Ի՞նչ է սպասվում ՀՀԿ-ի հետ համագործակցող պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ «Ժողովուրդը» շարունակում է ընթերցողին ներկայացնել գործող խորհրդարանի անդամների անցած 5 տարիների աշխատանքը: Այսօր կանդրադառնանք ՀՀԿ-ի պատգամավորական խմբակցության այն անդամներին, որոնք կա՛մ ունեն իրենց սեփական կուսակցությունը, կա՛մ էլ անկուսակցական են, սակայն «հայրենիքի ճակատագրով մտահոգ»՝ հանգրվանել են ՀՀԿ-ում: Ստորեւ կներկայացնենք Սպարտակ Մելիքյանի, Շիրակ Թորոսյանի եւ Տաճատ Վարդապետյանի խորհրդարանական բեղուն հետագիծը:

Սպարտակ Մելիքյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է 2007 թվականից՝ ընտրվելով ՀՀԿ համամասնական ցուցակով: Դրա հետ մեկտեղ նա ունի իր սեփական կուսակցությունը, որը կոչվում է «Ժողովրդավարություն եւ աշխատանք»: Եվ, բնականաբար, Մելիքյանը չէր էլ կարող շեղվել իր համար արդեն հարազատ դարձած ՀՀԿ-ի քաղաքական գծից, ինչի վկայություններից է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը նրա համաձայնությունը: 2015թ. այս պատգամավորի ֆինանսական դրության մասին մամուլում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում: Մասնավորապես նշվում էր՝ Մելիքյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ եւ նույնիսկ հայտնվել էր սնանկության եզրին:

Հիշեցնենք, որ մի շարք քաղաքացիներ Ս. Մելիքյանի դեմ դատական հայցեր էին ներկայացրել՝ պահանջելով կալանք դնել նրա ունեցվածքի վրա եւ այլն: Ֆինանսական եւ դատական վեճերից բացի՝ Մելիքյանն այս տարիների ընթացքում զբաղվել է նաեւ խորհրդարանական գործունեությամբ: Ինչպես վայել է ՀՀԿ-ի հետ համագործակցող կուսակցապետին, նա կողմ է քվեարկել օրինագծերի ճնշող մեծամասնությանը՝ 638, իսկ դեմ եւ ձեռնապահ՝ 4 եւ 1 անգամ: Մելիքյանը հրաժարվել է քվեարկությունից 166 անգամ, բացակայել 155 նիստերից: 5 տարվա ընթացքում պատգամավորը ԱԺ ամբիոնին որեւէ անգամ չի մոտեցել, հարցերով երբեք հանդես չի եկել: 2016թ. ամռանը Մելիքյանը չէր բացառում ԱԺ ընտրություններին իր կուսակցության ինքնուրույն մասնակցությունը, սակայն առավելապես տրամադրված էր ՀՀԿ-ի հետ համախմբմանը:

Շիրակ Թորոսյանը նույնպես ՀՀԿ-ի հետ համագործակցող մեկ այլ կուսակցության՝ «Հզոր հայրենիքի» պատվարժան փոխնախագահն է: Նրա համար գալիք խորհրդարանը կարող է լինել երրորդը՝ 2007 թվականից ի վեր: Նա նաեւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահն է, դասախոսում է ԵՊՀ-ում: Թորոսյանը ՀՀԿ-ի հետ համագործակցելուն զուգահեռ ակտիվորեն հանդես է գալիս Վրաստանում ապրող հայության իրավունքների ոտնահարման խնդիրների բարձրաձայնմամբ: Ի դեպ, Շիրակ Թորոսյանը այն գործիչներից է, որոնց մուտքը Վրաստան շարունակում է արգելված մնալ նույնիսկ Սահակաշվիլու պաշտոնաթողությունից հետո:

Հայաստանում, սակայն, Թորոսյանը կարծես իշխանությունների մեղքով ծագած լուրջ խնդիրներ չի նկատում, հակառակ դեպքում դժվար թե ձգտեր շարունակել ՀՀԿ-ի հետ «համագործակցությունը»: Չմոռանանք, որ նա նույնպես չի շեղվել Սերժ Սարգսյանի որոշումից՝ ակտիվորեն սատարելով ԵՏՄ-ին միանալու գործընթացին եւ այդ ճանապարհով տեսնելով Հայաստանի տնտեսական զարգացումը: 5-րդ գումարման ԱԺ-ում Շիրակ Թորոսյանը ՀՀԿ-ականին վայել գործունեություն է ծավալել: Նա կողմ է քվեարկել 919 օրինագծերի, իսկ դեմ եւ ձեռնապահ եղել 8 եւ 1 անգամ: Այս պատգամավորը խորհրդարանական ամբիոնից օգտվել է 9 անգամ, հարցերով հանդես եկել 20 անգամ: Նա քվեարկություններից հրաժարվել է 8 անգամ, բացակայել՝ 28:

Իսկ ահա Տաճատ Վարդապետյանը ՀՀԿ-ի անկուսակցական պատգամավորներից է: Նա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է 2007 թվականից՝ 2007 ու 2012թթ. ընտրվելով ՀՀԿ համամասնական ցուցակով: Վարդապետյանը ծնվել է Վրաստանում եւ հիմնականում զբաղվել է ջավախահայության խնդիրների բարձրաձայնմամբ: Նա ՀՀԿ-ի պահանջատիրական գաղափարախոսության ջատագով պատգամավորներից մեկն է, որը կարծում է, որ ցեղասպանության ողբերգությունը պետք է փոխարինել հստակ պահանջատիրությամբ: Եվ դրանով հանդերձ՝ նա Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը զավեշտ է, համարում է սոսկ լեզվական վրիպում: ՀՀԿ-ի այս պատգամավորն ակնհայտորեն չգիտի, որ դեսպանի մակարդակով նման վրիպումները, մեղմ ասած, անթույլատրելի են եւ նորմալ երկրներում կավարտվեին պաշտոնանկությամբ:

Սակայն զարմանալի էլ չէ ՀՀԿ-ի ինտելեկտուալ թեւի այս ներկայացուցչի նման կեցվածքը, երբ հիշում ենք, որ նա նույնպես ԵԱՏՄ-ի ջերմեռանդ կողմնակիցը դարձավ Սերժ Սարգսյանի միանձնյա վճռից հետո: Վարդապետյանի խորհրդարանական գործունեությունը այնքան էլ տպավորիչ չէ. նա կողմ է քվեարկել 932 նախագծերի, դեմ՝ 9 եւ ոչ մի անգամ ձեռնապահ: Ըստ Parliament Monitoring-ի տվյալների՝ նույնպես երբեք չի մոտեցել ԱԺ ամբիոնին, հարցապնդումներ երբեւէ չի ներկայացրել: Վարդապետյանը բացակայել է ԱԺ ընդամենը 6 նիստերից, իսկ քվեարկությունից հրաժարվել 17 անգամ:

Դատելով Սերժ Սարգսյանի կուսակցաշինական քաղաքականությունից՝ չի կարելի բացառել, որ վերոնշյալ գործիչները կհայտնվեն նաեւ 6-րդ գումարման խորհրդարանում՝ ՀՀԿ-ի ու այլ կուսակցությունների «հայրենանվեր համագործակցության» համատեքստում, ինչը պարզ կդառնա արդեն այսօր, երբ կհրապարկվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակի վերջնական տարբերակը։

Ն. Հովսեփյան




Լրահոս