոնք Հայաստանում զբաղվել են ԴԱՀԿ վարույթում աճուրդի հանված գույքի գնահատմամբ: Մ. Պողոսյանը նաեւ կոռուպցիոն սկանդալների մեջ էր թաթախված. նա ԴԱՀԿ-ի համար պետական բյուջեի միջոցներով ծառայողական ավտոմեքենաներ էր գնել իրեն պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունից, ասել է թե՝ պետական միջոցները նա ծառայեցրել էր իր ընտանիքի բիզնեսի զարգացման գործին: Միհրան Պողոսյանին է պատկանում Հայաստան բանան եւ, ընդհանրապես, մերձարեւադարձային մրգեր ներկրելու մենաշնորհը: Էլ չենք ասում նրա թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքների եւ այլնի մասին: Ահա թե ինչպես է ԴԱՀԿ Միհրանն իր ունակությունները ներդրել հայրենիքի շենացման գործում:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյան

Երեւանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրվողների մեջ է Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը: Ընտրությունների ժամանակ նրա անունը մշտապես ընտրակեղծարարների թոփ հնգյակում է. նրան է վերապահված Արաբկիր համայնքում հօգուտ իշխանությունների ընտրակեղծիքներ անելու գործը: Այս գործարարն իր խորհրդարանական բազմամյա գործունեության ողջ ընթացքում միայն մեկ անգամ է փորձել խոսել` ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ, երբ ցանկանում էր հերքել իրեն ներկայացված մեղադրանքները, այն էլ բարձրախոսը չաշխատեց: Իսկ նրա օրինաստեղծ գործունեության մասին խոսելը, բնականաբար, անիմաստ է: Ու հիմա թե ինչպես պետք է Սասի Արտակը խորհրդարանի ամբիոնը վերածի երկրի թիվ մեկ ամբիոնի, մնում է միայն ենթադրել:

Նման օդիոզ կերպարների ՀՀԿ-ն առաջադրել է նաեւ մյուս բոլոր ընտրատարածքներում. բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան,

ՊԵԿ նախկին աշխատակից Սամվել Սանամյան,

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյան,

պատգամավորներ Աշոտ Արսենյան,

Առաքել Մովսիսյան,

Նահապետ Գեւորգյան,

Բազմասեր Առաքեյան,

Մուշեղ Պետոյան,

Արկադի Համբարձումյան,

Արայիկ Գրիգորյան,

Մուրադ Մուրադյան,

հեղափոխությունը օրորոցում խեղդել սպառնացող նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան,

եւ այսպես շարունակ: Հատկապես խորհրդարանական կառավարման պայմաններում թե ինչպես են նրանք խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածելու, մնում է միայն ենթադրել: Մանավանդ, որ իրենց խորհրդարանական ու ոչ խորհրդարանական գործունեության ընթացքում այս մարդիկ այդպես էլ չեն փայլել հայրենիքը շենացնելու գործին իրենց նվիրվածությամբ, այլ ընդամենը իրենց դիրքը ծառայեցրել են սեփական հարստացմանը:

Արդյունքում պետք է արձանագրենք, որ ՀՀԿ-ն, հակառակ բոլոր խոստումների, այսօր կրկին ցանկանում է պատգամավոր դարձնել «ձայն բերող» տղաներին, որոնք աչքի են ընկել ընտրակաշառք բաժանելու եւ ընտրությունները կեղծելու իրենց ունակությամբ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս