Քննիչները պատասխանատվության կենթարկվե՞ն. ինչու է իրականում ձերբակալվել «Հաց բերողը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին երկրորդ անգամ կալանավորված Արթուր Սարգսյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Հաց բերող» անունով, իրավապաշտպանների խոսքով՝ անազատության մեջ է հայտնվել քննիչների գործելաոճի հետևանքով:

Նախ հիշեցնենք, որ Ա. Սարգսյանին մեղադրանքներ են առաջադրվել պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զինամթերք պահելու հատկանիշներով: Նա, ըստ մեղադրանքի, համարվում է նախորդ տարվա հուլիսյան դեպքերի ժամանակ «Սասնա ծռեր» խմբավորմանը սատարած զինյալ:

2016թ. դեկտեմբերի 30-ին «Հաց բերողի» նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխվել էր ստորագրությամբ: Սակայն օրեր առաջ դատարանը կրկին փոխեց Արթուր Սարգսյանի խափանման միջոցը եւ որոշեց նրան կալանավորել 2 ամսով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Սակայն նրա փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով, իրենք քննիչին նախապես տեղյակ են պահել չներկայանալու մասին եւ խնդրել են փոխել հանդիպման օրը:

Ինչ է ստացվում. փաստորեն, պաշտպանական կողմն ապացույց ունի, որ տեղեկացրել է քննիչին չներկայանալու մասին, սակայն ՀՔԾ որոշում է կայացրել ձերբակալման մասին: Սա պետք է որակել որպես պաշտոնական անփութությո՞ւն, թե՞ դիտավորություն, թող դատեն մասնագետները:

Ըստ երեւույթին, չի բացառվում, որ շուտով կլսենք քննիչների անուններ, որոնք պատասխանատվության կենթարկվեն ստեղծված իրադրության համար:

Հ.Գ. Հիշեցնենք՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով այսօր Ազատության հրապարակից երթ է մեկնարկել դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:




Լրահոս