Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի մասով սայլը դեռևս տեղից չի շարժվում:
Ինչպես հայտնի է՝ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում «Կամազ» մակնիշի բեռնատարը և ուղևորատար ավտոբուսը բախվել էին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՌԴ հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը:
ArmLur.am-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը հայտնեց, որ նրան քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց չեն տեղափոխել.«Ներկա պահին ոչնչի մասին տեղյակ չեմ: Ասում են` վիճակը նորմալ է, բայց բուժման կարիք ունի»:
Ի դեպ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ՀՀ օմբուդսմենին տեղեկացրել էր նաև, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պահպանման հարցը վերցված է հատուկ հսկողության:
Հավելենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ՌԴ արդարադատության նախարարություն վերջին հիշեցումը ուղարկել է 2017 հունվարի 17-ին, աակայն մինչ օրս որևէ արձագանք չկա:
Լիդա Եղիազարյան