«Դաշինքի կայացմանը խանգարեցին Օսկանյանի և Րաֆֆու եսակենտրոն և դավադիր նկրտումները». Պարույր Հայրիկյանը բացում է փակագծերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը համացանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշման չեղարկմանը:

Հիշեցնենք՝ Հայրիկյանը մտադիր էր միանալ Օհանյան-Օսկանյան դաշինքին:

ԱԻՄ առաջնորդը, մասնավորապես, գրում է. «ԱԻՄ-ն ազդարարել էր, որ առաջիկայ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ կոչուող միջոցառմանը կը մասնակցի միայն դաշինքով (ցանկալի էր ժողովրդավարական), որպէսզի համատեղ ու զանգուածային մասնակցութեամբ այդ միջոցառումը մերձեցնէինք ընտրութիւններ հասկացութեանը եւ դրանում յաջողութիւնից յետոյ սկսէինք արմատական ու համակարգային փոփոխութիւնների իրականացումը ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՀԱՅՔՈՒՄ։
Չկայացաւ այդ դաշինքը։ Դրան հիմնականում խանգարեցին Օսկանեանի եւ Րաֆֆու եսակենտրոն ու գուցէ ի սկզբանէ դաւադիր նկրտումները (ժամանակի փչացում, իրենց առաջ մղելով դաշնակիցների՝ Արամ Սարգսեանի ու Վիկտոր Դալլաքեանի, արտամղում)։
2017 թ.-ի փետրուարի 14-ին որպէս դաշինք ներկայացող նախընտրական առկայ միաւորները եթէ անգամ կարելի է ժողովրդավարութեան ձգտող համարել, այնուամենայնիւ համընդհանուր ընդգրկմամբ դաշինք չեն առաջին՝ դրանցում ԱԻՄ բացակայութեան պատճառով եւ երկրորդ՝ իրենց հատուածականութեամբ։
Այսպիսով ԱԻՄ-ը չի մասնակցի Հայաստանում տեղի ունենալիք հերթական խեղկատակութեանը, որի մասնակիցները որքան էլ խօսեն գեղեցիկ նպատակներից չեն հասկացել ամենակարեւոր բանը՝ այն, որ Հայաստանի հիմնական խնդիրը երկիրը քաղաքացիների սեփականութիւնը դարձնելն է։ Մի բան որ վեր է որեւ առանձին քաղաքական ուժի կամ միաւորման ուժերից եւ պահանջում էր համազգային համախմբում գոնէ ազգային կուսակցութիւկնների մակարդակով։
ԱԻՄ-ը պատրաստ էր համագործակցել բոլորի հետ ովքեր գոնէ կազդարարէին իրենց հաւատարմութիւնը ժողովրդավարական արժեքներին, սակայն ԱԻՄ-ը չի ցանկանում լինել ընդամենը ինքնասիրահարուած եւ աթոռիկի կամ արեւի տակ տեղ ունենալու համար իրենց պատէպատ տուող մեծ ու փոքրր ուժերի շարքում։
Մեզ հետ դուք կարող էիք լինել մեր դեռեւս կէս դար առաջ սկսած ԻՆՔՆՈՐՈՇՈՒՈՂ՝ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ կերտման գործում, ձեզ հետ մենք չենք լինի ձեր ճղճիմ նպատակադրումներում։
Եւ չենք էլ կարող ասել ԱՍՏՈՒԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ, զի դուք ձեր կռապաշտութեամբ ընտրել եք նիւթն ու սատանային»:




Լրահոս