Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` քաղաքական դաշտում նախընտրական առաջին սկանդալն է հասունանում: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ դաշինքը, դեռ վերջնականապես չձեւավորված, ճաքեր է տալիս:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ ասուլիս է հրավիրել եւ դժգոհել իր գործընկերներից` «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունների դաշինքից, որին մասնակցելու մասին հայտարարել էր նաեւ ԱԻՄ-ը: «Մեր դաշինքում անհասկանալի դանդաղկոտություն կա, եւ դաշինքի ձեւավորումն ուղեկցվում է խնդիրներով: Դաշինքը պետք է հասցնես մատուցել մարդկանց, իսկ դաշինքի անվան ձգձգումը ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ չենք կարողանում վերաբերվել դաշինքին: Պիտի արագացվի ամեն բան, հակառակ պարագայում ԱԻՄ-ը վերադառնալու է իր նախնական դիրքորոշմանը: Եթե չստացվի միասնական ուժերով աշխատել, հզոր միավորում ստեղծել, ապա ամեն ինչ ավելորդ է: Այդ պարագայում ԱԻՄ-ը կարող է հայտարարել, որ այլեւս անելիք չունի այդ դաշինքում»,- հայտարարել է նա:
Որ այս դաշինքն իր գործողություններում որոշակի դանդաղկոտություն է ցուցաբերում, անգամ անունը չեն որոշել, հայտնի փաստ է: Ի վերջո, արդեն երկու օր է` մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջադրումների ժամկետը, սակայն այս քաղաքական միավորը դեռ չի որոշել իր անունը: Բայց Հայրիկյանի քայլը, երբ միանգամից հրապարակայնացնում է ներքին խնդիրներն ու սպառնում` պայմանները չկատարելու դեպքում լքել դաշինքը, առավել քան տգեղ է, նմանվում է շանտաժի: Ի վերջո, նա բոլոր մտահոգությունները կարող էր բարձրաձայնել գործընկեր կուսակցությունների հետ քննարկումների ժամանակ, այլ ոչ թե ասուլիս հրավիրելով: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայրիկյանն իրականում այս դաշինքին միացել էր առանց դաշինքի անդամ մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկելու եւ նրանց համաձայնությունը ստանալու՝ ընդամենը համապատասխան հայտարարություն տարածելով իր մտադրությունների մասին, որից հետո դաշինքի գործընկերներն էլ պարզապես ի գիտություն էին ընդունել նրա խոսքերը: Բայց դաշինքում անկախ «ձեւից ու բովանդակությունից» հնարավորինս շատ ուժերի համախմբելու ցանկությունն էլ, հիմա, գլխացավանք է դարձել Օհանյանի կողմնակիցների համար:
Նկատենք, որ տեղի ունեցածը բավական վտանգավոր միտումներ ունի. «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքներն ապահովված են ֆինանսներով, եւ այդ ֆինանսներից օգտվելու համար էլ նրանց շուրջ համախմբվող մարդ-կուսակցությունների պակաս չկա: Սակայն այս դաշինքների դեպքում մեծ է հավանականությունը, որ շատ արագ կարող են փլուզվել, հատկապես, երբ այդ դաշինքների մեծ մասը նույն այդ մարդ-կուսակցություններն են` միավորներ, որոնց իշխանությունները որպես ական ներդրել են հիմնական ուժերի համար հարկավոր պահին խնդիրներ ստեղծելու նպատակով:
Ու հիմա, փաստորեն, ականատեսն ենք լինում այդ դեպքի` դեռ մինչեւ դաշինքի գրանցումն ու նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Թե առաջիկայում այս առումով ի՞նչ անակնկալներ կարող են լինել ոչ միայն Օհանյանի շուրջ ձեւավորվող, այլ նաեւ «Ծառուկյան» դաշինքում, կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքից էլ հեռանան որոշ մարդ-կուսակցություններ, երբ նրանց ամբիցիաները չբավարարվեն: Էլ չենք խոսում այն մասին, որ նրանք դաշինքները կարող են լքել նաեւ ԱԺ ընտրություններից հետո, անգամ երբ մանդատ ստանան. չէ՞ որ ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի համաձայն՝ պատգամավորները խմբակցությունը լքելուց հետո կարող են պահպանել մանդատը: Ահա թե ինչու են ուշանում ընտրացուցակների կազմման եւ հրապարակման գործընթացները:
Մինչ այդ նկատենք, որ Օհանյանի դաշինքի անդամներից «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է. «Պարույր Հայրիկյանը դա գնահատում է դանդաղ, ես չեմ գնահատում դանդաղ: Ես գնահատում եմ, որ իրերը, երեւույթները կամ հարաբերությունները գնում են այն արագությամբ, ինչ արագությամբ որ գնում են»: Ինչ վերաբերում է Հայրիկյանի` դաշինքից դուրս գալու հավանականությանը, նա հայտարարել է. «Չեմ կարդացել: Եթե ինքն այդպիսի բան է ասել, ես չեմ կարող մեկնաբանել դա: Դաշինքում այդպիսի քննարկում՝ դուրս գալ, ներս մտնել, չկա»: Սպասենք զարգացումներին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼՈՎ ՃԱՄՓՈՒ ԴՐԵՑ
Սերժ Սարգսյանը երեկ մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում է շնորհել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանին` «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի փեսային: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Սանամյանն այս կոչումը ստանալուց հետո պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Բանն այն է, որ ՀՀ ԸՕ 82 հոդվածի համաձայն՝ հարկային եւ մաքսային մարմիններում ծառայողները չեն կարող պատգամավորի թեկնածու դառնալ, բայց քանի որ Սանամյանին հրահանգված է ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով առաջադրվել Կոտայքի մարզում, նա ստիպված է լինելու դուրս գալ համակարգից: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ Սանամյանի առաջ նաեւ պայման է դրված իր ու ՀՀԿ-ի համար ծախսել սեփական միջոցները: Ինչպես հայտնի է՝ մաքսայինի գեներալը հսկայական ֆինանսական կարողությունների տեր է:
