ԻՐԵՆՔ ԵՆ ՈՐՈՇԵԼՈՒ՝ ՈՐՏԵՂ ՆԿԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման ու միաժամանակյա ինտերնետային հեռարձակման գործընթացը կազմակերպելու է «Յուքոմ» ընկերությունը, որի հիմնական սեփականատերը փաստացի Սերժ Սարգսյանի փեսան է` Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: Հիշեցնենք, որ հայաստանյան 2 հազար ընտրատեղամասերից 500-ում, այնուամենայնիվ, տեսախցիկներ չեն լինի: Իսկ թե ո՞ր տեղամասերը կլինեն դրանք, որոշելու է «Յուքոմը» այս գործընթացը կազմակերպող հայ-կանադական «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերության հետ: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանի փեսային պատկանող ընկերությունն է որոշելու` որոնք են լինելու այն փոքր 500 տեղամասերը, որտեղ վերահսկողություն չի լինի: «Որոշելու է ընկերությունը՝ համապատասխան հանձնաժողովի հետ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր գրություն՝ 1500 տեղամասերում նկարահանումների իրականացումների մասին, եւ թե կազմավորված 1500-ից որ մեկում կլինեն տեսախցիկները, ԿԸՀ-ն դրա հետ որեւէ առնչություն չունի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մնում է` այդ հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցիչները կարողանան ստիպել, որ տեսախցիկները տեղադրվեն գոնե առավել ռիսկային տեղամասերում, որպեսզի խախտումները հնարավորինս բացառվեն:

 

 
ՀՀ տնտեսության մեջ շուրջ 850 միլիոն դոլարի ներդրումներ ներգրավելու վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այս օրերին լայն քննարկման առարկա է դարձել: Մասնագետների պնդմամբ՝ մինչդեռ անգամ 500-550 միլիոն դոլարի ներդրումների ծավալը իրոք կարող է բեկում մտցնել Հայաստանի տնտեսության մեջ, բայց դրա համար նախ եւ առաջ հարկավոր է՝ գումարներն էֆեկտիվ կառավարվեն, ինչի համար էլ իրապես երաշխիքներ են պետք: Թերեւս այդ «բարաթ»-ի պատճառով էր, որ ՀՀ վարչապետը փորձեց սեփական օրինակով ավելի շատ ներքին ներդրողներին մոտիվացնել ու տեղից շարժել: «Ժողովուդ»-ը տեղեկացավ, որ Գյումրիում մոտ օրերս կսկսվեն կոնկրետ աշխատանքները: Թերեւս միայն այս դեպքում հնարավոր կլինի նաեւ օտարերկրյա ներդրողներին համոզել, որ փող բերեն մեր երկիր: Բայց այս ամենը կախված կլինի ընտրություններից, երբ հստակեցվի` «ով ով է»:

 

 

 
Հայաստանի տնտեսության մեջ աննորմալ երեւույթներ են ընթանում: Նախորդ տարվա ընթացքում կտրուկ նվազել է մանրածախ առեւտրաշրջանառությունը` 2.6 տոկոսով: Եւ ահա այս պայմաններում շարունակվում է գնաճը. դեկտեմբերի համեմատ՝ այս տարվա հունվարին գները բարձրացել են 2.6 տոկոսով, ընդ որում, ամենաշատը բարձրացել են պարենային ապրանքները` 7.4 տոկոսով, իսկ սպառման ապրանքները` 4.2 տոկոսով: Նշված ցուցանիշները լավագույնս բնութագրում են տնտեսության վիճակը: Առեւտրաշրջանառության ծավալների նվազումը վկայում է քաղաքացիների կենսամակարդակի նվազման, դրա հետեւանքով` գնողունակության անկման մասին, իսկ այդ պայմաններում, երբ չկա պահանջարկ, սովորաբար պետք է տեղի ունենա էժանացում: Մինչդեռ Հայաստանում ընդհակառակը` գները միայն բարձրանում են: Մի փաստ, որը լավագույնս վկայում է մրցակցության բացակայության եւ մենաշնորհների առկայության մասին:

 

 

 
ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտն» այս տարի պատրաստվում է լուրջ շռայլությունների դիմել, բնականաբար, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Օրինակ՝ նրանք նախատեսել են գնել ղեկավարի մեկ աթոռ` 600 հազար դրամով, կամ մոտ 2 հազար լիտր պրեմիում տեսակի բենզին, որը ռեգուլյար տեսակից թանկ է 20-30 դրամով: «Կրթության ազգային ինստիտուտի» տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե իրենց ծառայողական մեքենաները միայն պրեմիում տեսակի բենզինով են աշխատում, դրա համար էլ ստիպված դիմել են այդ քայլին: «Ռեգուլյարով հնարավոր չէ»,- ասել է նա: Իսկ հարցին, թե ո՞ւմ է սպասարկում այդ տարօրինակ մեքենան, Ղուկասյանը պատասխանել է. «Տնօրենին, այսինքն՝ ինձ»: Իսկ 600 հազար դրամանոց աթոռն ինչո՞ւ եք գնում, դա ո՞ւմ համար է, հետաքրքրվեցինք. «Ուզում ենք ունենալ, հնարավոր է՝ չառնենք»: Իսկ իշխանություններն էլ ասում են, թե թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը բարձրացնելու համար բյուջեում փող չկա: Բա շռայլություննե՞րը:

 

 

 
ԱՆԼՈԳԻՍՏԻԿ
Համաշխարհային բանկը երեկ հրապարակել է «Առեւտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում 2016թ» զեկույցը, որտեղ դիտարկված 160 երկրների շարքում ՀՀ-ը զբաղեցնում է 141-րդ տեղը։ Ասել է թե՝ մեր երկիրը վերջից առաջին քսանյակում է: 2007թ-ից ՀԲ-ի կողմից դիտարկվող լոգիստիկայի վարկանիշը հաշվարկվում է բիզնեսի ներկայացուցիչների հարցումների հիման վրա՝ ըստ կոնկրետ ոլորտների ցուցանիշների՝ մաքսային ծառայություններ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, բեռների տեղափոխման վերահսկման համակարգ, միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում, ապրանքների` ժամանակին առաքում եւ այլն: Եվ ահա, ինչպես եւ այլ բազմաթիվ ուղղություններով, այս դեպքում եւս Հայաստանն իր դիրքերը զգալիորեն վատթարացրել է: Օրինակ՝ եթե 2012թ-ին դիտարկված 155 երկրների շարքում ՀՀ-ը 100-րդ տեղում էր, ապա ընդամենը 4 տարվա ընթացքում հետընթաց է արձանագրել ամբողջ 40 տեղով: Ընդ որում, ուշագրավ է, որ ամենամեծ անկումը գրանցվել է մաքսային գործառույթների ոլորտում. եթե 2014թ. այս ցուցանիշով Հայաստանը 75-րդ տեղում էր, ապա 2016-ին արդեն՝ 148-րդ տեղում։ Ասել է թե՝ լոգիստիկայի ընդհանուր վարկանիշի վատթարացման հարցում ի թիվս գլոբալ խնդիրների՝ ինչպիսիք են ՀՀ սահմանների շրջափակումն ու դրանով պայմանավորված՝ տարանցիկ մայրուղիների եւ երկաթուղիների բացակայությունը, կարեւոր դեր ունեն այնպիսի խոչընդոտներ, որոնք կապված են բացառապես վատ կառավարման հետ: Կարծում ենք՝ այս ցուցանիշը պետք է որ դառնա վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հատուկ ուշադրության առարկան:
Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող մայրուղիներին եւ դրանցով բեռնափոխադրումների ապահովմանը, ապա այստեղ խնդիրները շատ ավելի մեծ են եւ դժվար լուծելի: Մասնավորապես Հյուսիս-հարավ՝ այդքան տարփողված ճանապարհը, որի շինարարության վրա պետությունն ի սկզբանե սահմանվածից մի քանի անգամ ավելի վարկային միջոցներ ներդրեց, կոչված էր էապես բարելավելու Հայաստանի լոգիստիկ հնարավորությունները: Սակայն ինչպես հայտնի է՝ Հյուսիս-հարավի շինարարության ավարտը դեռ չի երեւում, իսկ վերջերս էլ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարն առհասարակ հարցականի տակ դրեց ճանապարհի կառուցման արդյունավետությունը:
Հայաստանի լոգիստիկ հնարավորությունների մեծացմանը նպաստող հաջորդ կարեւոր ծրագիրը կարող էր լինել Իրան-Հայաստան երկաթուղին, որի կառուցման հեռանկարները եւս այս տարի ավելի անորոշ դարձան: Հիշեցնենք, որ դեռեւս 2008թ. աշնանը Սերժ Սարգսյանը ԱԺ-ում հայտարարեց, թե մի քանի ամսից երկաթուղու շինարարությունը սկսվելու է: Հունվարի 12-ին, սակայն, լուծարվեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որը 2009թ. ստեղծվել էր՝ կյանքի կոչելու Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը։




Լրահոս