ԹՈՂ ՈՐՈՇԵՆ
Ինչպես գիտենք՝ նախօրեին ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք սկսեց ԱԺ ընտրությունների օրվա նշանակումը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար: Ընդդիմադիր ուժերից ստորագրահավաքին միացողներ եղել են, սակայն, օրինակ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախօրեին հայտարարեց, որ նպատակահարմար չեն համարում դիմել ՍԴ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս կապակցությամբ նշեց. «Մենք բաց տեքստը հրապարակել ենք, հիմքը հրապարակել ենք, հայտարարությունն արել ենք, ով գալիս է, օրինականությանը կողմ է, ով չի գալիս, թող իր անելիքը որոշի»:
ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԻ ՓՈՂԵՐԸ
«Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ քաղաքացի Գագիկ Ասատրյանից բռնագանձեն շուրջ 8 միլիոն դրամ: Ամենայն հավանականությամբ, ԴԱՀԿ-ը նախկին պետին պատկանող ՍՊԸ-ն ապրանք է տրամադրել, որի դիմաց չեն վճարել: Նշենք, որ ԴԱՀԿ նախկին պետի ընկերությունը այսքանով չի բավարարվել եւ երկու միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Գագիկ Ասատրյանի գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դնեն, եւ գործով դատավոր Արթուր Ստեփանյանը բավարարել է մասնակի, իսկ ահա երկրոդ միջնորդությունը, որ ներկայացրել է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն, եղել է պատասխանողի որոշակի գործողությունների վրա արգելանք դնելը, որը մերժվել է: Դատական գործընթացը դեռ շարունակվում է:
ՍՄԲԱՏՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Փետրվարի 8-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգը կայանալու է Մոսկվայի երաժշտության միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում։ Համերգային ծրագրում կհնչեն Ռախմանինովի «Մեռյալների կղզի» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, ինչպես նաեւ՝ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ սյուիտը։ Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Ֆիլիպ Կոպաչեւսկին։
ՏՈՒՍԿԸ՝ ԼՂ ՄԱՍԻՆ
Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոն կայուն չէ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեկ ուշ երեկոյան Բրյուսելում կայացած հանդիպումից հետո նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ «Հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ անհապաղ քաղաքական կարգավորման անհրաժեշտություն կա»,- ասել է Տուսկը՝ ընդգծելով, որ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի վրա: Միաժամանակ Դոնալդ Տուսկը նշել է, որ Եվրամիությունը շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ միջնորդական ջանքերին եւ համանախագահների առաջարկներին։
17-ԻՑ ՀԵՏՈ ԿԱՍԻ
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը փետրվարի 17-ից հետո միայն կհայտարարի, թե ընտրությունների ժամանակ որ ուժին է միանալու կամ առհասարակ մասնակցելո՞ւ է ԱԺ ընտրություններին, թե ոչ: Այս մասին երեկ ասել է պատգամավորը՝ շեշտելով, որ մինչ այժմ իր առաջադրման հետ կապված տեղեկատվության սկզբնաղբյուրն ինքը չի եղել: Այնուամենայնիվ, Արսենյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է ՀԱԿ-ի ցուցակում հանգրվանելու մասին տեղեկությունները: Նկատենք, որ մեր երկրում գործարարները ինքնուրույն չեն իրենց քաղաքական որոշումներում, եւ դժվար է պատկերացնել, որ Գուրգեն Արսենյանն այս առումով բացառություն է լինելու:
ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ
«Ամեն մարդ իր իրավունքն ունի ընտրվելու, եւ չեմ կարծում, որ եթե մի ընտանիքից մի բժիշկ կա, մյուսը չի կարող լինել: Չեմ ուզում կապել իմ որդու առաջադրվել-չառաջադրվելն իմ անձի հետ»,- ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր որդու՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու ցանկությանը՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը: Հարցին՝ պատրա՞ստ է պայքարի մեջ մտնել Արտակ Սարգսյանի հետ, ով մշտապես խորհրդարան է մտել լծակների, փողի օգնությամբ, Բաբլոյանը պատասխանել է. «Ոչ միայն մեկ թեկնածու կլինի ՀՀԿ-ից, այլ տարբեր թեկնածուներ, եւ մեզ համար նպատակը միակն է, որ մենք կարողանանք ՀՀԿ-ի ծրագիրը հասցնենք ժողովրդին»:
ԽԵԼԱԳԱՐՎՈՒՄ ԵՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր էջում հերթական աղմկահարույց գրառումն է կատարել ՌԴ եւ Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ: «Ես չգիտեմ Պուտինին, ես գործարքներ չունեմ Ռուսաստանի հետ, իսկ բոլոր ատողները խելագարվում են, ընդ որում, եթե նախկին նախագահ Օբաման կարող է գործարքներ կնքել «համար մեկ ահաբեկիչ» Իրանի հետ, ապա խնդիր չկա»,-գրել է նա: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պատասխանել էր Թրամփին՝ նշելով, որ Իրանը երբեք չի առանձնացել ահաբեկիչների հետ կապով: